image
Հրատապ լուրեր:

«Մայրս հարիսայից բաժին էր հանում գյուղի աղքատ ընտանիքներին, որից հետո մենք կարող էինք ճաշակել հարիսան»

«Մայրս հարիսայից բաժին էր հանում գյուղի աղքատ ընտանիքներին, որից հետո մենք կարող էինք ճաշակել հարիսան»

Լիզա Բերքյան-Աբրահամյան

 


 

Հունվարի 5-ին որոշեցի հեռավոր ափերում հարիսա պատրաստել՝ ծննդավայրիս կարմրահատ ցորենով: Հարիսան հարելիս մտքով տուն սլացա, մանավանդ որ այդ օրը ավագ քրոջս՝ Լիդայի հիշատակի օրն է : 
Հարիսան հարելիս, մեր տան, մանկությանս պատկերներն անցան աչքերիս առջևով: Եվրոպայի հետ համեմատած, շատ համեստ էին իմ մանկության՝ մեր տան Սուրբ Ծննդյան տոները: Մեր ընտանիքը գյուղի՝ հազիվ ծայրը ծայրին հասցնող ընտանիքներից էր, բայց մեր տունը սիրով էր լցված... 
Հունվարի 5-ի լուսաբացին՝ մայրս չորս դույլ տարողության պղնձով ջուր էր դնում կրակին՝ քարերից ու որոմից զատված կարմրահատ և սպիտակահատ ձավարով և հավով: Առավոտյան, երբ հարիսան սկսում էր եփել, մենք սկսում էինք հսկայական փայտե շերեփով հարել այն: Այդ արարողությունը տևում էր մի քանի ժամ, մինչև հարիսան մածուծիկ զանգված էր դառնում, իսկ հավը՝ ոսկորներով հալվում: Տունը բուրում էր հարիսայի, հալած յուղի անուշ հոտով: 
Երեկոյան կողմ, մայրս մեզ տանում էր գյուղի սրբավայրերը, մոմ էինք վառում, աղոթում, ապա վերադառնում տուն:
-Քրիստոս ծնաւ եւ Յատնեցաւ. Մեզ և Ձեզ մեծ Աւետիս... 
Մայրս հարիսայից բաժին էր հանում գյուղի աղքատ ընտանիքներին, հարևաններին, բարեկամներին, հիվանդներին, որից հետո մենք կարող էինք ճաշակել հարիսան, ահա ինչու էր իմ բարեպաշտ, գթասիրտ մայրն այդքան շատ հարիսա եփում : Այսօրվա նման հիշում եմ, վազքով էինք տանում տաք և բերնեբերան լցված ամանները՝ հալած յուղը վրան, չգիտեմ՝ վազում էինք, որ արագ վերադառնանք, ճաշակենք հարիսան, թե՞վազում էինք, որպեսզի մարդիկ տաք-տաք համտեսեին...