image
Հրատապ լուրեր:

Հալեպի պարոնները

Հալեպի պարոնները

Ինչպես տեղեկանում ենք Ստամբուլի «Արաս»  հրատարակչության կայքէջից, «Արասի» նոր հրատարակությունների  ցանկում է նաև ուշագրավ մի գիրք, որը կրում է «Հալեպի պարոնները» («Halep'in Baronları») խորագիրը: Գիրքը պատմում է  Հալեպի նշանավոր «Բարոն» հյուրանոցի մասին, որի հիմնադիրները հայեր են` Օննիկ և Արմեն Մազլումյաննները։ 1911 թվականին հիմնված հյուրանոցը տասնամյակներ շարունակ եղել է Հալեպ այցելող զբոսաշրջիկների և նշանավոր մարդկանց ուշադրության կենտրոնում: Այստեղ են իջևանել քաղաքական գործիչներ, երկրի ղեկավարներ: Հայերի հիմնած նշանավոր հյուրանոցում են  գիշերել  Շառլ դը Գոլը,  Քեմալ Աթաթուրքը, Եգիպտոսի նախկին նախագահ Գամալ Աբդել Նասերը, Իրաքի ու Սիրիայի Ֆայսալ առաջին թագավորը, մեծահարուստ Դեյվիդ Ռոքֆելերը, ամերիկացի պատմաբան ու քաղաքական գործիչ Թեոդոր Ռուզվելտը, Յուրի Գագարինը, Սիրիայի նախագահները, այլ նշանավոր մարդիկ` Հալեպ իրենց այցերի ժամանակ: Հյուրանոցի անցած փառքն ամբողջությամբ ամփոփված է Թուրքիայում լույս տեսած «Հալեպի պարոնները»  գրքում: Գրքի հեղինակները իտալացի լրագրողներ Ֆլամիա Ամաբիլն ու Մարկո Տոսատին են: Գիրքը, որում խոսվում է նաև հայոց ցեղասպանության մասին,  թարգմանվել է թուրքերեն և մեծ արձագանք գտել թրքալեզու ընթերցողների շրջանում: 

Գրքում իտալացի լրագրողները նկարագրել են նաև հյուրանոցի այսօրվա  ծանր վիճակը. Հալեպի բազում հաստատությունների նման  «Բարոն»  հյուրանոցը նույնպես անգործության է մատնվել Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով: