image

...Եվ անունն է այդ հրաշքի՝ Յարութիւն, կամ որ նույն է՝ Կարմիր Զատիկ

...Եվ անունն է այդ հրաշքի՝ Յարութիւն, կամ որ նույն է՝ Կարմիր Զատիկ

Ռուդիկ Հարոյան

Զատիկն ասել ա`
Հենց գամ` արմանաս,
Հենց գնամ` զարմանաս:


Գալիս է Զատիկն ու գնում և մեծ ու մանուկ, արար աշխարհ Զատկի բերած հրաշքից արման-զարմանք են կտրում: Երեկ սառցե շապիկ էր գետակը հագել, սուս ու փուս նստել, իսկ այսօր ահա քչքչոցն է գլուխը գցել, մեջքը հաստացրել ու ճամփա ընկել:Երեկ ծառն էր տիպ-տկլոր ցցվել՝ մերկ ձեռքերը երկինք պարզած, այսօր տեսնում ես՝ բողբոջ է բռնել, տերև է հագել, ծիլ, ծաղիկ առել, ծառամեջ մտել:
Առաջ արևքույրիկը ծույլ էր, ալարկոտ, շտապում էր՝ մոր գրկում ննջի, իսկ այսօր ահա հազար ասեղով զուգված, զարդարված շորոր է գալիս հանդէսի ելած:
Դեռ երեկ ամպից ձյան փաթիլն էր լռիկ-մնջիկ, խաղ ու պարով ներքև սահում, հենց իմանաս նորահարսն է սկեսրոջ առաջ պտույտ տալիս, դե՜ իսկ հիմա հենց նույն ամպը, գոռգոռալով, կայծակները ցրիվ տալով, վերից վար աղմկելով, անձրևում է ու կարկտում: Ու դեռ քիչ է, հենց որ հալվում ու մաշվում է կամ իր ձայնից վախեցած, կայծակներից ծվեն-ծվեն պատառոտված՝ անհետանում, տապ է անում, նրա տեղակ ծիածանը՝ կանաչ-կարմիր աղեղնակն է երկնքով մեկ կամար կապում: Թե կարող ես, վազի՛ր, հասի՛ր ու թե հասնես՝ տակովն անցի՛ր, հաստատ հրաշք կկատարվի:
Դու լա՛վ նայիր շուրջդ բոլոր ու կտեսնես, որ ոչ երեկ, այլ հենց այսօր հազար տեսակ, հազար կանչով, թևխաղերով, թռչուններն են քո շուրջբոլոր: Ու ինչքան էլ վերև նայես՝ հավթռուկի պարին կարոտ, դու կլսես գետնի խորքից տնքոցը հողի, որ պահանջն է երկունքի ու ափերդ քոր կգան ծոր քրտինքդ գետնին տալու, մաճ բռնելու պահանջից:
Դա դեռ ի՞նչ է, դա դեռ ոչինչ: Ասա՛, լսո՞ւմ ես նորածին մանկանց ծիծաղը զվարթ, որ ծնվել են գարնան թևով ու ձենձենել ամենքին: Թե լսում ես ու հաստատում, ուրեմն կա՛, կա՛ հրաշքը, որ քեզնով է նաև հրաշք, ու անունն է Յարութիւն:

Զատի՜կ, Յարութի՜ւն

Եթե ասեք ինձ՝ նկարիր դու Զատիկ, կամ որ նույն է՝ Յարութիւն, ապա գիտեմ, կվերցնեմ երկու գույնի՝ կանաչ, կարմիր մատիտներ, ու ճեփ-ճերմակ, ձյունանման թղթի վրա ես վերևում՝ ձմռան ճակտին, կարմիր գույնով մի մեծ արփի կնկարեմ՝ ճոխ վարսերը բոլոր ձգած, իսկ ներքևում՝ կանաչ գունով, կանաչ-կանաչ ծիլեր առատ: Ապա կարմիր մատիտն առած՝ կանաչ, փափուկ ծիլերի մեջ մի մեծ ձու էլ կնկարեմ կարմիր գոյնով, կարմրով պատած:
- Միայն այդքա՞ն,- կը հարցնեք դուք զարմացած: -Հապա ո՞ւր են քո նկարում նոր-նոր ելած ծիլ-ծաղիկները զանազան, պերճ ծառերը՝ բողբոջ հագած, մանուկները՝ գեղածիծաղ, թռչունները՝ թևատարած, թուխ ամպերը՝ կայծակներով, ծիածանը՝ վառ գույներով, մարդը՝ արդար իր գործերով:
- Նայե՛ք, նայե՛ք,- կասեմ ես ձեզ,- մի լա՛վ նայեք դուք նկարին ու կհամոզվեք, որ մեծ խորհուրդ, խորին խորհուրդ կա դրանում: Նկարվածը պահն է այստեղ արարման. կյանքի նշան արյան գույնով գունազարդված այս ձուն ահա, որ դեռ երեկ սառն էր այնքան ու անկենդան, արևի տաք շնչով արբած, նոր ծիլ տված պտղավորման, բեղմնավորման կանաչ ուժով կենդանացել, շունչ է առել և ուր որ է ճաք է տալու: Ու հենց ճաքեց, ձեր ապշահար աչքի առաջ մի նոր կյանք է աշխարհ գալու՝ հազար տեսակ իր ձևերով, հազար տեսակ իր գույներով, հազար տեսակ իր ձայներով, հազար տեսակ իր խաղերով:
Նորն է ծնունդ առնում էսպես ու շարունակ պտույտ տալիս կյանքի անիվն անմեկնելի:
Դա է հրաշքն զարմանալի, ուրիշ էլ ի՞նչ: Եվ անունն է այդ հրաշքի՝ Յարութիւն, կամ որ նույն է՝ Կարմիր Զատիկ:

 

 Ռուդիկ Հարոյանի «Զատիկ» գրքից

 

Նկարում՝  Արծրունյանի «Զատիկ» կտավը, 1999 ։


Կտավը նվիրված է քրիստոնեական Զատկի տոնին և պատկերում է ժողովրդի հավատը և հոգու լույսը: