Պերճ Թուրաբյան, երգահան
Ահա եկավ իմ հերթը, որ մեծարեմ 100- ամյա Ազնավուրին՝ պատմելով ու խոսելով այն մասին, թե ո՛վ կամ ինչ է նա ինձ համար, ի՛նչ է տվել ինձ, ես ի՛նչ եմ արել, անում և անելու փոխադարձաբար։
Մարդիկ այսօր ամենուր անընդհատ բացահայտում են Ազնավուրին՝ նոր կամ նորից են մոտենում նրան, նոր կամ նորից են գտնում նրան, նոր կամ նորից են մտնում նրա աշխարհը։
Ես այնտեղ հայտնվել եմ շատ վաղուց, որպես մեկը այն սերնդի մարդկանցից, որոնց բախտ է վիճակվել երկար ժամանակ լինել նրա ժամանակակիցը։ Նաև մեկը, որն իր օրերը երգի հետ է ապրում։ Այն երգի, որը խոսում է, պատմում է, ունի ասելիք ու տեսակ, հնչյուններ ու մեղեդի։ Բայց ես դեռ շարունակում եմ նրան բացահայտել՝ իր երգը հայերեն թարգմանելիս:
Ազնավուրին թարգմանելու փորձեր արել եմ դեռ վաղուց՝ ուսանողական տարիներից, այլ ֆրանսիացի երգիչների հետ մեկտեղ։ Դրանք թարգմանում եմ իբրև երգ՝ երգովի, երգվելիք, երգվելու համար։ Երբեք մտքովս չի անցնում Ազնավուրին այլ կերպ թարգմանել՝ այսինքն՝ աներգելի։ Չկա Ազնավուրի երգի մի տեքստ, որը ես կարողանամ կարդալ առանց երգելու։ Ուղղակի կմոլորվեմ։
Գործս անում եմ խնամքով, պատասխանատվությամբ, երկյուղածությամբ, սիրով։ Թարգմանել եմ ավելի քան հիսուն երգ, որոնք ընդգրկված են 3 CD-գրքույկներում՝ Ազնավուր 85 (2009 թ․), Ազնավուր 95 (2019 թ․), Ազնավուր 100 (որը, հուսով եմ, պատրաստ կլինի 2024-ի տարեվերջին․սպասում եմ հեղինակային իրավունքներին)։
Դրանք իմ կողմից յուրովի տարեդարձի նվերներ են Ազնավուրին՝ իր 85, 95 և100-ամյակների առիթով։ Բայց ես դրանք առաջին հերթին նվիրել եմ հայ ունկնդրին։ Սա համարում եմ իմ ծառայությունը ազգին, որ անում եմ արդեն ավելի քան երկու տասնամյակ՝ ճանաչելի դարձնելով Ազնավուրի երգը, որով հիանում ենք, բայց այդ հիացմունքը չի կարող լիարժեք լինել, եթե չհասկանաս, թե ինչի մասին է նա պատմում:
Իմ արած գործը տարբեր երանգավորումներով է գնահատվել, գնահատվում: Ամենահուզիչն ինձ համար այն պահերն են եղել, երբ Հայաստանում դրսում՝ փողոցում, ինչ-որ մի տեղ, անծանոթ մարդիկ մոտեցել են ինձ, հայտնել իրենց երախտագիտությունը, ասել, որ իմ շնորհիվ բացահայտել են Ազնավուրին, ասել, որ դրանք հայերեն շատ գեղեցիկ են հնչում։
Բայց ինձ, հատկապես, բախտավոր եմ համարում, որ առաջին իմ սկավառակի երգերից մի քանիսը հայերեն իմ թարգմանությամբ հնչեցին Ազնավուրի ներկայությամբ՝ 2017 թ․-ին, Երևանում կազմակերպված «Քեզ համար Ազնավուր» մեծ համերգին, որին ես նույնպես հրավիրված էի մասնակցելու՝ Ազնավուրի առաջարկով: Համերգից հետո նա դրվատանքով խոսեց իմ արած գործի մասին: Սա ինձ համար ամենաթանկ գնահատականն է։
Ասեմ անկեղծորեն, որ որոշ երգերի իմաստը ես ինքս միայն թարգմանելիս եմ խորությամբ բացահայտել, ես, որ ֆրանսերենին բավականին լավ եմ տիրապետում։
Իբրև երգ թարգմանելը իր հմայքն ունի, բայց և տքնանք է, քանի որ միայն ֆրանսերենի, հայերենի և տաղաչափության իմացությամբ չես կարող դա անել։ Անթիվ են գաղտնիքները, որոնք ինձ համար էլ են շատ հաճախ գաղտնիք մնում, թե ինչպես է գտնվում այս կամ այն երգի հայերեն տարբերակի բանալին: Բայց մի բան հաստատ կարող եմ ասել՝ այս տեսակ երգը իբրև երգ թարգմանելու համար պետք է երգի հետ կապ ունենաս՝ երգիչ-երգահան լինես։
Մտածում եմ պարբերաբար ձեզ ներկայացնելազնավուրյան շարք, որտեղ ավելի մանրամասն կխոսեմ-կպատմեմ այս բաների մասին՝ թարգմանությունից մինչև հուշեր, հարցեր, պատասխաններ։ Մի յուրատեսակ «ինքնահարցազրույց»-ի ձևով։
Իմ թարգմանած երգերի միայն մի մասն է դեռ քիչ թե շատ հայտնի, և իմ աշխատանքն էլ է ոչ շատ տեսանելի՝ լայն առումով։ Ցավոք, դրանցից մի հինգ-վեցն են շրջանառության մեջ տեսահոլովակի ձևով, որոնք կատարում են նաև այլ երգիչ-երգչուհիներ, և հաճախ ինձ չեն էլ վերագրվում:
Վերջերս ծանոթացա կշիռ ունեցող երկու արվեստագետի հետ, որոնց ինձ ներկայացնող անձը ակնարկեց իմ Ազնավուր թարգմանելու մասին: Ու նրանք իրենց հերթին մեծ գնահատանքով պատմեցին մեկի մասին, որը «Լա Բոհեմն» է երգում հայերեն... արդեն ձեզ համար պարզ է, թե ինչի մասին եմ խոսում... Դրանում իմ մեղքի բաժինը կա։ Այսօր CD գրեթե ոչ ոք չի լսում, չկա այլևս այն նվագարկիչը, որով երաժշտություն էինք լսում մի ժամանակ, ու դա մեր կյանքի մասն էր կազմում: Հաճախ, երբ նվիրել եմ իմ երգապնակները, լսել եմ՝ բայց ես նվագարկիչ չունեմ: Ու ես արդարացել եմ՝ ասելով, որ դրանք նաև գրքույկներ են, որտեղ կան նաև երգերի խոսքերը՝ ֆրանսերեն ու հայերեն: Ճիշտ է, ես դրանք բազմիցս երգել ու երգում եմ բեմերից, բայց հիմնականում մտերմիկ միջավայրում։ Մինչդեռ այնքա՜ն հետաքրքիր երգեր կան՝ հայտնի և ոչ շատ հայտնի։ Նոր տեսահոլովակներ նկարելու համար պիտի այն հին օրերի եռանդը ունենաս, որը պակասել է։ Կոմերցիոն «վիդեո-կլիպ»-ներից էլ շատ հեռու եմ։ Դա ուրիշ տեղ է տանում։
Ինչևիցե, արդեն երկար ժամանակ է մտածում էի երգերս՝ հեղինակային ու թարգմանական, կանոնավոր ձևով ներբեռնել իմ Youtube-ի էջում, որ հասանելի լինեն շատերին։ Ազնավուրի 100-ամյակից օգտվելով՝ կսկսեմ հենց նրա երգերից՝ ո՛չ տեսահոլովակի ձևով․ միայն երգերը իրենց ենթագրերով:
Բայց մինչ այդ, այնուամենայնիվ, ձեզ ներկայացնեմ մի երգի տեսահոլովակ, «Ազնավուր-95» ալբոմից՝ «Ահա գալիս ես տուն», որը նկարեցինք վերջերս, գրեթե հանպատրաստից։ Մեր ընկերուհի Մարիամը մի քանի օրով գալու էր մեզ մոտ։ Մենք էլ այդ օրերին ինչ-որ առիթով այդ երգը նորից լսել էինք։ Ասացինք՝ չբռնե՞նք Մարիամի գալը նկարենք։ Կիրակի էր։ Խաչիկը բերեց իր գործիքները, եկավ Վարդանը՝ մեր ռեժիսոր ընկերը, Րինան ոգևորեց, կազմակերպեց, ապահովեց անհրաժեշտ պայմանները, գտավ-բերեց ռեկվիզիտը՝ ռետրո ոճի մեջ։ Դիմացի հարևանները բերեցին իրենց շնիկին։ Շատ ուրախ բոհեմական օր ստացվեց՝ իսկը ազնավուրյան։