Իրանի նախագահ Հասան Ռոհանին հուլիսի 15-ին հայտարարել է, որ Իրանը կհաղթահարի կորոնավիրուսի երկրորդ ալիքը` խոստովանելով, որ երկիրն այժմ դիմադրում է կորոնավիրուսի նոր ալիքին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Իրանի նախագահի խոսքով` փետրվարի վերջից սկսած և մինչև ապրիլի կեսերը շարունակված առաջին ալիքն ավելի շատ ազդել է երկրի հյուսիսային և կենտրոնական նահանգների վրա, իսկ երկրորդ ալիքն ավելի շատ հարվածել է երկրի հարավային նահանգներին ու սահմաններին:
Նա նշել է, որ առաջին ալիքի ավարտից հետո մարդիկ կարծում էին, թե Իրանն արդեն հաղթահարել է կորոնավիրուսը, և միաժամանակ հույս է հայտնել, որ հաջորդ ամսվա ընթացքում կհաջողվի հաղթահարել նաև երկրորդ ալիքը:
Իրանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 264 561 դեպք, վարակման հետևանքով մահացել է 13 410 մարդ: