«Թուրքիայի ուղղաթիռների կողմից Հայաստանի օդային սահմանը խախտելու փաստը, բնականաբար, խիստ քննադատության է արժանի: Բայց չեմ կարծում, որ այդ միջադեպը լրացուցիչ լարվածություն կբերի հայ-թուրքական հարաբերություններում: Որքանով ես եմ տեղյակ, Թուրքիայի համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները հայկական կողմին հանգամանալիորեն ներկայացրել են խախտման պատճառները` վստահեցնելով, որ ապագայում նման բան չի կրկնվի: Հայկական կողմն էլ, իր հերթին, ձեռնարկել էր բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի Հայաստանի օդային տարածքում հայտնված թուրքական ռազմական-տրանսպորտային ուղղաթիռները չսպառնան երկրի անվտանգությանը: Կարծում եմ` այս միջադեպը հանրային սուր քննադատության է արժանացել Թուրքիայի և այլ պետությունների սահմաններում տեղի ունեցած նմանատիպ այլ դեպքերի պատճառով»,- Թուրքիայի ռազմական ուղղաթիռների` օրեր առաջ ապօրինի կերպով Հայաստանի սահմանը հատելու մասին «Արեւելքին» ասաց վերլուծաբան Հրանտ Մելիք-Շահնազարյանը: