image

Անթաղ Հերոսներ․ Մեր Լռության Ամոթը

Անթաղ Հերոսներ․ Մեր Լռության Ամոթը

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է՝ 

Ասում են՝ Հայաստանում կան շուրջ 80 անհետ կորած զինվորների մարմիններ, որոնք ինչ–ինչ պատճառներով չեն վերցվել ընտանիքների կողմից։ Սա պարզապես ամոթ չէ։ Սա անեծք է։ Ի՜նչ դժբախտություն է ունենալ ընտանիք ու մնալ անթաղ։ Մի ամբողջ ընտանիքի վրա է ընկնում այդ անեծքը։ Որովհետև մահացածին պատվով թաղելը ընտրություն չէ — դա ընտանիքի պարտականությունն է։

Աստվածաշնչում կա մի պատմություն Ռիզփա անունով մի մոր մասին։ Նրա որդիներին սպանել էին, և նրանց մարմինները թողել էին բաց դաշտում ։ Բայց նա չհեռացավ։ Օրերով ու գիշերներով կանգնած էր այնտեղ՝ պաշտպանելով նրանց մարմինները թռչուններից ու գազաններից։ Նրա համառությունը հասավ մինչև թագավոր Դավիթին և նա հրամայեց նրանց տալ արժանապատիվ հուղարկավորություն։

Եթե մենք չենք կարողանում պատիվ տալ մեր զոհվածներին,ապա ինչ-որ բան շատ խորքից կոտրվում է մեր մեջ։ Եկեք գոնե այս հարցում մնանք մարդ։

Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է պետական մակարդակով կազմակերպի նրանց արժանապատիվ հուղարկավորությունը։ Նրանց մեջ երեվի կան հերոսներ, որոնց անունները երբեք չեն հնչի, նրանց զոհողությունը չի պատմվի ընտանիքում և սերունդներին։