Ազգությամբ նիդերլանդուհի, հայագետ, թարգմանչուհի եւ լեզվաբան Աննա Մատտաարի նախաձեռնությամբ Ամստերդամում բացվել է «Մատթեոս Ծարեցի» գրադարանը։ Այն միաժամանակ ժառանգության պահպանման կենտրոն է լինելու։ Կենտրոնի հիմնումը կարեւոր քայլ է՝ օտար ափերում հայկական մշակույթի ու ժառանգության պահպանման գործում։

Աննա Մատտաարը թվայնացրել է այն հայկական գրքերը, որոնք գտնվում էին հայկական եկեղեցու եւ համայնքի հովանու տակ, դրանք այժմ հասանելի են համացանցում։ Գրադարանն ունենալու է նաեւ մշակութային ժառանգության պահպանման բաժին։
Նորաբաց գրադարանը կրում է 17-րդ դարի հայ եպիսկոպոս Մատթեոս Ծարեցու անունը, որ նաեւ հրատարակիչ էր՝ Ամստերդամի հայկական տպագրության հիմնադրիրը։ Նա Ամստերդամ էր գնացել՝ առաջին հայերեն Աստվածաշունչը տպագրելու նպատակով։
Ծարեցին ծնվել է Արցախի Ծար գավառում։ Էջմիածնում ծառայել է որպես կաթողիկոսի քարտուղար։ 1655 թ. Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը նրան գործուղել է Եվրոպա՝ տպարան հիմնելու և Աստվածաշունչը հայերեն տպագրելու նպատակով։ Սկզբում Ծարեցին դա փորձել է անել Իտալիայում, սակայն խոչընդոտների է հանդիպել։ Այնուհետև 1658 թ. մեկնել է Նիդերլանդներ։
Նույն տարին պայմանագիր է կնքել հայտնի տառագիր Քրիստոֆել վան Դեյքի հետ և վերջինս պատրաստել է հայկական տառատեսակներ։ 1660-ին նա Ամստերդամում հիմնել է իր անունով տպարան, հրատարակության է պատրաստել «Հիսուս որդի» գրքույկը, որին ավելացրել է նաև փոքրիկ հիշատակարան։ Սակայն մահացել է նախքան գրքի լույս տեսնելը՝ 1661 թ. հունվարի 3-ին։ Աճյունը ամփոփվել է Ամստերդամում։
Ծարեցու գործը շարունակել է Ոսկան Երևանցին, և 1666 թվականին առաջին անգամ Ամստերդամում հայերեն լեզվով տպագրվել է Աստվածաշունչը։
Ծարեցու հիմնադրած տպարանը գործել է մինչև 1718 թվականը։

Գրադարանի հիմնադիր Աննա Մարիա Մատտաար
1984-2008 թվականներին աշխատել է որպես թարգմանիչ՝ իսպաներենից հոլանդերեն և հոլանդերենից իսպաներեն։
2008-ից սկսած զբաղվում է հայերենով, հիմնականում՝ գեղարվեստական թարգմանություններով։ Թարգմանում է հայերենից հոլանդերեն եւ հոլանդերենից հայերեն գեղարվեստական, մանկապատանեկան և վավերական գրականություն, նաև` պոեզիա։
Ամստերդամի համալսարանում հայ տպագրության պատմության 500-ամյակի շրջանակում նշանակալից ցուցադրություն է կազմակերպել։ Ուսումնասիրում է Նիդերլանդներում առկա հայկական հնատիպ գրքերը և ձեռագրերը։ Հայագիտական մի քանի հոդվածների հեղինակ է։
2012 թվականին Մատտաարին շնորհվել է Հայաստանի Մշակույթի նախարարության Ոսկե մեդալ, 2022 թվականին՝ Մովսես Խորենացու շքանշան։
Բնակվում է Նիդերլանդներում։