image
Հրատապ լուրեր:

Ատրպէյճանը խաղաղութեան օրակարգ կը բերէ տարբեր, նոր, ես կ՚ըսէի արհեստական նախապայմաններ, ինչ որ կը բարդացնէ պայմանագրի ստորագրումը․ Միրզոյեան

Ատրպէյճանը խաղաղութեան օրակարգ  կը բերէ տարբեր, նոր, ես կ՚ըսէի արհեստական նախապայմաններ, ինչ որ կը բարդացնէ պայմանագրի ստորագրումը․ Միրզոյեան

ՀՀ արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյեան Պրազիլ պաշտօնական այցի ծիրէն ներս հարցազրոյց տուած է Պրազիլի ամենամեծ եւ ազդեցիկ օրաթերթերէն մէկը հանդիսացող «Folha»-ին։

Ատրպէյճանի հետ խաղաղութեան պայմանագրի բովանդակութեան վերջնականացման եւ պայմանագրի կնքման վերաբերեալ լրագրողին հարցին նախարար Միրզոյեան պատասխանած է.

«Տասնամեակների հակամարտութիւնից յետոյ մենք կարծում ենք, վստահ ենք, որ մեր տարածաշրջանում կայ իրական հնարաւորութիւն շրջելու թշնամանքի էջը եւ հաստատելու իրական խաղաղութիւն ու տեւական կայունութիւն։

Սակայն սա իրականութիւն դարձնելու համար անհրաժեշտ է կառուցողական մօտեցում երկու կողմերից։ Հայաստանում մենք տեսնում ենք այս հնարաւորութիւնը եւ լիովին հաւատարիմ ենք խաղաղութեան այս օրակարգին։ Վերջապէս, մեր ադրբեջանցի գործընկերների հետ համատեղ կարողացանք վերջնականացնել պայմանագրի նախագիծը։

Այս խաղաղութեան պայմանագիրը սահմանում է մի շարք կարեւոր դրոյթներ, որոնք, եթէ ստորագրուեն, վաւերացուեն եւ կեանքի կոչուեն, կարող են դառնալ ամուր հիմք հետագայ քայլերի համար։ Ես հիմնականում խօսում եմ տարածքային ամբողջականութեան փոխադարձ ճանաչման մասին. մենք ճանաչում ենք այդ ամբողջականութիւնը` Խորհրդային Միութեան փլուզման պահին (1991 թ.) մեր երկրների միջեւ գոյութիւն ունեցած սահմանների հիման վրայ։ Սա կենսական նշանակութիւն ունի։ Մենք նաեւ պարտաւորուում ենք ձեռնպահ մնալ ուժի կիրառումից եւ միմեանց ներքին գործերին միջամտելուց, ինչպէս նաեւ այլ պայմանաւորուածութիւններ։

Մենք պատրաստ ենք անմիջապէս սկսել խորհրդակցութիւններ ստորագրման վայրի եւ ամսաթուի վերաբերեալ։

Սակայն, ցաւօք, տեսնում ենք, որ Ադրբեջանը խաղաղութեան օրակարգ է բերում տարբեր նոր, ես կ'ասէի արհեստական, նախապայմաններ, ինչը բարդացնում է պայմանագրի ստորագրումը եւ, այսպէս ասած, ինստիտուցիոնալացուած (համակարգուած) խաղաղութեան հաստատումը։

Մենք գրեթէ հասել ենք նպատակին. մեզ անհրաժեշտ է ընդամէնը մի փոքր աւելի քաղաքական կամք՝ ուժեղ քաղաքական կամք, հանդիպելու եւ ստորագրելու պայմանագիրը։

Մենք նաեւ առաջարկել ենք ապաշրջափակել տրանսպորտային (փոխադրային) ուղիները՝ սկսելով այն երկաթուղուց, որը գործում էր խորհրդային տարիներին, եւ հանդէս ենք եկել զէնքի երկկողմ վերահսկման եւ վերիֆիկացման (վաւերականացման) մեխանիզմի ստեղծման առաջարկով, քանի որ Ադրբեջանը եւս մտահոգութիւններ է յայտնել այս հարցի վերաբերեալ»։