Այսօր՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվա առթիվ Ծիծեռնակաբերդում լիբանանահայ երաժիշտ Թամար Էսքենյանը Կոմիտաս է նվագել: Ավելի վաղ, news.am-ի հետ հարցազրույցի ժամանակ Թամար Էսքենյանն ասել է.
«Մեր ընտանիքն Արեւմտյան Հայաստանից է, Ցեղասպանության ժամանակ մեր ընտանիքից շատ քչերն են փրկվել, նրանք մի կերպ հասել են Սիրիա, ծնողներս ավելի ուշ այնտեղից տեղափոխվել են Լիբանան։ Ես եւ եղբայրներս ծնվել ենք, երբ Լիբանանում քաղաքացիական պատերազմ էր։ Հայկական համայնքն այստեղ մեծ դժվարությամբ, բայց կարողացել է պահպանել հայկական մշակույթը, լեզուն, կրոնը։
Ընտանիքս միշտ հայկական թաղամասում է ապրել, որտեղ կան հայկական եկեղեցիներ, դպրոցներ, հայկական ռադիո եւ նույնիսկ երաժշտական դպրոց, որտեղ ես եւ եղբայրներս երաժշտական կրթություն ենք ստացել։ Չնայած մենք մեծացել ենք պատերազմական ժամանակաշրջանում, երաժշտությունը միակ միջոցն էր ազատ զգալու, այդ պատճառով երաժշտությունը մեր տնից անպակաս էր։
Ծնողներս, երաժիշտ չլինելով, շատ նուրբ ճաշակ ունեին, մայրս էլ մանկուց մեզ համար Կոմիտաս է երգել։ Առիթից օգտվելով՝ նշեմ, որ եւ հայրս, եւ մայրս արյունակից են եղել Կոմիտաս վարդապետին»: