image
Հրատապ լուրեր:

Դին Քեյն. «Սերժ Սարգսյանը շատ դիվանագիտական պատասխան տվեց ինձ»

Դին Քեյն. «Սերժ Սարգսյանը շատ դիվանագիտական պատասխան տվեց ինձ»

Ինչպես տեղեկացրել էինք՝ փետրվարի 25-ին Հայաստան այցելած նշանավոր դերասան Դին Քեյնը Երևանում հանդիպել է մի շարք սիրիահայերի հետ և նրանց հետ հարցազրույց անցկացրել: Նա զրուցել է մտավորականների և այլ խավի ներկայացուցիչների հետ՝ տեղեկանալով Սիրիայից տեղափոխվելու և Հայաստանում ապրելու մանրամասներից:

Ամերիկյան Foxnews կայանը երեկ անդրադարձել է հանրահայտ դերասանի՝ Հայաստան կատարած այցին, ստուդիա հրավիրելով և այդ մասին հարցազրույց անցկացնելով Դին Քեյնի հետ:

 

 

Այդ հարցազրույցից տեղեկանում ենք, որ դերասանը Երևանում հանդիպել է նաև նախագահ Սերժ Սարգսյանի հետ:  Հայաստանի նախագահին Դին Քեյնը հարց է ուղղել, թե ինչպե՞ս է հաջողել այդքան մեծ թվով փախստականներ ընդունել և տեղավորել:  Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Մի կողմից դժվարություններ կային նման մեծ հոսքով մարդիկ ընդունելու, մյուս կողմից, սակայն,  ուրախություն էր մեզ համար՝ մեր ժողովրդին ընդունել հայրենիքում և նեցուկ կանգնել նրան»:

Foxnews-ի այն հարցին, թե ինչո՞ւ  է դերասանը ցանկություն հայտնել այցելել Հայաստան և հետաքրքրվել հատկապես Սիրիայից եկած փախստականներով, Քեյնը պատասխանել է, որ ինքը  Հայաստանում  շատ  ընկերներ ունի, մյուս կողմից էլ  շատ է լսել Սիրիայում կատարվածի մասին, որից տուժել են նաև հայերը և տեղի ունեցածի պատճառով տեղահանվել են:   «100 տարի առաջ տեղի ունեցավ հայերի ցեղասպանություն:  Մեր  կառավարությունը դեռ հրաժարվում է այն ճանաչել որպես ցեղասպանություն, բայց փաստ է, որ հայ ժողովրդի նախահայերը  տեղահանվեցին իրենց հողերից և գնացին ու հաստատվեցին Սիրիայում: Ցավալին այն է, որ 100 տարի անց, այդ ժողովրդի զավակները, որ ծնվել և մեծացել էին Հալեպում, հիմա ստիպված են վերադառնալ Հայաստան, որպես փախստականներ: Ցնցող է»,- ասել է Դին Քեյնը:

Դերասանը Foxnews-ի ստուդիայում ցույց է տվել, որ փախստանակության թեման շատ է հուզում իրեն և ինքն ամբողջությամբ  զգում է դրա ազդեցությունը «Շատ հետաքրքիր է, գիտեք, երբ փախստականների մասին  խոսում ես, իրենց հարցերին հեռվից ծանոթանում ես, այդ ամենը ոչինչ չի նշանակում քեզ համար, մինչև այն պահը,  երբ մարդուն հանդիպում ես դեմ առ դեմ, նայում ես նրա աչքերին, սեղմում ես ձեռքը և լսում ես նրան:  Եվ հենց այդ պահին է, որ հասկանում ես հարցի լրջությունը»:

Ծանոթանալով սիրիացի փախստականներին, լսելով նրանց խնդիրները, Դին Քեյնն ասել է, որ սիրիացի փախստականները ուզում են տուն վերադառնալ՝ Հալեպ:

 

Խոսելով ընդհանրապես հայության մասին, Քեյնը  նաև ամերիկացի հեռուստադիտողներին պատմել է, որ  հայերը դարեր շարունակ հալածանքի ենթարկված ժողովուրդ են. «Դժվար է հավատալ, նրանք պաշտոնապես քրիստոնեությունը ընդունած առաջին ազգն են և ներկայիս միակը՝ Միջին Արևելքում: Նրանց հարևանները թուրքերն են, որոնց հետ սահմանը փակ է, Ադրբեջանը, որի հետ մինչև հիմա հակամարտություն ունեն:  Կան նաև Իրանն ու Իրաքը հարավից, իսկ հյուսիսից՝ Վրաստանը: Այսինքն նրանք այդ փոքր խմբով քրիստոնյաներն են այս բոլորի մեջտեղը շրջափակված»: Հայերի՝ մահմեդականներով շրջափապատված լինելու հանգամանքը և առհասարակ, Մերձավոր Արևելքում քրիստոնյաների հանդեպ հալածանքը շատ է հուզել դերասանին, և նա այդ մասին խոսել է  նույնիսկ նախագահ Սերժ Սարգսյանի հետ.

Հետաքրքիրն այն է, որ երբ ես  նախագահի հետ խոսեցի քրիստոնյաների՝ հալածված լինելու մասին, նա շատ դիվանագիտական պատասխան տվեց ինձ. «Նա չուզեց մատնացույց անել այս հարցը, հատկապես, որ դեռևս մեծ  մեծ թվով քրիստոնյաներ կան Իրաքում և Սիրիայում, չուզեց նրանց թիրախ դարձնել. ես այդպես եզրակացրի քրիստոնյաների մասին նրա խոսքից»:

Մեր տեղեկություններով, Դին Քեյնը ֆիլմ է պատրաստում Հայաստանի մասին: 

 

Նախագահ Սերժ Սարգսյանը զրուցում է ամերիկացի դերասանի հետ

 

 

Երևանում սիրիահայ վարսավիրի հետ հանդիպմանը

 

Տեղեկացնենք, նաև, որ  ամերիկյան հայտնի «Սուպերմենի նոր արկածները» հեռուստասերիալի աստղ Քեյնը հայկական հարցերին ծանոթ է վաղուց. 2005 թվականին նա «Խոստում» ֆիլմի պրոդյուսեր  Գեյվըն Մաթևոսյանի հետ Լոս Անջելեսում մասնակցել էր Հայոց ցեղասպանության 90-ամյակի երթին: Այս մասին նրա հայաստանյան այցի առթիվ հիշեցրել է ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը, որը Ծիծեռնակաբերդի նրա լուսանկարը շնորհակալական գրությամբ տարածել է տարբեր էջերում: