image

Այս տարի «Էրեբունի-Երևան» չի անցկացվելու

Այս տարի «Էրեբունի-Երևան» չի անցկացվելու
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ, հոկտեմբերին նախատեսված «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունները չեն անցկացվի։ Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
 
Երեւան քաղաքի 2021թ. բյուջեով «Էրեբունի-Երեւան»-ի համար նախատեսված ֆինանսական միջոցները կուղղվեն «100 տուն Արցախում» ծրագրի աջակցմանը, ինչպես նաեւ՝ Երեւանի մշակութային հաստատությունների զարգացման ծրագրերին։
 
Մասնավորապես, միջոցներ կհատկացվեն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի եւ 90-ամյա հոբելյանը նշող Երեւանի պատմության թանգարանի արդիականացման ծրագրերին:
 
«100 տուն Արցախում» նախագիծը Հանրային հեռուստաընկերության և «Ապրելու Արցախ» հիմնադրամի համատեղ ծրագիրն է։ Նպատակն է բնակարանով ապահովել պատերազմի հետևանքով տեղահանված և տունը կորցրած արցախցիներին: Բնակարանները կառուցվելու են Ստեփանակերտից 16 կմ հեռավորության վրա գտնվող Ասկերանի Դահրավ գյուղի հարևանությամբ: Շինաշխատանքները հունիսից արդեն մեկնարկել են։