image

Բուխարեստում հիշատակել են Հրանտ Դինքին

Բուխարեստում   հիշատակել են Հրանտ Դինքին

Այս տարի լրացավ հայկական Ակոս թերթի խմբագիր, Թուրքիայի երևելի մտավորականերից մեկի՝ Հրանտ Դինքի հրեշավոր սպանության 17-րդ տարին և Բաքվի ջարդերի 34-րդ տարելիցը:

Այս առիթով հունվարի 21-ին, Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիոյ հայոց թեմի առաջնորդական տեղապահ, Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի հանդիսապետությամբ Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ՝ ձեռամբ հոգևոր հովիվ արժ․ Տ․ Օշական քահանա Խաչատրյանի, հավարտ որի տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն՝ Հրանտ Դինքի և Բաքվի ջարդերին զոհ գնացած հայորդիների հոգիների խաղաղության ու հանգստության համար:

Նմանատիպ ոճրագործությունները երբեք պատմություն չեն դառնում ու չեն մոռացվում, մանավանդ այն դեպքում, երբ ոճրագործները ներողություն չեն խնդրել։ Հրանտ Դինքի սպանությունը բացահայտ ոտնձգություն էր ընդդեմ ազատ խոսքի, ժողովրդավարության ու այն գաղափարների, որի կրողն էր մեծ մտավորականը: Իբրև ճշմարտության առաջամարտիկ, անտեսելով բոլոր տեսակի սպառնալիքներն ու ոտնձգությունները, Հրանտ Դինքը բոլոր ամբիոններից պահանջում էր ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, չհերքել պատմական իրողությունը և մերժողական դիրքորոշմամբ հանցակից չդառնալ երիտթուրքական ու օսմանյան իշանություններին։

Իսկ այն, ինչ տեղի ունեցավ Բաքվում 34 տարի առաջ՝ հայ ընտանիքների հրեշավոր սպանությունները, ջարդն ու արտաքսումը, հավերժ պիտի մնա հայ ժողովրդի հավաքական հիշողության մեջ, իբրև ծանրագույն ոճրագործություն և ծրագրված ցեղասպանություն: Ամեն մի հայորդի, աշխարհի ցանկացած անկյունում, պարտավոր է ապրել ու հիշել իր եղբայրների ու քույրերի հրեշավոր սպանության մասին, հիշել ու հիշեցնել աշխարհին, հիշեցնել ու պայքարել հանուն արդարության ու ոճրագործների դատապարտության, պայքարել ու հզորանալ՝ թույլ չտալով այլևս նմանատիպ հանցանքների կրկնություն, ինչը ցեղասպանություն է: Մոռանալ անցյալը նշանակում է չունենալ ապագա։

Մենք գլուխ ենք խոնարհում Բաքվի անմեղ զոհերի հիշատակի առջև և աղոթում բոլոր նահատակների հոգիների հանգստության ու խաղաղության համար՝ հայցելով Բարձրյալն Աստծո ողորմածությունը:

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի.ամեն:

 

Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան