92-ամյա հայ երգիչ Շառլ Ազնավուրը ներկա է եղել իր անվան մրցանակի հանձնմանը՝ Ֆրանսիայի Պուշ-Դիվ-Ռոնի նահանգային խորհրդի «Մարսիլիա» սրահում: Ֆրանս-հայկական գրքի փառատոնի շրջանակներում նախատեսված էր «Շառլ Ազնավուր» գրական մրցանակը շնորհել այնպիսի գրքի, որը նվիրված կլինի հայկական թեմաներին: 2016-ի մրցանակն ուներ հինգ հավակնորդներ՝ Հելեն Քեոսեյան, Վալերի Թորանյան, Միշել Մարյան, Վենսան Տյուքլեռ եւ Կայա Կեռյան:
Ամենաշատ ձայներ է հավաքել Ֆրանսիայում հայտնի հայտնի ֆեմինիստ, «Revue des Deux Mondes» ամսագրի գլխավոր խմբագիր, «ELLE» ամսագրի նախկին տնօրեն Վալերի Թորանյանի ստեղծագործությունը, որը թարգմանաբար նշանակում է «Օտարուհին»: Մրցանակը հաղթողին է հանձնել Նահանգային խորհրդի նախագահ Մարթին Վասալը, իսկ Ազնավուրն անձամբ է փչել միջոցառման տորթի մոմերը: Միջոցառմանը ներկա են եղել հայտնի ֆրանսահայեր, ֆրանսիացի պաշտոնյաներ:
