image

ԱՄՆ Քաղաքական Գործիչներու պահանջը Սպիտակ Տունէն. Թոյլ չտալ, որ Արցախի մէջ Ցեղասպանութիւն տեղի ունենայ

ԱՄՆ Քաղաքական Գործիչներու  պահանջը Սպիտակ Տունէն. Թոյլ չտալ, որ Արցախի մէջ  Ցեղասպանութիւն տեղի ունենայ

Անդրադառնալով ձեռնարկի նպատակներին, Արեւմտեան Միացեալ Նահանգների Համահայկական խորհրդի կողմից իր խօսքում Վիգէն Յովսէփեանը մասնաւորապէս նշեց. «Այսօրուայ միջոցառումը երկու նպատակ ունէր՝ առաջինը, մամուլի ասուլիսի միջոցով ԱՄՆ իշխանութիւններին, յատկապէս Բայդենի վարչակազմին պահանջ ներկայացնելու, որ առաւել գործուն քայլեր ձեռնարկեն Լաչինի միջանցքի փակմանը վերջ տալու ուղղութեամբ, դադարեցնեն Ադրբեջանի բռնապետութեանը տրուող օժանդակութիւնը: Այս առումով շատ գոհ ենք, որ հայութեան մի շարք բարեկամներ եւս միացան մեզ՝ իրենց խօսքը միացնելով մեր հաւաքական պահանջատիրութեանը»: Վիգէն Յովսէփեանը նաեւ նշեց, որ  հաւաքի երկրորդ նպատակն էր կոչ ուղղել հայ ազգի զաւակներին ամբողջ աշխարհում, որ միասնականութիւնն արտայայտեն հաւաքական հացադուլով: «Արցախի վիճակը վատ է, բայց կարող է շատ աւելի վատ լինել, եւ մենք պէտք է պարզապէս պատրաստ լինենք, որպէս ազգ եւ որպէս համայնք դիմակայելու մեր թշնամիներին՝ Արցախի մեր քոյր եղբայրներին պարգեւելով այն՝ ինչին նրանք արժանի են՝ այսինքն անկախութիւն», ամփոփեց Յովսէփեանը:

 

 

Արեւմտեան Միացեալ Նահանգների Համահայկական խորհուրդը (PAC) Օգոստոսի 23ին միացեալ կոչով դիմեց նախագահ Բայդենի վարչակազմին՝ ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները Ադրբեջանի կողմից Արցախի  ութ ամսից աւել շարունակուող անօրինական շրջափակումը դադարեցնելու: Այս մասին խորհրդի անդամները յայտարարեցին Լոս Անջելեսում Ադրբեջանի հիւպատոսարանի առաջ կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ, եւ ներկայացրեցին իրենց պահանջները, որտեղ մասնաւորապէս կոչ է արւում՝ ապահովել Լաչինի միջանցքի անյապաղ վերաբացումը՝ ՄԱԿի Անվտանգութեան խորհրդում բանաձեւի  ընդունմամբ, անյապաղ դադարեցնել ԱՄՆի կողմից Ադրբեջանին տրամադրուող ռազմական օգնութիւնը, Ալիեւի վարչակարգի անդամներին պատժի ենթարկել Համաշխարհային Մագնիտսկի մարդու իրաւունքների հաշուետուութեան ակտի համաձայն, Լաչինի միջանցքով 100 միլիոն դոլարի մարդասիրական օգնութիւն տրամադրել Արցախին, եւ  ՄԱԿի Անվտանգութեան խորհրդում բանաձեւ ներկայացնել Արցախում ՄԱԿի առաքելութիւն (UNMINK) հիմնելու մասին՝ Արցախի բնակչութեան ֆիզիկական անվտանգութիւնն ապահովելու համար:

Համահայկական խորհուրդը, գիտակցելով պահի լրջութեան եւ մեր հայրենակիցների ահազանգային իրավիճակը, յայտարարեց 24 ժամուայ հացադուլ եւ դիմեց համայնքին  ու համայն հայութեանը՝ ի համերաշխութիւն արցախահայութեանը միասնական ոգով ու զսպուածութեամբ միանալու հացադուլին: 

Խորհրդի կոչին միանալով՝ արցախահայութեանն իրենց զօրակցութիւնն էին եկել յայտնելու նաեւ ԱՄՆ կոնգրեսականներ, նահանգի, քաղաքի ընտրուած պաշտօնեաներ: 

«Մենք այսօր կանգնած ենք այստեղ՝ ի համերաշխութիւն Լեռնային Ղարաբաղի, որ յայտնի է նաեւ որպէս Արցախ, 120 հազար բնակիչների հետ», յայտարարեց կոնգրեսական Ադամ Շիֆը: Նա յայտնեց, որ հայերի դէմ Ադրբեջանի պատերազմը մէկ գիշերում չի սկսուել եւ արդիւնք է Բաքուի կոռումպացուած (զեղծարար) վարչակարգի քաղաքականութեան շարունակութիւնն է: Կոնգրեսականը պատմական անդրադարձ կատարեց՝ յիշելով Արցախի դէմ 2020 թուականի Ադրբեջանի ռազմական գործողութիւններն ու ուղեկցուող դաժանութիւնները՝ սպանութիւնները, պատմամշակութային կոթողների աւերումը, մարդկանց տարհանումը. «Արցախի այսօրուայ շրջափակումը Ադրբեջանի բռնապետական վարչակարգի ղեկավար Ալիեւի՝ հայերի էթնիկ (ցեղային) ոչնչացման ծրագրի շարունակութիւնն է՝ «համաձայն իր ռազմավարական դիզայնի, որ մնացել է անվերահսկելի եւ յանգեցնում է ցեղասպանութեան»: Ադամ Շիֆն այնուհետեւ հանգամանալից խօսեց Արցախի ութ ամիս տեւող շրջափակման ու դրա կործանարար հետեւանքների մասին՝ նշելով, որ Արցախում սարսափելի հումանիտար (մարդասիրական) ճգնաժամ է: ԱՄՆ կոնգրեսականը տեղեկացրեց, որ  շրջափակման սկզբից ի վեր բազմիցս դիմել է ԱՄՆ պետքարտուղարութեանը, նախագահին՝ յորդորոլով քայլեր ձեռնարկել պաշտպանելու Արցախի ժողովրդին եւ նրանց ինքնորոշուելու իրաւունքը: «Դիւանագիտական քայլեր թէեւ ձեռնարկուել են դադարեցնելու Լաչինի միջանցքի շրջափակումը, սակայն նման կոչերի եւ յայտարարութիւնների ժամանակն ակնյայտօրէն անցել է: Միացեալ Նահանգները պէտք է կոնկրետ (յստակ) գործողութիւններ ձեռնարկի եւ անմիջապէս օգտագործի այլ գործիքներ՝ ճնշում գործադրելու Ադրբեջանի վրայ՝ վերադառնալու միջազգային իրաւունքի եւ կարգի պահպանմանը»: Ադամ Շիֆը տեղեկացնելով իր գործողութիւնների մասին, նշեց նախագահ Բայդենին ուղղուած նամակը, ինչի արդիւնքում ՄԱԿի Անվտանգութեան խորհուրդը՝ ԱՄՆի նախագահութեամբ արտակարգ նիստ էր հրաւիրել Արցախի ճգնաժամի հետ կապուած: «Այդուհանդերձ, նիստում որեւէ առարկայական գործողութիւն բացի յայտարարութիւններից չհնչեցին: Այժմ ժամանակն է ԱՄՆի համար պնդել բանաձեւի ընդունումն ու վերջ դնել այս ճգնաժամին: Նաեւ, դիտարկել USAID կազմակերպութեան կողմից՝ հողային կամ օդային ճանապարհով Արցախի ժողովրդին օգնելու տարբերակներ՝ կանխելու սովի իրական սպառնալիքը, պատժամիջոցների ենթարկել Ադրբեջանին միջազգային իրաւունքի եւ մարդու իրաւունքների խախտումների համար, դադարեցնել Ադրբեջանի բռնապետական վարչակարգին տրուող ֆինանսական յատկացումները»: Ադամ Շիֆը, իր խօսքում մէջբերեց Միջազգային քրէական դատարանի նախկին գլխաւոր դատախազ Լուիս Մորենօ Օկամպոյի զեկոյցից, որտեղ յստակ է, որ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի նկատմամբ ցեղասպանութիւն է իրականացւում: «Այժմ ժամանակն է կանգնել հայ ժողովրդի կողքին՝ կասեցնելու եւս մէկ ցեղասպանութեան իրականացումը: Բաւարար չէ պնդել՝ «երբեք նորից» մենք պէտք է այս խօսքը գործի վերածենք, եւ չպէտք է հանգստանանք մինչեւ խաղաղութիւն եւ արդարադատութիւն չհաստատենք Հայաստանի եւ Արցախի համար՝ վերջ դնելով Ադրբեջանի կողմից կրկնուող բռնի եւ չհրահրուած գործողութիւնների օրինաչափութեանը: Իմ գործընկեր Բրեդ Շերմանի հետ մենք կանգնած ենք Արցախի ժողովրդի կողքին՝ համադրելով մեր ձայնը Արցախի ժողովրդի հետ, որ չի հրաժարուելու իր անկախութիւնից, ինքնորոշուելու եւ արժանապատիւ խաղաղ ապրելու իրաւունքից», ելոյթն այսպէս եզրափակեց Ադամ Շիֆը:

Կոնգրեսական Բրեդ Շերմանն էլ իր խօսքը սկսեց՝ նշելով, որ գոհ է իր ընտրաշրջանում գործող հաստատութիւններից, բացի մէկից՝ ցոյց տալով Ադրբեջանի հիւպատոսութեան շէնքը: «Բնաւ հաճելի չէ, որ Ադրբեջանի բռնապետական վարչակարգի ներկայացուցիչները գործում են Բրենթվուդում»: Շերմանը եւս հակիրճ պատմական ակնարկ կատարեց՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղը եւս, ինչպէս Ադրբեջանը, իր անկախութիւնը յայտարարեց Խորհրդային Միութեան փլուզման ժամանակ, եւ այդ պահից  սկսած Ադրբեջանի բռնատիրական վարչակարգը ճնշում է Արցախի հայերին: «Նրանք փորձեցին 1990ականներին, սակայն չյաջողեցին, սակայն անցեալ տարի պատերազմի դաշտում որոշակի յաջողութիւնների հասան: Այսօր նրանք օգտագործում են իրենց ռազմական ուժը՝ Արցախի 120 հազար հայերի նկատմամբ՝ կիրառելով պատերազմի յանցանքներից ամենադաժանը՝ սովամահ են անում հայերին»: Բրեդ Շերմանը նշեց, որ Ալիեւն ասում է, թէ ով չի ուզում դառնալ Ադրբեջանի քաղաքացի, կարող է հեռանալ, իրականում սակայն նկատի ունի 120,000 հայերի էթնիկ զտումները, մի տարածքից, որտեղ նրանք ապրում են հազարաւոր տարիներ: «Արցախի Հանրապետութեան հպարտ քաղաքացիները չեն ուզում դառնալ Ադրբեջանի քաղաքացի, ինչին Ալիեւի պատասխանը՝ էթնիկ զտման փորձերն են: Ես ձեզ հիմա կ՛ասեմ՝ արցախահայութիւնը ոչ մի տեղ չի գնում. նրանք այնտեղ եղել են 3000 տարի, եւ կը շարունակեն այնտեղ մնալ եւս 3000 տարի»: Բրեդ Շերմանը յայտարարեց, որ միանում է Ադամ Շիֆին՝ կոչ անելով ԱՄՆ կառավարութեանը անել աւելին: «ԱՄՆ գործողութիւններից մէկը պէտք է լինի ՄԱԿի բանաձեւի ընդունման առաջարկը, քանի որ Միացեալ Նահանգներն է ներկայում նախագահում Անվտանգութեան խորհրդում: Միւսը՝ «Գլոբալ Մագնիտսկու պատժամիջոցները» պէտք է լինեն Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ, երրորդը՝ կիրառել 907րդ կէտը, քանի որ մեր չենք ցանկանում, որ մեր ֆինանսական աջակցութիւնը ուղղուի նաւթով հարուստ վարչակարգի կողմից էթնիկ զտումներին»: Բրեդ Շերմանը յայտարարեց, որ հեռախօսազրոյց է ունենալու USAID կազմակերպութեան ղեկավար Սամանթա Փաուերի հետ՝ յորդորելով, որ ամերիկեան բեռնատարներ ուղարկուեն Արցախ, որը կը միանայ այս պահին Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից կանգնեցուած Հայաստանի, Կարմիր Խաչի կողմից ուղարկուած բեռնատարների հերթին. «Տեսնենք, թէ Ալիեւը ցանկանու՞մ է շրջափակել նաեւ ամերիկեան բեռնատարները, որոնք միայն սնունդ ու դեղորայք են պարունակում քաղցած մարդկանց համար», նշեց Շերմանը:

Լոս Անջելեսի քաղաքապետարանի կողմից Արցախին իրենց զօրակցութիւն էին եկել յայտնելու քաղխորհրդի գործող նախագահ Փօլ Գրիգորեանը, քաղխորհրդի անդամներ Թրէյսի Փարքն ու Հիթեր Հաթը: «Հպարտ եմ այստեղ լինելու՝ համախմբուած ղեկավարների, իմ գործընկերների ու հայ համայնքի հետ միասին՝ Արցախի մարդու իրաւունքները պաշտպանելու պահանջով: Բայց միաժամանակ, մեծ ամօթ եմ զգում, որպէս ԱՄՆ ընտրուած պաշտօնեայ, որ երկրի կառավարութիւնը չի միանում այս հարցին, չի լսում Ադամ Շիֆի ու Բրեդ Շերմանի կոչերին: Ես ինքս անձնապէս խօսել եմ պետքարտուղարութեան ղեկավարների հետ, USAID-ի ղեկավարների հետ, եւ նրանց ներկայացրել եմ, թէ որքան հրատապ ու կենսական է հարցը, եւ պէտք է գործենք ոչ թէ վաղը, այլ՝ այսօր, սակայն իմ կոչերը հանդիպում են խուլ ականջների: Ինձ մեծ ցաւ է պատճառում այն հանգամանքը, որ իմ երկրի կառավարութիւնը լուռ է՝ տեսնելով, թէ ինչպէս է Ադրբեջանական կասետային (մասնատուող) ռումբերով աւերւում Լոս Անջելեսի քոյր քաղաք Շուշիում ստեղծուած մեր համատեղ այգին»: Փօլ Գրիգորեանը նշեց, որ Արցախի  հերոսական եւ քաջ ժողովուրդը ապրում է իր պատմական հողերում, եւ իր անկախութիւնը պահանջել է Խորհրդային Միութիւնից, ու ընտրել է ժողովրդավարութիւնը որպէս կառավարման ձեւը:  Փօլ Գրիգորեանը նշեց, որ ԱՄՆ կառավարութիւնն ամէն կերպ աջակցում է Ուկրաինայի ժողովրդի անկախութեան ձգտումը,  բայց ոչ Արցախի նոյն ձգտումները. «Մեր կառավարութիւնն ընտրում է, թէ ով է կարեւոր այս աշխարհում, սակայն մենք չենք կարող այդպէս վարուել, եւ ակնկալել, որ կը շարունակենք լինել առաջնորդ աշխարհում, ժողովրդավարութեան այն փարոսը, որ ոգեշնչում է աշխարհին՝  եթէ չտեսնելու տանք Արցախի հերոսական ժողովրդին, ովքեր այս պահին լսում են մեզ, հետեւում մեր գործողութիւններին: Այս պահին, երբ կանգնած ենք այստեղ, Ադրբեջանի արիւնոտ բռնապետը՝ ցեղասպանութիւն է իրականացնում այսօր, իսկ մենք դիտում ենք դա», ԱՄՆ կառավարութեանը կոչով դիմեց Գրիգորեանը: Նրան միացան նաեւ Գլենդելի քաղաքապետը Դէն Բրոտմանն ու քաղխորհրդի անդամ Արդի Քասախեանը: Վերջինս նշեց, որ հիասթափուած է Արցախի հարցում ամերիկեան ղեկավարների արձագանքից: «Որպէս ամերիկայի քաղաքացի մեծացել եմ հաւատով,  որ մարդն ունի անօտարելի իրաւունքներ տրուած Աստծուց, այդ թւում՝ կեանքի, ազատութեան եւ երջանկութեանը հետամուտ լինելու իրաւունքները, որոնք կարող են իրականացուել միայն ինքնորոշման իրաւունքով: Այսօր, ես որպէս ամերիկացի հարկատու, ինչպէս շատ այլ ամերիկահայեր այս երկրում շատ հիասթափած ենք: Մենք կորցնում ենք հաւատը երկրի ղեկավարների հանդէպ, որովհետեւ Վաշինգտոնում, Սպիտակ տանը, պետքարտուղարութիւնում՝ մեր ղեկավարները, տեսակաւորում են եւ ընտրում են, թէ այս աշխարհում որ բնակիչներին օգնեն եւ ովքեր կարող են իրականացնել իրենց հիմնարար իրաւունքը: Հայերը, որ ապրում են իրենց պատմական հողերում՝ մերժւում են այս իրաւունքն ունենալուց, եւ ոչ ոք Միացեալ Նահանգների ղեկավարներից չի խօսում այդ մասին, բացի մեր ընկերներից: Այն մարդիկ, ովքեր այսօր լռութիւն են պահպանում՝ Արցախում հայերի լիակատար սովահարութեան պայմաններում, մի օր արժանանալու են Աստծու դատաստանին, բայց մինչ այդ նրանք կ՛արժանանան մեր համայնքի դատաստանին՝ ընտրութիւնների օրը: Մենք պէտք է հաշուետուութիւն պահանջենք նրանցից, ովքեր յանցակից են ադրբեջանական բռնապետական վարչախմբին Արցախի հայ ժողովրդի բնաջնջման հարցում»: Արդի Քասախեանը կոչ արեց համայնքին միանալ արցախահայերի համար պայքարին՝ նշելով, որ արցախցիները պէտք է նաեւ յոյս ստանան Սփիւռքից: 

Անդրադառնալով ձեռնարկի նպատակներին, Արեւմտեան Միացեալ Նահանգների Համահայկական խորհրդի կողմից իր խօսքում Վիգէն Յովսէփեանը մասնաւորապէս նշեց. «Այսօրուայ միջոցառումը երկու նպատակ ունէր՝ առաջինը, մամուլի ասուլիսի միջոցով ԱՄՆ իշխանութիւններին, յատկապէս Բայդենի վարչակազմին պահանջ ներկայացնելու, որ առաւել գործուն քայլեր ձեռնարկեն Լաչինի միջանցքի փակմանը վերջ տալու ուղղութեամբ, դադարեցնեն Ադրբեջանի բռնապետութեանը տրուող օժանդակութիւնը: Այս առումով շատ գոհ ենք, որ հայութեան մի շարք բարեկամներ եւս միացան մեզ՝ իրենց խօսքը միացնելով մեր հաւաքական պահանջատիրութեանը»: Վիգէն Յովսէփեանը նաեւ նշեց, որ  հաւաքի երկրորդ նպատակն էր կոչ ուղղել հայ ազգի զաւակներին ամբողջ աշխարհում, որ միասնականութիւնն արտայայտեն հաւաքական հացադուլով: «Արցախի վիճակը վատ է, բայց կարող է շատ աւելի վատ լինել, եւ մենք պէտք է պարզապէս պատրաստ լինենք, որպէս ազգ եւ որպէս համայնք դիմակայելու մեր թշնամիներին՝ Արցախի մեր քոյր եղբայրներին պարգեւելով այն՝ ինչին նրանք արժանի են՝ այսինքն անկախութիւն», ամփոփեց Յովսէփեանը:

 

  Նանէ Աւագեան 

 «Ասպարէզ»