Այսօր մայրամուտին սկսվել է մահմեդականների սուրբ շրջանը՝ Ռամազանը, որը տևելու է մեկ ամիս: Այն մահմեդականների համար համարվում է գերագույն մաքրության պահպանման և զսպվածության ամենախիստ ժամանակաշրջանը: Մեկ ամսվա ընթացքում մահմեդական աշխարհում արգելվում է ցերեկային ժամերին մինչև մայրամուտ սնվել և օգտագործել որևէ հեղուկ, ինչպես նաև արգելվում է ցերեկային ժամերին ծխել և այլ վայելքների տրվել: Փոխարենը նրանք պետք է անվերջ աղոթեն և զբաղվեն բարեգործություններով: Ռամազանի ընթացքում մզկիթների դռները բաց են շուրջօրյա: Պասը վերջանում է ամեն օր մայրամուտին, երեկոյան նրանք «օրհնված ընթրիք» են անցկացնում՝ հրավիրելով բարեկամներին ու ծանոթներին: