image
Հրատապ լուրեր:

Իսրայելը պաշտոնապես թույլ է տվել՝ կիբեռզենք կիրառել Հայաստանում. Փորձագետ

Իսրայելը պաշտոնապես թույլ է տվել՝  կիբեռզենք կիրառել Հայաստանում. Փորձագետ

Այսօր Մեդիա կենտրոնում կայացած ասուլիսի ընթաքցքում, Pegasus լրտեսական ծրագրի մասին խոսելիս, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասել է. 

«Այս պահին մենք չգիտենք, թե ծրագիրը ոնց է գործում: Նախկինում լրտեսական ծրագրով կարող էինք վարակվել, օրինակ՝ ինչ-որ գիֆ-պատկեր անծանոթ հեռախոսահամարից ստանալուց հետո կամ զանգ ստանալուց, ու կապ չունի՝ մենք այդ զանգին պատասխանել ենք, թե՝ ոչ, բայց ծրագիրը գնալով կատարելագործվում է։ Մեր գտածները դրանով սահմանափակվում են։ Apple-ը փակել է հնարավոր խոցելիությունները Pegasus-ով վարակվելու, բայց դա մրցավազք է, մտածում ենք, որ Pegasus-ի ստեղծողները նոր բան են ստեղծել, հիմա պետք է սպասենք, որ նոր վիրուս բռնվի, նոր հասկանանք»:  

Pegasus-ը լրտեսական ծրագիր է, որը ներդրվում է հեռախոսի մեջ ու վարակում այն։ Ըստ Մարտիրոսյանի՝ այժմ Pegasus-ով վարակվելու մարդկային գործոնը զրոյական է։ Այսինքն՝ պարտադիր չէ, ինչ-որ հղումների սեղմել կամ ինչ-որ կասկածելի կայքեր մտնել վարակվելու համար։ Ամենավտանգավորն էլ այն է, որ լրտեսական ծրագրով վարակված լինելիս, օգտատերերը չեն զգում, որ վարակված են։  

Ըստ փորձագետի՝ գոյություն ունի օրինական շուկա, որտեղ վաճառվում են բազմաթիվ վիրուսային ծրագրեր, Pegasus-ն այդ ծրագրերից մեկն է։ Լրտեսական ծրագրերը վաճառում են պետական կառույցներին, դա շատ մեծ շուկա է։

Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Pegasus լրտեսական ծրագրի կիրառումը առաջին փաստագրված դեպքն է, երբ հակամարտությունների ժամանակ նման կիբեռզենք է կիրառվում։

«Սա արտառոց դեպք է, որ Իսրայելի կառավարությունը թույլ է տվել Pegasus կիրառել ռազմական գործողությունների ժամանակ, սա նշանակում է, որ շատ սերտ, գրեթե ինտիմ քաղաքական հարաբերություններ պետք է լինեին, որ այդպիսի թույլտվություն լիներ, քանի որ եղել են դեպքեր, երբ Բելառուսի հետ խնդիր չունենալու համար մերժել են հարևան Էստոնիային վաճառքը»,- նշեց նա։ 

Տեղեկատվական անվտանգության փորձագետը նշեց նաև, որ հրապարակված 12 վարակման դեպքերից բացի, եղել են մարդկանց անուններ, որոնք չեն հրապարակվել, բայց վերջիններիս հեռախոսները ևս ստուգվել են։ Ընդհանուր առմամբ եղել է Pegasus-ով վարակման ավելի քան 50 դեպք։ Նրա խոսքով՝ այս թիվը վերջնական չէ, և սա միայն ներառում է, այն մարդկաց տվյալները, որոնք Apple ընկերությունից ծանուցում են ստացել, հեռախոսում լրտեսական ծրագիր լինելու վերաբերյալ։