Պոլսահայ լրագրող Րաֆֆի Հերմոն Արաքսը, «Արևելքի» հետ զրույցում բարձր գնահատելով պաշտոնական դիվանագիտության դերը՝ Բունդեսթագի կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում, հավասարապես կարևորում է նաև այսպես կոչված ժողովրդական դիվանագիտության կատարած հսկայական աշխատանքը, որը, ըստ նրա, անուղղակի կերպով ազդում է այս կամ այն երկրի կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումների վրա: Րաֆֆի Հերմոն Արաքսը մեկն է այն մարդկանցից, որոնք 1994-2005թթ. հսկայական աշխատանք են տարել եւրոպական երկրներում՝ կազմակերպելով ցուցահանդեսներ, հայոց ցեղասպանությանն առնչվող քննարկումներ, կլոր սեղաններ, երկխոսություն են վարել թուրք մտավորականության հետ, ինչպես նա է նշում՝ համբերատարորեն սպասելով արդյունքին: Րաֆֆի Հերմոն Արաքսը 11 տարի շարունակ նման աշխատանք է տարել Փարիզի հայկական սփյուռքի հետազոտությունների կենտրոնի (CRDA) նախագահ Ժան Կլոդ Քեբաբջյանի, լրագրող Համո Մոսկոֆյանի և թուրք մտավորական Ռագըբ Զարաքօղլուի հետ միասին: Նրանք Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի կողմից բնորոշվել են իբրև ժողովրդական դիվանագետներ: «Հայկական ցեղասպանության ճանաչման առումով կազմակերպել ենք միջազգային կոնֆերանսներ, անցկացրել ենք դասախոսություններ, կլոր սեղաններ, գրքերի ծանոթացում, ճամբորդություններ, որոնց գագաթնակետը եղել է 2001 թվականի հուլիսի 17-ին Ֆրանսիական պառլամենտի երկրորդ պալատի՝ Սենատի շենքում կազմակերպված միջազգային գիտաժողովը, որին մասնակցել են Հայաստանից, Թուրքիայից, Գերմանիայից մտավորականներ: Մենք տևական աշխատանք ենք տարել Գերմանիայի մտավորականության հետ, որպեսզի նրանք էլ իրենց համայնքի մեջ կարողանան ստեղծել որոշ տրամադրություն»,-մեզ հետ զրույցում նշեց Րաֆֆի Հերմոն Արաքսը, ավելացնելով, որ Բունդեսթագի որոշումը աննախադեպ կարելի է համարել բոլոր երկրների ընդունած որոշումների մեջ, նկատի առնելով, որ ցեղասպանության մեղսակիցն է ճանաչում իր կատարած հանցանքը և ինչ-որ ձևով «մեղա»-ի գալիս:
Ըստ մեր զրուցակցի, հակազդեցությունները, որ եղան Թուրքիայում, սպասելի էին, բայց նշեց, որ եղան նաև որոշումը ողջունողներ, որոնք հայտարարեցին, թե Գերմանիան վաղուց պետք է ճանաչեր հայոց ցեղասպանությունը:
Պոլսահայ լրագրողը խոսեց նաև «թուրքական տաբուի» մասին, մեկնաբանելով, որ հայության շատ հատվածների շրջանում ի վերջո պետք է ջարդվի «թուրքական տաբուն»: «Թուրքը միայն ժխտող ու մերժող չէ, Գերմանիայի որոշման մեջ մեծ դեր ունեցան թուրքեր և թուրքական արմատներ ունեցողներ, ինչը հայությանը պետք է հուշի, որ թուրքը փոխվում է: Նույն ձևով նաև թուրքը պետք է իր գլխում ջարդի «հայկական տաբուն»,-ասում է Րաֆֆի Հերմոն Արաքսը, ավելացնելով, որ երկխոսությունը և ժողովրդական դիվանագիտության աշխատանքը՝ ցեղասպանության ճանաչման հարցում, շարունակական գործընթաց է:
(վերևի նկարում՝ Րաֆֆի Հերմոն Արաքսը՝ իբրև Վանա լճի միջազգային կինոփառատոնի հանձնախմբի անդամ, հարցազրույց է տալիս թուրքական հեռուստատեսությանը: Փառատոնը 2015-ին նվիրված էր Հայոց Ցեղասպանության 100-ամյակին և անցկացվում էր «Առերեսում» խորագրի ներքո):

Րաֆֆի Հերմոն Արաքսը՝ թուրքագետ, պրոֆ. Անուշ Հովհաննիսյանի հետ