Նիկոլ Փաշինեանն անընդհատ կը ստէ, ստելը անոր հաւատամքն է: Այս մասին Վլատիմիր Սոլովիովին տուած հարցազրոյցի ժամանակ ըսած է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրէն, «Պատիւ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցեանը՝ մեկնաբանելով իր նշանակումը ԱԱԾ-ի տնօրէնի պաշտօնին եւ այնուհետեւ Փաշինեանի իշխանութիւններու կողմէ իրեն առաջադրուած մեղադրանքը:
«Նա ստելուց բացի այլ բան չգիտի: Նրա ստի պատճառով մենք միշտ վատ հետեւանքներ ենք ունենում երկրի համար»,- աւելցուցած է Վանեցեանը: Ան հաստատած է, որ Ազգային անվտանգութեան ծառայութեան տնօրէն նշանակուած է 2018-ի այսպէս կոչուած յեղափոխութենէն ետք: «Այդ ժամանակ ամբողջ ժողովուրդը, ես չեմ վախենում նման գնահատական տալ, ժողովրդի մեծամասնութիւնը սատարում էր Նիկոլ Փաշինեանին: Նա իշխանութեան եկաւ փողոցի միջոցով, յեղափոխական գործընթացների միջոցով: Փաշինեանի վարքագծում պոպուլիզմի շատ մեծ բաժին կար: Այն ժամանակ ես կարծում էի, որ հնարաւոր է իրավիճակը ճիշդ ուղով տանել, օգտուել ժողովրդի հաւատից եւ յոյսից, որպէսզի Հայաստանը զարգանայ»,- իշխանութիւններու հետ համագործակցութիւնը բացատրած է Վանեցեանը:
«Նա ինձ չի հեռացրել աշխատանքից: 20 տարեկանից ծառայել եմ անվտանգութեան գործակալութիւններում եւ բարձրացել եմ մինչեւ Ազգային անվտանգութեան ծառայութեան տնօրէնի պաշտօն: Ես փողոցից մարդ չեմ, այլ քատրային անվտանգութեան աշխատող: Բայց ես ընդունեցի առաջարկը եւ հասկացայ, որ ես կարեւոր դեր ունեմ գործընթացում եւ չպէտք է մերժեմ, այլ ստանձնեմ պատասխանատուութիւն եւ առաջ գնամ: ԱԱԾ-ի աշխատանքի այս ժամանակահատուածը, բոլորը ընդունում են դա, եւ Փաշինեանը նոյնպէս ընդունում է, որ ամենաարդիւնաւէտն էր: Իշխանութեան գալով` նա խօսում էր կոռուպցիայի (փտածութեան) դէմ պայքարի մասին: Ես այն մարդն էի, ով դա կեանքի կոչեց: Հեռացել եմ, քանի որ հասկանում էի, որ պոպուլիզմը վերաճել է մէկ այլ բանի` նիկոլիզմի:
Իսկ նիկոլիզմը շատ սարսափելի բան է: Նա Հայաստանին եւ Արցախին բերեց այն հետեւանքներին, որոնք կան: Մարդը, ով ունակ է մտածելու ու 2-3 քայլ առաջ հաշուելու, հասկանում է, որ Նիկոլի հետ լինել չի կարելի: Հեռանալիս ես յայտարարութիւն արեցի, որ նա երկիրը դէպի անդունդ է տանում: Նրանք ինձ չլսեցին, սկսեցին մեղադրել ինձ ռուսական լրտես լինելու մէջ, որ ես կապուած եմ «նախկինների» հետ: Արդիւնքում ես չէի կարող մարդկանց բացատրել, թէ մեզ ինչ է սպասում: Ցաւօք, իմ բոլոր կանխատեսումները շատ վատ ձեւով իրականութիւն դարձան»,- ըսած է Արթուր Վանեցեանը:
ԱԱԾ-ի նախկին տնօրէնն ըսած է, որ պատերազմը սկսած օրը` 27 Սեպտեմբերին, ան կը գտնուէր Մոսկուա: «Պատերազմի մասին լուրեր ստանալուց յետոյ ես անմիջապէս վերադարձայ, իսկ յաջորդ օրը մենք գնացինք Ղարաբաղ: Անմիջական մասնակցութիւն եմ ունեցել ռազմական գործողութիւններին: Զէնքը ձեռքին զօրավարի խրամատում յաճախ չես տեսնի»,- աւելցուցած է Վանեցեանը:
Ռազմական գործողութիւններու աւարտի պահուն Վանեցեանի ջոկատը կը գտնուէր Շուշիի մերձակայ Շոշ գիւղը, ուր ուղարկուած էր բանակի հրամանատարութեան կողմէ: Դիրքերը լքելու հրաման ստանալէ ետք վերադարձած է Երեւան, հարցը լուծելու քաղաքական ճանապարհով, նշած է Վանեցեանը: