7 մարտին, աշխատանքային այցով Գահիրէ գտնուող ՀՀ արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյեան հանդիպած է Արաբական պետութիւններու լիկայի ընդհանուր քարտուղար Ահմետ Ապուլ Ղէյթի հետ, կը տեղեկացնեն ՀՀ արտաքին գործոց նախարարութենէն։
«Զրուցակիցները շեշտել են, որ հայ եւ արաբ ժողովուրդների յարաբերութիւնները հիմնուած են դարաւոր բարեկամութեան եւ փոխադարձ յարգանքի վրայ՝ այս համատեքստում նշելով նաեւ արաբական երկրներում հայ համայնքների դերը:
Երկուստեք գոհունակութեամբ նշուել է, որ Արաբական աշխարհի երկրներում հայկական ներկայութիւնը քրիստոնեայ եւ մուսուլման ժողովուրդների համակեցութեան լաւագոյն օրինակն է: Այս առնչութեամբ նախարար Միրզոյեանն անընդունելի է համարել Ադրբեջանի՝ տարբեր հարթակներում կրօնական գործօնն արհեստականօրէն շահարկելու, արաբական աշխարհի երկրների հետ ՀՀ փոխգործակցութեան աւանդական հիմքերը խաթարելու անհիմն փորձերը:
Կարեւորուել է պարբերական կապերն ու քաղաքական երկխօսութիւնը Արաբական պետութիւնների լիկայի հարթակում եւ անդամ երկրների հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարուել տարածաշրջանային եւ միջազգային անվտանգութեանն ու կայունութեանն առնչուող մի շարք հարցերի։
ՀՀ Արտաքին գործոց նախարարն իր զրուցակցին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիաների հետեւանքով տարածաշրջանում ստեղծուած իրավիճակը, ինչպէս նաեւ 2022թ․ դեկտեմբերից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում առկայ հումանիտար ճգնաժամի մանրամասները»,- նշուած է հաղորդագրութեան մէջ: