Անոր խօսքով՝ Հայաստանի համար վտանգները մեծ են։ Նախ այն, որ Ատրպէյճանը կրնայ ուղղակի փակել Հայաստանի համար համացանցի հասանելիութիւնը, արդէն խնդիր է։
«Նրանք կարող են ուղղակի փակել կապը։ Ենթադրենք պատերազմ է նորից, իրենք փակում են կապը։ Այդ դէպքում մինչեւ խնդիրը գտնես ու բարձրաձայնես, ապա օրեր ու շաբաթներ կը տեւի։ Այսինքն՝ այն կարող է ճնշման գործիք լինել, արգելափակումներ, դժուարութիւններ մուտքի կամ քրիզիսային պահին ուղղակի կապի փլուզում լինել, քանի որ այդ մայրուղին մեզ համար հիմնականներից է»,- ըսած է ան։
Հաջորդ վտանգը, ըստ Մարտիրոսեանի, այն է, որ իրենք փաստացի կը ստանան հետախուզական վիճակագրութիւն՝ Հայաստանի մէջ համացանցի կապի օգտագործման մասին եւ կրնայ ցանցային յարձակումներու համար հարթակ դառնալ։
Նշուած է նաեւ, որ խնդիրներ կան նաեւ տարծաշրջանային առումով։
«Ատրպէյճանը միայն Հայաստանի հետ կապուած չէ այս ամէնն անում։ Նա ունի գծած ճանապարհ, որով փորձում է տարածաշրջանում դառնալ կապի հանգոյց։ Սա այդ ուղղութեամբ արուող քայլերից մէկն է։ Դա, բնականաբար, բարդացնում է մեր դիրքը, քանի որ իրենք ամէն դէպքում ունենում են լծակներ»,- յայտնած է մասնագէտը։
Դիտարկման՝ արդեօ՞ք ստեղծուած փակուղիէն դուրս գալու ելքեր կան Հայաստանի համար, փորձագէտը պատասխանած է.
«Այլընտրանք ունենք՝ Պարսկաստանն է, մի փոքր էլ Վրաստանը։ Բայց իրենք աւելի թոյլ են եւ ամբողջ դաշտը չեն կարող ծածկել։ Տեսականօրէն ամէն ինչ հնարաւոր է փոխել, սակայն դա պահանջում է գումար եւ ժամանակ»։
Նկատենք, որ ատրպէյճանցի գործարարը դեռ 2019 թուականին գնած էր ընկերութեան բաժնետոմսերու կէսը եւ իրավիճակի նման զարգացումը հնարաւոր էր կանխատեսել։ Կրնայինք արդեօք այս երկու տարուան ընթացքին որեւէ բան փոխել, Սամուէլ Մարտիրոսեանն ըսած է․
«Իրականում մի հինգ տարի ունեցել ենք որեւէ բան անելու, քանի որ այս պատմութիւններն ու ասեկոսեները սկսուել են շատ շուտուանից։ Բայց, գիտէք, փրոպլեմը լինում, վերջանում է, յետոյ սկսում ենք քննարկել, թէ ինչ անենք»։
Ամէն պարագայի փորձագէտը նշած է, որ ցանկութեան պարագային միշտ ալ ելքեր կրնան գտնուիլ։