image

Մարսելում ամուսինը սպանել է հայ կնոջը. համայնքը ցնցված է

 Մարսելում ամուսինը սպանել է հայ կնոջը. համայնքը ցնցված է

Մարսելի Աբովյան հայկական վարժարանը հայտնել է վարժարանի երկարամյա նվիրյալ, հոգաբարձու Անի Հովսեփյանի մահվան մասին: Նշվում է, որ Անի Հովսեփյանը համայնքի ճանաչված անդամներից էր: 

Մարսելի հայկական համայնքում քննարկում են նրա ողբերգական մահը:

«Արեւելքի»՝ Ֆրանսիայի աղբյուրների համաձայն, Անի Հովսեփյանին  մի քանի օր առաջ սպանել է ամուսինը, որը ինչ-ինչ հոգեկան խնդիրներ է ունեցել:  Ամուսինը նույնպես հայ է: Թե ինչ հանգամանքներում է սպանվել կինը, հայտնի չէ, սակայն նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ իրենց բնակարանում: 

 

Անի Հովսեփյանը 73 տարեկան էր, արմատներով պոլսահայ, որ 1980-ականներին Ստամբուլից փոխադրվելով Ֆրանսիա, իբրեւ ուսուցիչ մեծ ներդրում է ունեցել համայնքի կրթական կյանքում: Ստամբուլում նույնպես երկար տարիներ ուսուցչություն է արել հայկական վարժարաններում, եղել է նաեւ Գալֆայան տան տնօրենը:

Մարսելահայ համայնքում Անի Հովսեփյանը ներգրավված էր  եկեղեցական, ազգային կյանքում, թղթակցում էր հայկական մամուլին: Նրան հիշում են որպես հայերենի եւ հայ գրականության մեծ նվիրյալ, որ իր գիտելիքները փոխանցում էր Մարսելի հայ երեխաներին:

Անի Հովսեփյանը նաեւ սիրահոժար մասնակցում էր Մարսելի «Հայոց հիշողության հետազոտման եւ արխիվացման միության» աշխատանքներին: Միությունը նույնպես հայտնել է իր սիրելի անդամի ողբերգական մահվան մասին: