Հայտնի է, որ Հայ Առաքելական Սբ. Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սբ. Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին, մինչդեռ միայն Երուսաղեմում Հայ Առաքելական Եկեղեցին Սուրբ Ծնունդը եւ Քրիստոսի Մկրտությունը տոնում է հունվարի 19-ին։
Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին: Ուղղափառ եկեղեցիները նշում են այդ տոնը հունվարի 7-ին, որը, ըստ ուղղափառ եկեղեցիների կողմից օգտագործվող Հուլյան օրացույցի, համընկնում է դեկտեմբերի 25֊ին։ Մինչեւ 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Սբ. Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել: Բանն այն է, որ դեկտմեբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արեւի պաշտամունքին նվիրված տոնը: Կաթոլիկ եկեղեցին շատ մեծ շուքով է տոնում Սուրբ Ծնունդը:
Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում եւ գրեթե ողջ արեւելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտմեբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածահայտնության, Մկրտության օր:
Հնագույն ավանդության եւ ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական Սբ. Եկեղեցին` հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան եւ Աստվածահայտնության տոները: Հատկանշական է, որ Հիսուս Քրիստոսի Սբ. Ծննդյան տոնն սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից: Սուրբ Ծննդյան օրը միմյանց ողջունում են «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, մեզ եւ ձեզ մեծ ավետիս» խոսքերով:
Սուրբ Ծնունդն սկսում ենք տոնել հունվարի 5-ի երեկոյան եւ հունվարի 6-ին:
Իսկ ինչ վերաբերվում է Երուսաղեմի Հայ Առաքելական Եկեղեցուն, որ Սուրբ Ծնունդը տոնում է հունվարի 19-ին, դա նոյն հունվարի 6-ն է, սակայն հին տոմարով, Հուլիան տոմարով։ Երուսաղեմում, բոլոր տոնակատարությունները կատարվում են հին՝ Հուլիան տոմարով եւ ոչ թե նոր՝ Գրիգորյան տոմարով: