image

Կութ գիւղը հայաթափման վտանգին առջեւ

Կութ գիւղը հայաթափման վտանգին առջեւ

Կութի բնակիչները կը վախնան իրենց հետ սարքեր բարձրացնել խոտածածկ արօտավայրերը եւ ստիպուած ձեռքով կը քաղեն խոտը: Այս մասին NEWS.am-ի հետ զրոյցի ժամանակ ըսած է Կութի գիւղապետ Սիմա Չիտչեանը` պատմելով, թէ ինչքան դժուարացած են գիւղատնտեսական աշխատանքներու իրականացումը գիւղին մէջ` ատրպէյճանցի զինծառայողներու գիւղի մօտ դիրքաւորուելէն ետք:

«Գիւղացիները գնում են վախվխելով խոտ են քաղում, չգիտենք` ինչ կը լինի: Խոտը գերանդիով են քաղում, վախենում են տեխնիկա տանեն, որ թշնամին չտեսնի: Ատրպէյճանցիները էնտեղ դիրքեր են կառուցել, վրանները դրել են, լրիւ տեղաւորուել են: Դեռ խոտը քաղում են միայն, չեն բերել ու չգիտենք էլ ինչ պէտք է լինի, ոնց պէտք է բերենք էդ խոտը»,-ըսած է ան:

Տիկին Չիտչեանը ըսած է, որ արդէն այլեւս անասունները արածեցնելու տեղ չկայ, քանի որ եղած արօտավայրերը թշնամիի դիրքաւորուած վայրերու մօտ է, իսկ գիւղի մօտ այնքան արածեր են, որ արդէն ալ խոտ չկայ:

Համայնքապետի խօսքով` կութեցիներու յոյսը ռուս խաղաղապահներն էին, որոնք ալ չեկան, որպէսզի իրենց աւելի ապահով զգային:

«Սենց ապրել հնարաւոր չի, որտեղ նայում ենք, իրանց պոստերն (դիրքերն) են: Նամանաւանդ, որ էս անասուններն էլ գողացան, տարան, բնակիչները ընդհանրապէս հիասթափուած են: Հլը սպասում են, տեսնեն Կառավարութիւնը ինչ է ասելու, փոխհատուցում կը լինի, թէ` չէ: 19 կով մի ընտանիքի է պատկանում, 18 կով մի ընտանիքի, էտի հանաք չի, դա ամբողջ կեանքի ապրուստ է, Կառավարութիւնից էլ ոչ մի օգնութիւն չկայ: Ընդհանուր առմամբ 5 ընտանիքից 80 կով են տարել: Ընտրութիւններից առաջ ասացին, որ եթէ չկարողանան անասուններին վերադարձնել, փոխհատուցում կը տան, ու ոչ մի ձայն դեռ չկայ»,- ըսած է ան:

Տիկին Չիտչեանը վստահ է, որ գիւղի շուրջ ստեղծուած իրավիճակը եթէ հանգուցալուծում չստանայ, բնակիչները կը լքեն գիւղը, քանի որ հիմնական անասնապահութեամբ կը զբաղին, իսկ հիմա չեն կրնար զբաղիլ ընդհանրապէս:

«Եթէ այստեղ ապրող բնակչին այսպէս անտեսում են, պարզ չի, որ բնակիչ չի մնալու: Գիւղում դպրոցը, տները նշանառութեան տակ են, ամէն առաւօտ հելնում ենք, իրանց ենք տեսնում, մինչեւ ուշ գիշեր իրանց լոյսերը տեսնում ենք, ու այդպէս վախվխելով ապրում ենք, Աստծուն գցած ապրում ենք, ում ինչ հոգն է, էնքան որ սահմանը այստեղ պահենք: Էդ 5 ընտանիքը եթէ դուրս գան գիւղից, մնացածն էլ կը գնան: Եթէ այսպէս շարունակուի, գիւղը հաստատ, 100 տոկոսով կը դատարկուի»,-ըսած է ան:

Յիշեցնենք, որ 12 Մայիսէն թշնամին խախտելով հայ-ատրպէյճանական սահմանը՝ Սիւնիքի եւ Գեղարքունիքի հատուածներուն մէջ քանի մը քիլոմեթր առաջ եկած է՝ պատճառաբանելով, թէ իր տարածքներն է, հետեւաբար՝ պիտի չհեռանայ։ Գեղարքունիքի մարզին մէջ թշնամին առաջ եկած է Կութ, Ազատ, Նորաբակ եւ Վերին Շորժա գիւղերու ուղղութեամբ։