Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ այսօր ժամը 19:00-ի դրությամբ Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 14-ի:
Բոլորը հոսպիտալացված են: Պացիենտների առողջական վիճակը գնահատում է միջին ծանրության:
Նախարարությունը կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին հորդորում է դիմել հաշվառման պոլիկլինիկա եւ պատվաստել երեխաներին:
Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաեւ կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:
Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 եւ 4-6 տարեկան երեխաների համար:
Կարմրուկը սուր վիրուսային, խիստ վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ եւ ցանային երեւույթներով: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։
Կարմրուկն իր բարձր վարակելիությամբ տարբերվում է մյուս կառավարելի վարակներից: Մեկ հիվանդը վարակում է մինչև 18 կոնտակտավորի: Կարմրուկի բարդությունները զարգանում են հիվանդության հիմնական ախտանիշներին զուգընթաց (ինտոքսիկացիա, կատառալ երեւույթներ, ցան), հիվանդության ծաղկման շրջանում հասնում են բուռն արտահայտվածության եւ հետզհետե թուլանում։
Երեխաների մոտ կարմրուկի ամենահաճախ հանդիպող բարդությունները համարվում են թոքաբորբերը: Նյարդաբանական բարդությունները բնորոշ են ավելի բարձր տարիքային խմբերին, ընթանում են շատ ծանր եւ տալիս բարձր մահացություն (մինչև 25%)։ Մնացորդային երեւույթները դրսևորվում են պարեզներով, հիշողության եւ ինտելեկտի խանգարումներով, էպիլեպտանման նոպաներով։
Կարմրուկի ավելի ծանր բարդություններից են էնցեֆալիտները՝ գլխուղեղի բորբոքումները, հեպատիտները, ենթաստամոքսային գեղձի բորբոքումները, արյունազեղումները, տրոմբոցիտոպենիկ ծիրանացանը, սրտամկանի բորբոքումները, եղջերաթաղանթի բորբոքումները: