Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահի պարտականութիւնները կատարող Գագիկ Բաղունցը յայտարարութիւն տարածած է՝ ողջունելով Միջազգային քրէական դատարանի առաջին գլխաւոր դատախազ Լուիս Մորենօ Օքամփոյի կողմէ մեկնարկած տեղեկատուական արշաւը։
Յայտարարութեան մէջ մասնաւորապէս նշուած է․
«Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը ողջունում է Միջազգային քրէական դատարանի առաջին գլխաւոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի կողմից մեկնարկած տեղեկատուական արշաւը, որը կազմակերպւում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխութեան մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի կոնֆերանսի 29-րդ նստաշրջանին («COP29») ընդառաջ։ Արշաւի նպատակն է բարձրաձայնել հիւրընկալող երկրի՝ Ադրբեջանի կողմից մարդու իրաւունքների համակարգային եւ կոպիտ խախտումները։ Այն նաեւ միտուած է միաւորելու համահայկական ու միջազգային ջանքերը Ադրբեջանի կողմից անօրինաբար պահուող հայ պատանդների անյապաղ ազատ արձակման համար։
2023 թուականի սեպտեմբերին, Ադրբեջանի կողմից իրականացուած ցեղասպանութիւնից եւ Արցախի ամբողջական հայաթափումից յետոյ, Բաքւում նման հեղինակաւոր միջոցառում կազմակերպելու միջազգային հանրութեան (ներառեալ՝ Հայաստանի) համաձայնութիւնը՝ առանց այդ պետութեան գործած յանցագործութիւնների համար պատասխանատւութեան և դրանց հետեւանքների վերացման օրակարգի յստակ ձեւակերպման, լրացուցիչ հիմք է ստեղծում Ադրբեջանի հետագայ ագրեսիւ եւ անպատիժ վարքագծի համար։
2020 թուականի սեպտեմբերից ի վեր, Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծուած ցեղասպանական ագրեսիաների հետեւանքով ոչ միայն Արցախի ողջ ժողովուրդը բռնի տեղահանուեց, այլեւ՝ բազմաթիւ հայեր ապօրինաբար պահւում են Բաքւում։ Նրանք ենթարկւում են խոշտանգումների ու ապօրինի դատավարութեան՝ առանց տարրական իրաւունքների պաշտպանութեան։ Այս պատանդների, ներառեալ՝ Արցախի ութ առաջնորդների անյապաղ հայրենադարձութիւնը Ադրբեջանի միջազգային պարտաւորութիւնն է։ Խուսափումը այդ պարտաւորութիւնից պէտք է յանգեցնի համապատասխան հետեւանքների։
Համաշխարհային այս կարեւոր միջոցառմանն ընդառաջ, միջազգային հանրութեան կողմից Ադրբեջանի նկատմամբ վարուող քաղաքականութեան անկիւնաքարային հարցերից պէտք է դառնայ նաեւ Արցախի ժողովրդի անվտանգ եւ արժանապատիւ հաւաքական վերադարձի հարցը։ Նախքան այդ, հրատապ ուշադրութեան կարիք ունի նաեւ Արցախի ժողովրդի հոգեւոր-մշակութային ժառանգութեան եւ հանրային ու մասնաւոր սեփականութեան պահպանութեան հարցը՝ յատկապէս դրանց զանգուածային ոչնչացման դէպքերի համատեքստում: Յատկանշական է, որ նշուած դրոյթները յստակօրէն ամրագրուած են ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանի 2023 թուականի նոյեմբերի 17-ի հրամանում, ինչպէս նաեւ առանձին պետութիւնների եւ միջազգային կազմակերպութիւնների յայտարարութիւններում։
Հաշուի առնելով վերոգրեալը եւ գիտակցելով, որ այս թեմաները պէտք է լինեն առաջնահերթօրէն Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքական օրակարգում՝ կոչ ենք անում աշխարհասփիւռ հայութեանը եւ Արցախի բարեկամներին գործուն աջակցութիւն ցուցաբերել մեկնարկած արշաւին։ Խնդրում ենք կիրառել հասանելի բոլոր գործիքները արշաւի սահմանուած նպատակների իրագործման համար։ Վստահ ենք, որ համատեղ ջանքերով կարող ենք հասնել արդարութեան եւ ապահովել մեր ժողովրդի իրաւունքների պաշտպանութիւնը»։