image

Լուռ բարեկամիս

Լուռ բարեկամիս

Ափսո՜ս, որ ուշ ծանօթացայ 

Քեզի՝ պահակ, լուռ բարեկամ, 

Դու՝ չակերտեալ «խորհրդանիշ», 

Դու՝ աշխարհի անքուն խորան...

Իմ ողջ կեանքում չանդրադարձայ 

Արժէքին քո որպէս տնտես, 

Մի՛ մեղադրիր, լուռ բարեկամ, 

Մի՛ այլայլիր, վեր կաց եւ տես, 

Էս աշխարհում՝ աչքի միջից

Միտք են սպաննում վայրկեանը մէկ, 

Սիրտ են տաշում անշարժ, քեզ պէս, 

Ու բանաւոր կեանքը մարդու՝ 

Առնում, ծախում են, եւ ինչպէ՜ս...

 

Բայց դու կոյր ես, խուլ, անլեզու, 

Աշխարհ գրկող, լուռ բարեկամ, 

Մի լոյս ասուպ մուգ երկնքում, 

Ջարդող կայծքար, աստ՝ հիմնաքար։ 

Սարքել են քեզ գործիք, դանակ, 

Սարքել են սիւն, շէնք, յենարան, 

Ապաստան ես եղել ծովու, 

Ու ապառաժ Արարատեան, 

Ագահ սրտին՝ սուղ ադամանդ, 

Այբուբենին՝ դու սուրբ մատեան, 

Եղել ես մէկ՝ սահման, մէկ՝ բակ, 

Ու թաքստոց, մարդու պաշտպան, 

Ճգնաւորին՝ վէմ ու քարայր, 

Ամէն տեղ ես եւ ամէն բան...

 

Թո՜ղ, արցունքըս չոր՝ համբուրի 

Քեզ, ի՛մ պահակ, լուռ բարեկամ, 

Հիմա որ ես տակն եմ հողին, 

Լոյսն եդեմիս քե՛զ նըւէր տամ. 

Դու՝ մի բեկոր վեհ Մասիսից, 

Կեանքիս վաստակ, իմ լո՜ւռ խաչքար, 

Իմ հինաւուրց ու նոր պահակ. 

Մի քանքարաւոր քանդակեց 

Խաչեալին խաչը քո վրայ, 

Էլ ի՜նչ ասեմ, լուռ բարեկամ, 

Ծանրութիւնը քո՝ առաւե՛լ 

Թեթեւ է այս ծանր արցունքից՝ 

Որ կը կաթկըթի իմ վրայ։

 

Կայլակ
«Ոսկէ Օրէնքը» գիրքէն

Կայլակ

Կայլակ

ԿԱՅԼԱԿ Բուն անունով Մկօ Փանոսեան: Ծնած է 1974...