Երկրաշարժէն ետք, 28 տարիներու ընթացքին, շատ բան փոխուած է, սակայն միշտ չփոխուածն ու չիրագործուածը կը բարձրաձայնուի:
Այս մասին «Արմէնբրէս»ի հետ զրոյցի ընթացքին նշած է Շիրակի մարզպետ Յովսէփ Սիմոնեան:
«Իհարկէ, 28 տարին բաւական երկար ժամանակ է: Սերունդ է փոխուել: Մենք փորձում ենք մէկս միւսի աշխատանքը չգնահատելու համար քննադատութիւններ ներկայացնել: Մենք միշտ ներկայացրել ենք շէնք-շինութիւնների հարցը՝ մոռանալով մարդկային ռեսուրսների կորուստները, որոնք այս տնտեսութիւնը պէտք է վերականգնէին: Մենք լուրջ սերունդ ենք կորցրել եւ այդ բացը հիմա ենք զգում: Ցավօք, 28 տարի մարդիկ սովորեցին, որ իրենց նկատմամբ պարտաւորութիւն կայ, անշուշտ կայ՝ իւրաքանչիւր պետութիւն ու կառավարութիւն պարտք ունի իր ժողովրդի առջեւ, բայց նաեւ հակառակը կայ՝ քաղաքացին էլ պէտք է իր մասին մտածի»,- նշած է Յովսէփ Սիմոնեան:
Խօսելով հանրապետութեան մէջ Շիրակի սոցիալապէս ամէնէն աղքատ մարզը ըլլալուն մասին, մարզպետը նշած է, որ այդ իր պատճառներն ունի: «Այս մարզում 1988 թուականից յետոյ ամէն ինչ զրոյից սկսուեց՝ տնից սկսած մինչեւ կահաւորանք ու այլ խնդիրներ, բնական է, մեծ ջանքեր է պահանջուում: Չմոռանանք նաեւ` եղաւ կառավարման համակարգի փոփոխութիւն՝ սոցիալիզմից՝ կապիտալիզմի: Բնական է. վերականգման պրոցեսը երկար էր: 2017 թուականին Գիւմրիում աւարտում ենք երկրաշարժի պատճառով անօթեւան մնացածների բնակարանների խնդրի լուծումը, բայց, ի հարկէ, անօթեւանութեան խնդիրն ամբողջովին մարզում չի լուծուի. չմոռանանք` ընտանիքներից շատերն աճող ընտանիքներ էին եւ մի մասն է բնակարան տեղափոխուել, միւսները մնացել են տնակներում, կան նաեւ այլ տեղերից եկած ընտանիքներ կամ այնպիսիները, ովքեր բնակարանը ստացել ու վաճառել են ու կրկին տնակում են մնացել: Ախուրեանում այս տարի ենք աւարտում բնակարանային խնդրի լուծման ծրագիրը, մնում է 19 գիւղական համայնքում 171 անօթեւան ընտանիքի խնդիր»,- յայտնած է մարզպետը:
Յովսէփ Սիմոնեան կարեւորած է նաեւ հոգեբանական փոփոխութիւնը: «Շատերը 28 տարուայ մէջ հասկացան, որ իրենց խնդիրը իրենք են լուծելու՝ վերականգնելով նախկին հպարտութիւնը: Մենք իրաւունք չունենք միայն «խեղճի ու պահանջողի» դիրքերից խօսելու: Մենք պէտք է հպարտ լինենք ու հասկանաք, որ անելիք ունենք: Եթէ անընդհատ համեմատենք անցածի՝ խորհրդային տարիների ու մինչև երկրաշարժի ժամանակաշրջանի հետ, առաջ չենք գնայ»,- եզրափակած է Յովսէփ Սիմոնեան: