image

Գուսան Հայկազունը բուժվել է. նա պատրաստվում է համերգի

Գուսան Հայկազունը բուժվել է. նա պատրաստվում է համերգի

«Հայե՛ր, միացե՛ք», «Գետաշեն», «Հպա՛րտ գնացե՛ք» երգերի հեղինակ, «Հայկազունք» երաժշտական համույթի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից, «Երկրապահ» կամավորների միության անդամ Գուսան Հայկազունը «Անկախ»-ին  ասել է, որ հաղթահարել է  մեկ տարի առաջ ի հայտ եկած առողջական լուրջ ճգնաժամը եւ պատրաստ է բեմ դուրս գալ:

 

«Իմ բուժման համար մեծ գումարներ ծախսվեցին, և այդ հարցում ինձ օգնեցին իմ ընկերները, իմ ազգը՝ ծանոթ-անծանոթ: Ես իմ ազգի ցավը տանեմ, որ կանգնեց իմ թիկունքին: Իսկ Հայաստանի ոչ մի փողատեր մի դրամով անգամ չօգնեց,- կայքին  ասել  է Գուսան Հայկազունը՝ նշելով, որ ինքը չի էլ դիմել մեծահարուստներին, քանի որ տարիներ շարունակ գործնական հարցերով դիմել է նրանց և հասկացել, որ դա անիմաստ է,- Հոբելյանական համերգներ են եղել, երգարանի հրատարակություն է եղել, դիսկերի թողարկման հարց է եղել և, վերջապես, ամեն մի երգը գրելուց հետո այն ներկայացնելու, տարածելու խնդիր է եղել: Մի խոսքով՝ շատ հարցերով եմ դիմել ու միշտ մերժվել եմ»:

 

Նոյեմբերի 23-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի է ունենալու համերգ, որի ժամանակ հնչելու են Գուսան Հայկազունի երգերը՝ լավագույն կատարողների մասնակցությամբ: Համերգի խորագիրն է` «Հայե՛ր, միացե՛ք, մենք պահանջատեր ենք»:

 

 Չնայած մեծ ծախսերին՝ Գուսանի համար այդ համերգը մեծ նշանակություն ունի, քանի որ հիվանդությունից հետո խորհրդանշելու է իր վերադարձը բեմ: Ստեղծագործական այլ ծրագրեր էլ կան, որոնք հիվանդության պատճառով կիսատ են մնացել ու հիմա պետք է իրականացվեն,- գրում է կայքը: