image

Սիրիայի պատերազմի հետևանքով մեծ ծաղկում է ապրել մարդու օրգանների առևտուրը

Սիրիայի պատերազմի հետևանքով մեծ ծաղկում է ապրել մարդու օրգանների առևտուրը

Լոնդոնում լույս տեսնող  «Ալ Հայաթ» արաբական օրաթերթը հոդված է հրապարակել այն մասին, թե ինչպես է Սիրիայի պատերազմի  հետևանքով աճել մարդկային օրգանների վաճառքի բիզնեսը: Մինչ այս պահը, ըստ միջազգային կազմակեպությունների տվյալների, 18 հազար սիրիացիներ  իրենց երիկամները վաճառել են այդ գործով զբաղվող   ցանցային կազմակերպություններին: Լրատվամիջոցը գրում է,  որ  պատերազմի ճիրաններում գտնվող սիրիացիների վախից և  նավերով  գաղթի  ճանապարհը բռնելու  տանջանքներից այն կողմ կա մի  սարսափելի աշխարհ, որի մասին տեղյակ չէ միջազգային հանրությունը. դա սիրիացիների ներքին օրգանների վաճառքի սև շուկան է,   որն իր ծավալներով այսօր գերազանցում է  անչափահասների ամուսնության առևտրին,  մարդկային   շահագործմանը (թրաֆիքինգ)   և    մուրացկանությանը:

Ինչպես տեղեկացնում է «Ալ Հայաթը»,  այս ուղղությամբ կատարված հետաքննությունը բացահայտել է  անծայրածիր ցանցեր`  Սիրիայից,  մինչև Լիբանան, Եգիպտոս և Թուրքիա: Պարզվել է` այդ ցանցերը վարողներն ու գործարք կատարողները հիմնականում բժիշկներ են,  անվտանգության մարմինների կեղծ աշխատողներ,  նախկինում դատված հանցագործներ, նույնիսկ` կավատներ: Լրատվամիջոցը  հրապարակել է  այս գործով ձերբակալվածների մասին  մանրամասներ և բացահայտել է  այն պատճառները, որոնք դրդում են  երևույթի առաջացմանը:   Հիմնական պատճառը,  2011 թվականի   կեսերից Սիրիայում տիրող   անվտանգության ոլորտի  քաոսն է, ինչպես նաև` Սիրիայում «Մարդկային թրաֆիքինգի դեմ պայքարի մասին օրենքի» այն  բացը, ըստ որի (հոդված 3) միջնորդը  զերծ է  մնում բոլոր տեսակի պատժամիջոցներից:   Նշվում է, որ մարդու օրգանների   վաճառքի գործընթացները տեղի են ունեցել կամ  օրգանի տիրոջ համաձայնությամբ կամ Եւրոպայում  ապաստանելու մղումից դրդված, երբ մարդը վաճառել է իր օրգանը` պատերազմում զոհվելուց փրկվելու և  Եւրոպա հասնելու համար: Կան  նաև օրգանները  պարտադրաբար վաճառելու դեպքեր:

«Ալ Հայաթի» հրապարակումից տեղեկանում ենք, որ առևտուրը չի սահմանափակվում  միայն  երիկամների  վաճառքով,  այլ վաճառքի են  հանվում   նաև  լյարդի կամ թոքի մի մասը, աչքը և այլն: Հետաքննությունից   պարզվում է նաև,  որ այս շրջանակներում   զոհ են  դարձել նաև   հղի կանայք, որոնք առևանգվել են, իսկ հետագայում վաճառվել են նրանց նորածինները: Մեծ ծաղկում են ապրել  նաև մարդկային  օրգանների  առևտրի  օնլայն սակարանները:

Ինչպես տեղեկանում ենք, այժմ ընթանում է  միջազգայն բժշկական դատավարություն, որը նախագահում է   բժիշկ Հասան Նաուֆալը: Նրա ներկայացրած տվյալները ներառում են  մարդկային օրգանների առևտրի առումով  Սիրիայի պատերազմի չորս տարիների իրավիճակը:   Սիրիացի փաստաբանների  և  բժիշկների միության  ղեկավարները շեշտել են, որ այս երևույթները ավելի մեծ տարածում են գտնելու, ընգրկելով տարածաշրջանի բոլոր երկրները, եթե  միջազգային ուշադրության,   դիտարկման և հետախուզական ջանքերը չուղղվեն երևույթը ճնշելուն և այդ մասին միջազգային հարթակներում բարձրաձայնելուն:  Նշվում է նաև, որ մարդկային արևտրի վաճառքի հսկայական գումարների մի մասն ուղղվում է պատերազմի մեջ ներքաշված տարբեր կողմերի սպառազինմանը:

                             

                                           Հրապարակման պատրաստեց`   «Արեւելքը»