Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը և նոր ահաբեկչությունների սպառնալիքը ծայրաստիճան լարվածության մեջ են պահում եւրոպական բազմաթիվ մայրաքաղաքների բնակիչներին: Սուրբ Ծննդյան արարողությունից մեկ ամիս առաջ խիստ նախազգուշական կոչեր են հնչում` մարդաշատ տոնախմբություն չանցկացնելու, հասարակական վայրերում չտոնելու Սուրբ Ծնունդը: Հռոմի Պապը հայտարարել է, որ առաջիկա տոնը կեղծ պիտի լինի, քանի որ աշխարհը պատերազմի սպառնալիքի մեջ է:
Իսկ ինչպիսի՞ն է այդ առումով մթնոլորտը ԱՄՆ-ում: ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Կարո Արմենյանը «Արեւելքի» հետ զրույցում նշեց, որ իսլամ ծայրահեղականությունը շարունակում է իրական սպառնալիք լինել նաև ԱՄՆ-ի համար, գուցե հենց առաջինը` ԱՄՆ-ի համար: Նա հիշեցրեց մեր ժամանակների ամենախոշոր ահաբեկչությունը, որը կատարվեց 2001թ.-ի սեպտեմբերի 11-ին: Ահաբեկիչների հափշտակած քաղաքացիական 4 ինքնաթիռներից 2-ը մխրճվեցին Նյու Յորքի Միջազգային Առևտրի կենտրոնի երկնաքերների մեջ և հիմնովին քանդեցին դրանք:
Զոհվեց ավելի քան 3 հազար խաղաղ քաղաքացի: Այդ դեպքից հետո ԱՄՆ կառավարությունը պատերազմ հայտարարեց համաշխարհային ահաբեկչությանը և բոլոր երկրներին կոչ արեց միավորվել ահաբեկչության դեմ մղվող միջազգային պայքարում: Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ դա «Ալ Քաիդայի» առաջին մեծ ահաբեկչական գործողությունն էր, որից հետո Նյու Յորքի ահաբեկչության պատասխանատու, «Ալ Քաիդա» կազմակերպության ղեկավար Ուսամա բեն Լադենը հայտարարվեց աշխարհի համար մեկ ահաբեկիչ:
«Չմոռանանք նաև Բոստոնյան ամենամյա մարաթոնի ժամանակ կատարված ահաբեկչական գործողությունը, որ տեղի ունեցավ 2013 թ. ապրիլի 15-ին։ Այս տիպի ահաբեկչությունների վախը համատարած է արևմտեան աշխարհում, որովհետև այստեղ ուղղակի զգացել են այդ սարսափը: Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ի նախագահը ժողովրդին ուղղված աննախընթաց ուղերձով զգուշություն հորդորեց Գոհաբանության Օրվա և Ամանորի տոների նախօրյակին»,-ասաց մեր զրուցակիցը: