image

««Ուժեղ այլընտրանք»ը մենք ենք» Հակառակ մեծ պարտութեան. «Ուժեղ Հայաստան»ը կը շարունակէ յոխորտալ

««Ուժեղ այլընտրանք»ը մենք ենք» Հակառակ մեծ պարտութեան. «Ուժեղ Հայաստան»ը կը շարունակէ յոխորտալ

«Ուժեղ Հայաստանը»-ը Փաշինեանի իշխանութեան ուժեղ այլընտրանքն է, մենք պիտի շարունակենք աշխատիլ եւ իրականացնել ընկերային ու տնտեսական զարգացման ծրագիրներ: Այս մասին «Ուժեղ Հայաստան»-ը յայտարարութիւն տարածած է:

«Հոկտեմբերի 25-ին Հայաստանի թուով 19 համայնքում տեղի ունեցած տեղական ինքակառավարման մարմինների ընտրութիւնների արդիւնքները հերթական անգամ եկան ապացուցելու Նիկոլ Փաշինեանն ուժեղ է ընտրակեղծիքների հարցում, թոյլ Ալիեւի առջեւ:

Այս ընտրութիւնների արդիւնքները եւս մէկ անգամ փաստեցին` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնը դարձել է Հայաստանում ժողովրդավարութիւնը թաղող ուժ։

Ստեփանաւանում մեր թեկնածուն գիտէր, որ իրեն կարող են ձերբակալել, սակայն, գիտակցելով այդ վտանգը, որոշեց առաջադրուել, քանի որ Հայաստանին ժողովրդավարութիւն է անհրաժեշտ։

Դաս չքաղելով ԵԽԽՎ վերջին զեկոյցից, որում խօսւում էր յունիսին կայացած համապետական ընտրութիւնների ժամանակ իշխող ուժի կողմից կիրառուած մեծամասշտաբ ընտրախախտումների մասին, «Քաղաքացիական պայմանագիր»-ը նոյն ձեռագրով գործեց նաեւ ՏԻՄ ընտրութիւնների ժամանակ։

Քաղաքական հակառակորդների կալանաւորումները, ընտրութեան օրը ընդդիմադիր աւագանու անդամների ձերբակալութիւնները, վախի մթնոլորտի տարածումը, ընտրատեղամասերում ուղղորդուած քուէարկութիւնները, ընտրութիւններից առաջ պետական բիւջէից հսկայական միջոցների յատկացումն ընտրութիւնների պատրաստուող համայնքներում, ՔՊ-ականների կողմից քաղաքացուն բնակարան տալու խոստումն ու այլ քայլերը վկայում են միայն մէկ բանի մասին՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ն արդար ընտրութիւններով Հայաստանում չի կարող յաղթել։

«Ուժեղ Հայաստան»-ը համոզուած է, որ ժողովրդավարութեան եւ առանց զիջումների խաղաղութեան համար պայքարը յաղթանակով է աւարտուելու, սակայն, գիտակցում է, որ այդ յաղթանակին հնարաւոր չէ հասնել, ընդամէնը, մի քանի ամսում։

Այսօր, առաւել քան երբեւէ, մենք պէտք է համախմբուենք որպէս ազգ եւ միասնական պայքարենք յանուն առանց զիջումների խաղաղութեան։

«Ուժեղ Հայաստանը»-ը Փաշինեանի իշխանութեան ուժեղ այլընտրանքն է, հետեւապէս, ինչպէս Ստեփանաւանում, այնպէս էլ այլ համայնքներում, շարունակելու ենք աշխատել եւ իրականացնել սոցիալական ու տնտեսական զարգացման ծրագրեր:

Մենք շարունակելու ենք գործել ի շահ մեր ժողովրդի եւ վստահ ենք՝ ուժեղ Հայաստան ունենալու ենք»,-ըսուած է յայտարարութեան մէջ։