Համաճարակային սահմանափակումների ավարտից հետո Երևանում սեպտեմբերի 4-ին կայանալու է առաջին բացօթյա համերգը՝ ի նպաստ Լիբանանի: Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբից, որն էլ այս միջոցառման կազմակերպիչն է՝ Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոնի հետ:
Համերգի ընթացքում Ջուզեպե Վերդիի ամենասիրված ու հայտնի օպերայի՝ ‹‹Տրավիատայի›› պատմությունը կներկայացվի համաշխարհային ճանաչում ունեցող օպերային աստղերի կատարմամբ:

Վիոլետա Վալերի՝ Լիանա ԱԼԵՔՍԱՆՅԱՆ (սոպրանո)
Ալֆրեդ Ժերմոն՝ Լիպարիտ ԱՎԵՏԻՍՅԱՆ (տենոր)
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի օպերան ՀՀ Ազգային ժողովի հյուրընկալ այգում:
Փարիզյան անհոգ և ուրախ հասարակության դերում հանդես կգա Հայաստանի պետական կամերային երգչախումբը (Գեղ. ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ ՄԼՔԵՅԱՆ):
Օպերան կղեկավարի ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանը:
Տոմսերի ողջ հասույթը կկրկնապատկվի ՀԲԸՄ-ի կողմից և կտրամադրվի Լիբանանում աղետի արդյունքում տուժած հայկական մշակութային կենտրոնների վերակառուցմանը:
Համերգը տեղի կունենա Բաղրամյան 26 հասցեում:
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսվել