Հայաստանի արտաքին գործոց նախարարութիւնը հանդէս եկած է յայտարարութեամբ՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ատրպէյճանի լայնածաւալ յարձակումներուն:
«Խստագոյնս դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան եւ զանգուածային ոճրագործութիւնը, որը ճիշդ երեք տարի առաջ՝ 2020թ. սեպտեմբերին ԼՂ դէմ Ադրբեջանի կողմից սանձազերծուած լայնամասշտաբ ուժի կիրառման շարունակութիւնն է։
Հայկական կողմը բազմիցս ահազանգել է, որ ԼՂ դէմ Ադրբեջանի շարունակական ագրեսիւ գործողութիւնները, ռազմատենչ անթաքոյց հռետորաբանութիւնը, ԼՂ բնակչութեանը «ահաբեկիչներ» որակելու բացարձակապէս կեղծ եւ դատապարտելի քարոզչութիւնը հետապնդում է մի նպատակ՝ ուժի կիրառման միջոցով ԼՂ-ի բնակչութեանն էթնիկ զտումների ենթարկել, զրկել իր հայրենիքում ազատ եւ արժանապատիւ ապրելու ու արարելու իրաւունքից։ Նոյն նպատակն են հետապնդել 2020թ դեկտեմբերից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը եւ ԼՂ լիակատար շրջափակումը։
Յարձակմանը նախորդել է այդ թուում Ադրբեջանի ԱԳՆ կողմից կեղծ տեղեկատւութեան տարածում ականապատման եւ դիւերսիոն գործողութիւնների մասին, ինչը վկայում է յարձակման պլանաւորման եւ տեղեկատուական դաշտի ապահովման մասին։ Կրկին յայտարարում ենք, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայուած չեն Հայաստանի Հանրապետութեան զինուած ուժեր եւ ռազմական տեխնիկա, ականապատման եւ դիւերսիոն գործողութիւնների մասին բոլոր լուրերը կեղծ են եւ շինծու։
Կոչ միջազգային գործընկերներին, միջազգային խաղաղութեան եւ անվտանգութեան պահպանման համար առաջնային պարտաւորութիւն ունեցող ՄԱԿ Անվտանգութեան խորհրդի անդամներին, այդ թուում՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան հիման վրայ ԼՂ-ում տեղակայուած ՌԴ խաղաղապահ զօրակազմին՝ ձեռնարկել յստակ եւ աներկբայ քայլեր Ադրբեջանի ագրեսիային վերջ դնելու նպատակով»,-ըսուած է ԱԳՆ հաղորդագրութեան մէջ: