Եթէ արձանը սատանայական բան պարունակէր իր մէջ, ապա մենք վաղուց մեր ձայնը բարձրացուցած կ'ըլլայինք այդ հարցի շուրջ։ Այս մասին 30 Օգոստոսին, NEWS.am-ի հետ զրոյցի ժամանակ նշած է Շիրակի թեմի առաջնորդ Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանը՝ անդրադառնալով դիմատետրեան օգտատէր Քրիսթինէ Հալաճեանի այն կարծիքին, որ արձանն իր մէջ սատանիստական բնոյթ կը կրէ։
«Ես այդ արձանի բացմանը եղել եմ 1975 թուականին՝ 12 տարեկանում, դեռահաս եմ եղել, 12 տարեկանից ես այդ արձանը գնում գալիս եմ եւ բացասական էներգետիկա չեմ ստանում։ Եթէ սատանիստական բան լինէր, մենք մեր ձայնը բարձրացրած կը լինէինք, եթէ ոչ սովետական տարիներին,ապա սովետական տարիներից յետոյ։ Ես չեմ էլ ուզում մեկնաբանել այդ կնոջ ասածները, վառ երեւակայութիւն ունեցող կին է»,-ըսած է ան։