«Մասնաւորապէս, ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմը 2021 թուականի Օգոստոսի 3-ի ահազանգերով պարզել է, որ Սիւնիքի մարզի Կապան համայնքի Ճակատէն գիւղի վարչական տարածքում՝ անմիջապէս գիւղից մօտ 1 քմ հեռաւորութեան վրայ գտնուող արօտավայրում 2021 թուականի Յուլիսի 26-ին արածացնելու են տարել գիւղի երկու ընտանիքին պատկանող 4 կովեր:
Կենդանիներն, արածելով, հասել են գիւղի վարչական տարածքում գտնուող «Եուրտեր» անուամբ արօտավայրը եւ մօտեցել ատրպէյճանական զինուած ուժերի վերահսկողութեան տակ գտնուող տարածքին: Ըստ ահազանգերի՝ դրանից յետոյ ատրպէյճանական զինծառայողները կենդանիներին կապել են իրենց հատուածում, թոյլ չեն տուել վերադառնալ եւ, բնակիչները շուրջ 5 օր իրենց բնակելի տան դիմացի սարից հեռադիտակով տեսել են, որ կենդանիները գտնուում են «Ջամբար» կոչուող տարածքում, իսկ Օգոստոսի 1-ի դրութեամբ կենդանիներն արդէն անհետացել են:
Նշուած դէպքից բացի, 2021 թուականի Օգոստոսի 2-ին Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմը եւս մէկ ահազանգ է ստացել այն մասին, որ ՀՀ Սիւնիքի մարզի Կապան համայնքի Դաւիթ Բեկ գիւղի բնակիչը գիւղի 3 ընտանիքի պատկանող 6 խոշոր եղջերաւոր կենդանիների (1 ցուլ, 5 կով) 2021 թուականի Յուլիսի 14-ին արածացնելու է տարել գիւղին պատկանող՝ շուրջ 1.5 քմ հեռաւորութեան վրայ գտնուող արօտավայր:
Գիւղի բնակիչը, կարճ ժամանակ հեռացել է արօտավայրից եւ վերադառնալուն պէս յայտնաբերել, որ կենդանիներից 5-ը չկան, իսկ կովերից մէկը ատրպէյճանական զինուած ուժերի վերահսկողութեան տակ գտնուող կողմից վերադառնում է՝ պարանը գլխին կապած (ինքը կենդանիներին առանց պարան է արածացնելու տարել):
Հեռւում նկատել է, թէ ինչպէս են ատրպէյճանական զինծառայողները դէպի իրենց խորքը քշում կենդանիներին:
Նշուած երկու դէպքերում էլ տեղի ունեցածի մասին բնակիչները տեղեկացրել են գիւղերի վարչական շրջանների ղեկավարներին:
Դէպքերի մասին տեղեակ են պահուել նաեւ ՀՀ Զինուած ուժերի ներկայացուցիչները եւ ՌԴ սահմանապահները: Կենդանիների վերադարձման ուղղութեամբ տարուող բանակցութիւնները Օգոստոսի 3-ի դրութեամբ արդիւնք չեն տուել:
Ատրպէյճանական զինծառայողները հրաժարուում են վերադարձնել կենդանիներին՝ պատճառաբանելով, թէ նրանք իրենց մօտ չեն:
Այս տուեալները Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմը հաստատել է Ճակատէն եւ Դաւիթ Բեկ գիւղերի նշուած բնակիչների, նրանց համագիւղացիների հետ առանձնազրոյցներով, ինչպէս նաեւ դա հաստատլ են համայնքային մարմինները:
Նշուած դէպքերը հաստատում են, որ ՀՀ բնակչութեան պաշտպանութեան, իրաւունքների երաշխաւորման համար Սիւնիքի եւ Գեղարքունիքի շուրջ անհրաժեշտ է ստեղծել անվտանգութեան գօտի:
Դա պահանջում է նրանց հեռացումը ՀՀ սահմանային գիւղերի հարեւանութիւնից եւ Սիւնիքի համայնքների միջեւ ճանապարհներից»,- գրած է Թաթոյեանը: