image

Եթէ ժամանակին պահանջէին. Տէր Պետրոսեան խորհուրդ կու տայ մտաւորականներուն

Եթէ ժամանակին  պահանջէին. Տէր  Պետրոսեան խորհուրդ կու տայ  մտաւորականներուն

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանն անդրադարձած է այսօր 80 մտաւորականներու` միջազգային հանրութեան ու ՀՀ իշխանութիւններուն ուղղած ուղերձին:

Լեւոն Տէր Պետրոսեանի անդրադարձը կը ներկայացնենք ստորեւ․

«Այսօր, Մարտի 2-ին, մամուլում հրապարակուել է Հայաստանի ութսուն մտաւորականների (ակադեմիկոսներ, ԳԱԱ թղթակից անդամներ, գիտութիւնների դոկտորներ, թեկնածուներ եւ այլն) դիմումը` ուղղուած միջազգային հանրութեանը, Մինսքի խմբի համանախագահներին, ինչպէս նաեւ ՀՀ գործադիր եւ օրէնսդիր իշխանութիւններին, կոչ անելով «անյապաղ» քայլեր ձեռնարկել ղարաբաղեան հակամարտութեան լուծման գործընթացը վերսկսելու եւ Արցախի Հանրապետութեան բռնազաւթուած տարածքները դէօկուպացնելու, հայրենազրկուած քաղաքացիներին իրենց բնակավայրերը վերադարձնելու համար:

Ներողութիւն խնդրելով անհամեստութեանս համար, մեծարգոյ մտաւորականներին կը յորդորէի ընթերցել Աւետիք Իսահակեանի յուշերի հետեւեալ հատուածը.

«Շատ տարիներ Կովկասից բացակայելուց յետոյ, երբ վերստին դարձայ հայրենիք, իմ հին բարեկամ Լէոյին տեսայ Երեւանում: Վաղաժամ ծերացած գտայ նրան եւ առողջութիւնը խաթարուած, սակայն հոգեպէս Ղարաբաղի լեռների նոյն կաղնին էր: Մինչեւ ուշ գիշեր, նստած գրասեղանի առաջ, զրոյց էինք անում: Նրա զարհուրելի յիշողութիւնը, որ բնաւ թառամած չէր, ողողում էր կարծես ինձ: Պատմում էր մանկութիւնից, Շուշուց, Ղարաբաղի հնից ու նորից, մելիքների, կաթողիկոսների, խաների կեանքից, պատերազմներից, գրողներից, հեղինակներից, գրքերից ու գրքերից, եւ հազար դէպքեր, դէմքեր, անցքեր, անձեր, անեկդոտներ:… Մեծ պատերազմում հայ ժողովրդի կրած սարսափն ու աղէտը դառնութեամբ լցրել էին նրա հոգին: Այդ անհնարին վշտի ծանրութիւնից փշրուել էր նա: «Հայութեան վիշտը ես միայն գերեզմանի մէջ կը մոռանամ: Բայց ո՞վ է մեղաւորը,-ասում էր նա ինձ,- մենք ենք մեղաւորը, մենք` մտաւորականներս, գործիչներս, դու, ես եւ բոլոր նրանք»: Մեր ժողովուրդը մեղաւոր չէ: Այլ մենք, որ այնպէս յիմար եղանք, տգէտ, որ հաւատացինք շահամոլ, դրամատիրական-բուրժուական Եւրոպային, որի համար գաղութների ոչխարների կեանքը աւելի արժէք ունի, քան հայերը, քան փոքր ճնշուած ազգերը: Մենք, որ երեխաների պէս հաւատացինք լուսաւոր մարդկութեան խղճմտանքին, մարդկայնութեանը, վաճառուող միջազգային մամուլին, բորենի, շնական դիպլոմատներին… Մենք, պոռոտախօսներս, մեծ խօսողներս, մենք, որ ստեղծեցինք եւ սնուցինք կ'ուսակցութիւննէր, որոնց մէջ մարմնացաւ հայ մտաւորականների պոռոտախօսութիւնը, պարծենկոտութիւնը եւ եղեռնական տգիտութիւնըէ (Աւետիք Իսահակեան, «իմ Յուշերից» 1933թ.):

Իմ խորին համոզմամբ, եթէ խնդրոյ առարկայ ուղերձը ստորագրած մտաւորականները, հետեւելով Լէոյի իմաստութեանը, ժամանակին քաջութիւն ունենային Հայաստանի իշխանութիւններին հրապարակայնօրէն դիմել Ղարաբաղի հարցը փոխզիջումների հիման վրայ լուծելու պահանջով, մեր ժողովուրդն այսօր, հաստատաբար, այսպիսի ողբալի վիճակում յայտնուած չէր լինի»: