Օրերս Չինաստանի լավագույն համալսարաններից մեկը՝ China Europe International Business School (CEIBS)-ը գերազանցությամբ ավարտելուց հետո երիտասարդ հայ գործարար Աշոտ Գույումջյանը վերադարձել է Քուվեյթ՝ հոր հետ վարելու Քուվեյթում 34 տարի առաջ ընտանիքի հիմնած խոշոր արտադրական բիզնեսը: Նրա հայրը՝ քուվեյթաբնակ գործարար, մտավորական, գրքերի հեղինակ Կիրակոս (Կարո) Գույումջյանը, Քուվեյթում մետաղյա ճարտարապետական արտադրություն իրականացնող առաջին ընկերություններից մեկի հիմնադիրն է: Այսօր Metal Center ընկերությունը համարվում է երկրի նման ընկերությունների մեջ առաջատար դիրք գրավող. տարիների ընթացքում զարգանալով՝ ընկերության աշխատողների թիվն արդեն հասել է 250-ի, իսկ արտադրական ծավալների առումով այն դարձել է ոչ միայն ներքին շուկայում իր արտադրանքն իրացնող, այլև՝ արտահանող ընկերություն: «Արևելքի» հետ զրույցում Աշոտ Գույումջյանն ասաց, որ նոր ու առաջատար գաղափարներով է վերադառնում Քուվեյթ, և ուրախություն է ապրում՝ բիզնեսում նորարություններ կիրառելու հեռանկարից, քանի որ Չինաստանում վեց տարի ստացած ուսումն օգնել է բացահայտելու աշխարհի բիզնեսն ու արտադրությունը գրաված «չինական գաղտնիքը»:

Քուվեյթի Metal Center ընկերությունը զբաղվում է վանդակաճաղերի, մեծ հյուրանոցներում օգտագործվող մետաղյա ձևավորման իրերի, դարբնագործական նմուշների, անբիծ, չժանգոտող, պողպատե կառուցվածքների (stainless steel), մեծ ու ժամանակակից առանձնատներում գործածվող մետաղյա ճարտարապետական զարդարանքների և բազմաթիվ այլ որորտներում կիրառվող մետաղյա իրերի արտադրմամբ:
Աշոտ Գույումջյանն իր սկզբնական համալսարանական կրթությունը ստացել է Քուվեյթում, աշխատել է Դուբայում, ընտանեկան բիզնեսի պատճառով հաճախ է առնչվել չինական ընկերությունների հետ և, տեսնելով նրանց աշխատանքի ոճը, անհրաժեշտություն է զգացել մասնագիտանալ, ինչպես նաև հասկանալ չինացիների մտածելակերպը, ինչի համար ընտրել է Չինաստանը, որտեղ ապրելը, չինացիների հետ շփվելը, չինարենին լավագույնս տիրապետելը օգնել է գործարարությանը նայել այլ տեսակետից, ինչը, ինչպես նշեց, կիրառելու է ընկերության զարգացման համար:

Աշոտ Գույումջյանը՝ ծնողների հետ
«Ժամանակին հայրս շատ էր ուզում մեր բիզնեսի մի մասնաճյուղը տեղափոխել Հայաստան, որպեսզի նաև Հայաստանում զարգանա ժամանակակից մետաղյա ճարտարապետական արտադրությունն ու կիրառումը, սակայն ուսումնասիրություններից հետո պարզեցինք, որ Հայաստանում այս ոլորտը շատ սահմանափակ է, նոր հյուրանոցներ շատ չեն կառուցվում, հարուստ առանձնատներ շատ չկան, այնպես ինչպես Քուվեյթում, և չգտանք այնպիսի դաշտ, այնպիսի մարդիկ ու ընկերություններ, որոնք կարող են ընդունել մեր արտադրանքն ու վճարել արտադրանքին համապատասխան գները: Թերևս հետագայում մտածենք այլ գործունեություն սկսել Հայաստանում, քանի որ Հայաստանի հետ կապը միշտ կա, միշտ ունենք հայրենիքին օգտակար լինելու և ներդրում կատարելու գաղափարը»,-մեզ հետ զրույցում նշեց նա:
Ըստ Աշոտ Գույումջյանի, այսօր ժամանակակից շինարարության մեջ կիրառվող մետաղյա ճարտարապետական արտադրանքը շատ տարածված է Քուվեյթի և Պարսից ծոցի երկրներում: Նման երկրներում, ինչպես նշում է մեր զրուցակիցը, անընդհատ նոր կառույցներ են բարձրանում, քաղաքները մի այլ թափով են զարգանում, վճարունակությունը բարձր է, ուստի միշտ նման արտադրանքի անհրաժեշտություն կա:
Մեր զրույցի ընթացքում տեղեկացանք նաև, որ Քուվեյթում մետաղյա ճարտարապետական արտադրություն վարող լավագույն ընկերությունները գլխավորում են հայերը: Ըստ Աշոտ Գույումջյանի, դա պայմանավորված է հայ մասնագետների, ընկերությունների ղեկավարների շատ բծախնդիր աշխատանքով, որով նրանք հայտնի են: «Այսպիսի ընկերություններ ղեկավարելու համար վարպետություն, խելք և բծախնդրություն է պետք, ինչը հայերը ունեն: Մեր ընկերությունը առաջնորդող եղավ նման ընկերությունների հիմնման համար, օգնել ենք, որպեսզի հայերի ղեկավարած նմանատիպ ընկերությունները զարգանան»,-արդեն կայացած ընկերության մասին հպարտությամբ է խոսում Աշոտ Գույումջյանը:
Մեր այն հարցին, թե ի՞նչ ազդեցություն է ունենում մերձավորարևելյան երկրների քաղաքական անկայուն վիճակը՝ տնտեսության վրա, Աշոտ Գույումջյանը պատասխանեց. «Ինչ-որ ազդեցություն անպայման ունենում է: Քաղաքականությունն իր հերթին ազդում է տնտեսության վրա, ինչն էլ բնականաբար իր հերթին՝ ընկերությունների աշխատանքի վրա: Եթե երկրի բյուջեն կծկվում է, մենք էլ ենք նույն ձևով կծկվում, այդ պայմաններում մենք չենք կարող «առանձին մի դղյակ ունենալ» և ամեն ինչից կտրված լինել:
Մինչև որ նավթի գներն առաջվա մակարդակը չգտնեն, այս վիճակը կշարունակվի:
Իմ կարծիքով, տնտեսական իրավիճակը սրանից ավելի դեպի վատը չի գնա, բայց առաջվա ճոխ ու շքեղ էլ կյանքն էլ չի լինի, ավելի սեղմ վիճակի մեջ կլինի»,-նշում է երիտասարդ գործարարն՝ ավելացնելով, որ ամեն ինչ կախված է թե՛ բիզնեսում և թե՛ այլ ասպարեզներում նոր մոտեցումներից: Ըստ երիտասարդ գործարարի, աշխարհն այսօր փոխվում է, և նույնիսկ հայտնի ընկերությունները պետք է զարգացման համար նոր մոտեցումներ որդեգրեն: