image

Ժողովրդական քվեն պատկանում է Քլինթոնին, բայց կարող է և Թրամփն ընտրվի. ամերիկահայ գործիչ

Ժողովրդական քվեն պատկանում է Քլինթոնին, բայց կարող է և Թրամփն ընտրվի. ամերիկահայ գործիչ

Վաղը ԱՄՆ-ում անցկացվելու են նախագահական ընտրություններ, ինչպես նաև կազմվելու է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը՝ 435 անդամով, ընտրվելու են Սենատի մեկ երրորդը, 12 նահանգի կառավարիչներ, բազմաթիվ քաղաքապետներ, նահանգային խորհրդարանների պատգամավորներ, տեղական ավագանու անդամներ և այլն: Ընտրական գործընթացի բոլոր օղակներն առնչվում են նախագահական ընտրության հաշվարկներին:  Վերջին օրերին ԱՄՆ-ում կատարված սոցիալական հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ ժողովրդական քվեն (popular vote) պատկանում է նախագահի թեկնածուներից Հիլարի Քլինթոնին: Սակայն ամերիկահայ գործիչ, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Կարո Արմենյանի կարծիքով, ճիշտ է՝ ժողովրդական քվեն կարևոր ցուցանիշ է, բայց այս հարցում պետք է զգույշ լինել, քանի որ կարևոր ցուցանիշ լինելով, այն, այնուամենայնիվ, որոշիչ գործոն չէ. «Որդի Բուշ և Գոր նախագահական ընտրության ժամանակ (2000-ին) ժողովրդական քվեի առավելությունը պատկանում էր Գորին, բայց ընտրվեց Բուշը: Պատճառը հետևյալն է. ԱՄՆ-ի նախագահն ընտրվում է Ընտրական Քոլեջի կողմից։ Նահանգներից յուրաքանչյուրը ստանում է ընտրական քոլեջի աթոռների մի թիվ,  որ հավասար է ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատներում իր զբաղեցրած պատգամավորների ընդհանուր թվին։ Ընտրական քոլեջի աթոռների ընդհանուր թիվը 538 է, որը կազմված է Ներկայացուցիչների Պալատի 435 և Սենատի 100 աթոռներու թվերի և ոչ խորհրդարանական տարածք համարվող մայրաքաղաք Վաշինգտոնին հատկացված երեք աթոռների գումարից։ Նախագահական թեկնածուները պայքարում են յուրաքանչյուր նահանգի ժողովրդական քվեի համար։ Նրանք պայքարում են ամեն մի նահանգի ժողովրդական քվեի մեծամասնությունը ստանալու առաջադրությամբ, քանի որ այդ հաղթանակով նրանք ինքնաբերաբար տիրանում են այդ նահանգի քոլեջային քվեների ամբողջությանը:  Օրինակ, Կալիֆոռնիա նահանգի քոլեջային քվեների ընդհանուր թիվը  55 է:  Այն թեկնածուն, որ Կալիֆոռնիայում կստանա նահանգի ժողովրդական քվեի մեծամասնությունը (թեկուզ մեկ քվեի առավելությամբ), ինքնաբերաբար կտիրանա նահանգի 55 քոլեջային քվեներին։ Այս բարդ համակարգը նկատի առնելով, նույնիսկ այսօր դժվար է ճիշտ կանխատեսում անել ընտրությունների արդյունքի մասին։ Ընտրական մաթեմատիկայի մեծ անհայտներ են գործում այսօր թե՛ Հանրապետական, թե՛ Դեմոկրատական և թե՛ «անկախ» ընտրողների դաշտերում: Ընդհանուր առմամբ, այս ընտրությունը ընտրազանգվածների մեծ տեղաշարժեր է առաջ բերել ԱՄՆ հասարակական բեմում»,-«Արևելքի» հետ զրույցում նշեց ամերիկահայ գործիչը: Մեր այն հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում Հիլարի Քլինթոնի ընտրվելու դեպքում, ըստ որոշ կանխատեսումների վերջինիս ռազմատենչության է՛լ ավելի դրսևորմանը, մեր զրուցակիցն ասաց. «Ընդհանուր գծերով Քլինթոնի քաղաքականությունը նախագահ Օբամայի և նաև՝ նախագահ Բիլ Քլինթոնի քաղաքականության շարունակությունն է լինելու: Չմոռանանք, որ իբրև երկրի առաջին տիկին, Հիլարի Քլինթոնն իր ամուսնու սերտ գործակիցն ու խորհրդականն էր՝ նրա նախագահության ութ տարիների ընթացքում: Նա նաև զբաղեցնում էր Պետքարտուղարի բանալի դիրքը՝ Օբամայի իշխանության օրոք։ Հետևաբար Հիլարին այն քաղաքականության դարբիններից մեկն է, որ վերջին շրջանի Դեմոկրատական նախագահները վարում էին երկրում և երկրից դուրս: «Ռազմատենչ» բառը բոլորովին ճիշտ չէ Հիլարիի արտաքին քաղաքական վարքագիծը բնորոշելու առումով։ Ինքը պատկանում է այն նոյն ուղղությանը, ըստ որի ԱՄՆ-ը պետք է խուսափի իր զինյալ ուժերով մասնակցելու Միջին Արևելքի պատերազմական գործողություններին։ Բայց դա չի նշանակում ձեռնպահ մնալ տարածաշրջանի իրադարձությունների հարթակում: Համենայն դեպս, պետք է ասել, որ ԱՄՆ-ը գործելու է իր մեծապետական դիրքերից և Հիլարի Քլինթոնը, որպես նախագահ, առաջնորդվելու է այդ մեծապետական շահերով, պետք եղած դեպքում դիմելով զինյալ գործողությունների ռազմավարությանը»,-նշեց Կարո Արմենյանը:  Նա նաև ավելացրեց, որ ԱՄՆ-ի հաջորդ նախագահը պարտադրաբար  ժառանգելու է Սիրիայի, Իրաքի և Եմենի թեժ ռազմաճակատները։ «Անհավանական չեն նորանոր բռնկումներ Պարսից Ծոցի և Հյուսիսային Աֆրիկայի շրջաններում։ Հեշտությամբ նոր իրավիճակներ ու դրություններ կարող են ստեղծվել նաև Կովկասում: Ռուս-ամերիկյան հարաբերությունները շատ հեռու են հակակշռի տակ լինելուց և երկու գերտերությունները կարող են հեշտությամբ դիմել քայլերի, որոնք կարող են տանել անկանխատեսելի հետևանքների։ Եվ վերջապէս Չինաստանի մեծապետական հավակնությունները նոր առճակատումների դուռ կարող են բացել։ Այս կնճռոտ խաղաբեմի վրայ Քլինթոնը կամ Թրամփը  գործելու են գերտերության առաջնորդի բնազդներով և ռազմատենչության չափորոշիչով նրանք ի վերջո կարող են չտարբերվել  միմյանցից»,- ԱՄՆ հաջորդ նախագահի քաղաքականությունը մեկնաբանեց մեր զրուցակիցը: