image

Հայերը Սևծովյան շրջանում, Բութանիայում ու Թրակիայում․ համառոտ պատմություն

Հայերը Սևծովյան շրջանում, Բութանիայում ու Թրակիայում․ համառոտ պատմություն

«Ակունք»ը թարգմանաբար եւ որոշակի կրճատումներով ներկայացնում է թուրքիացի ուսումնասիրող Օզհան Օզթիւրքի յօդուածը՝ ներկայիս Թուրքիայի Հանրապետութեան տարածքում գտնուող Սեւծովեան շրջանի հայութեան պատմութեան վերաբերեալ։

 

ՀԱՅԵՐՆ ԱՆԱՏՈԼԻԱՅՈՒՄ ՆԱԽՔԱՆ ՕՍՄԱՆԵԱՆ ԿԱՅՍՐՈՒԹԵԱՆ Ի ՅԱՅՏ ԳԱԼԸ

 

Հռոմէական կայսրութեան՝ Անատոլիա ներխուժելու վտանգի պայմաններում հայերը համագործակցում են Պոնտոսի Միհրդատեանների հետ, սակայն հայկական թագաւորութեան անկումն էլ միւսներից առանձնապէս չի տարբերւում: Այն անցնում է նախ՝ հռոմէական, ապա բիւզանդական գերիշխանութեան տակ: Հայերը մշակութային ու տնտեսական ամուր կապէր էին հաստատել նաեւ արաբական աշխարհի հետ եւ երկու երկրներում էլ կարեւոր պաշտօններ էին զբաղեցնում թէ՛ պետական ապարատում, թէ՛ բանակում: Անատոլիայի քրիտոնէացման ժամանակշրջանում հայերը չեն ընդունում Քաղկեդոնի եկեղեցական ժողովի որոշումները, իսկ պաւլիկեան ու թոնդրակեան աղանդաւորական ուսմունքները լայն տարածում են գտնում հայերի մօտ:

Արաբական արշաւանքների ժամանակ հայերն իրենց հիմնական հայրենիք Արեւելեան Անատոլիայից (Արեւմտեան Հայաստան-«Ակունք»ի Խմբ.) սկսել են գաղթել աւելի ապահով տարածքներ՝ բիւզանդական հողեր (Արմէնիակոն, Խալդիա, Արեւմտեան Անատոլիա, Բալկաններ, յատկապէս՝ Փիլիպոպոլիս), նոյնիսկ սկսել են գաղթել Հարաւային Իտալիա: Հայ պատմաբան Ղեւոնդը նշում է, որ մ.թ. 790թ. 12 հազար հայ ազնուականներ՝ ընտանեօք հանդերձ, լքել են իրենց հողերն ու հեռացել: Հայերի գաղթը նպաստում է այդ տարածքներում հայկական մշակութային ազդեցութեանը:

10րդ դարից սկսած՝ հայերը կարեւոր պաշտօններ են ձեռք բերել բիւզանդական բիւրոկրատիայում, տուել են բազմաթիւ գեներալներ, նոյնիսկ՝ կայսր: 11րդ դարում, երբ մեծ թուով հայեր արտագաղթել են Կապադովկիա ու յարակից շրջաններ, բնականաբար տարածել են նաեւ իրենց լեզուն, կրօնն ու սովորոյթները: Բացի այդ՝ այն ժամանակ, երբ Օսմանեան կայսրութեան Սեւծովեան շրջանում բնակուող բազմաթիւ հայեր իսլամ են ընդունել, յատկապէս՝ Համշէնում ու նրա շրջակայքում, հաւատափոխ չեղածները սփռուել են Սեւ ծովի առափնեայ շրջաններով մէկ:

 

ՀԱՅԵՐՆ ԱՆԱՏՈԼԻԱՅՈՒՄ ՕՍՄԱՆԵԱՆ ԿԱՅՍՐՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿՇՐՋԱՆՈՒՄ

 

Մեհմեդ Երկրորդը 1461թ. Բուրսայի արքեպիսկոպոս Յովակիմին իր մօտ է կանչում, Հայկական միլլեթի համար պատրիարքութիւն հիմնում, որտեղ ճանաչւում է վերջիններիս կրօնական գերագահութիւնը Օսմանեան կայսրութեան տարածքում բնակուող հայերի, ասորիների, ղպտիների ու եթովպացիների վրայ: Հայերն Օսմանեան կայսրութեան վերջին շրջանում բնակւում էին Ստամբուլի, Իզմիրի, Տրապիզոնի, Սամսունի նման մեծ քաղաքներում, հայկական վեց վիլայեթներում (Էրզրում (Կարին-«Ակունք»ի Խմբ.), Վան, Բիթլիս (Բաղէշ-«Ակունք»ի Խմբ.), Դիարբեքիր, Տրապիզոն, Սուաս (Սեբաստիա—«Ակունք»ի Խմբ.), Էլեազիգ (Խարբերդ-«Ակունք»ի Խմբ.) ), ինչպէս նաեւ՝ Կիլիկիայում: Հայերը քաղաքներում զբաղւում էին արհեստագործութեամբ, հարկահաւաքութեամբ, կապալառութեամբ, միջնորդական առաքելութեամբ, արուեստով, վաշխառութեամբ, գրագրութեամբ, բժշկութեամբ եւ առեւտրով:

Ըստ 1897թ. Օսմանեան կայսրութեան պաշտօնական վիճակագրութեան, հայերի թիւը 1,042,912 էր: Կայսրութեան ընդհանուր բնակչութեան թիւը կազմում էր 19,050,307, հետեւաբար՝ հայերը կազմում էին ընդհանուր բնակչութեան 5.47 տոկոսը: 1906թ. մարդահամարի արդիւնքում կայսրութեան բնակչութեան թուի աճին զուգահեռ՝ 20,947,617 մարդ, աճել է նաեւ հայերի թիւը՝ հասնելով 1,280,493ի, որը կազմում էր ընդհանուր բնակչութեան՝ 6.1 տոկոսը: Կ. Պոլսի հայոց պատրիարքութեան 1882թ. տուեալները գրեթէ 2 անգամ աւել են պաշտօնական տուեալներից: Ըստ այդ տուեալների, հայերի թիւը կայսրութիւնում 2.5 մլն., որից 1.6 մլն. արեւելեան վիլայեթներում են բնակուել: Պատրիարքարանի տուեալներով՝ 1912թ. հայերի թիւը կազմում էր 1,018,000 Թուրքիայի տիրապետութեան տակ գտնուող Հայաստանում, 145 հազարը՝ 6 վիլայեթներում, 407 հազարը՝ Կիլիկիայում, ընդհանուրը՝ 2,100,000 հայ: Այս թիւը ժամանակի շատ գրողներ ու քաղաքական գործիչներ էլ են հաղորդել: 1914թ. մինչ Առաջին Համաշխարհային պատերազմի սկիզբը՝ օսմանեան պաշտօնական տուեալներով կայսրութեան բնակչութեան թիւը 18,520,016 էր, որից հայերի թիւը կազմում էր 1,294,831. այն ընդհանուր բնակչութեան 6.9 տոկոսն էր կազմում:

Ինչպէս տեսնում ենք, դեռեւս օսմանայն ժամանակշրջանում հայկական ու օսմանեան պաշտօնական տուեալներում առկայ են հակասութիւններ: 1915թ. առաջ հայերի թիւը շարունակում է մնալ շատ հեղինակների ուշադրութեան կենտրոնում, այն կենսական նշանակութիւն է ձեռք բերում յատկապէս Ցեղասպանութեան պնդումների պարագայում:

 

ՀԱՅԵՐԸ ԲՈՒԹԱՆԻԱՅՈՒՄ

 

Ըստ յոյն պրոֆեսոր Սոթերեադիսի, 1912թ. Բուրսայի վիլայեթում եւ Բուրսա սանջակում՝ 50,809, Բիլեջիքում՝ 17,822, Աֆիոն-Կարահիսարում՝ 5,040, Քիւթահիայում՝ 8,800, Բալըքեսիրում՝ 7,495, ընդհանուր թուով՝ 89.966 հայ էր ապրում, որը կազմում էր տեղի ընդհանուր բնակչութեան 5.7 տոկոսը: Այսպիսով, հայերը կազմում էին տեղի երրորդ մեծ համայնքը՝ թուրքերից ու յոյներից յետոյ: Կաստամոնու վիլայեթին կից Բոլու սանջակում մօտ 507 հոգանոց հայկական համայնք կար: Նրանց մեծ մասը բնակւում էր շրջանի կենտրոնական մասերում:

 

ՀԱՅԵՐԸ ՍԵՒԾՈՎԵԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

 

Ողջ պատմութեան ընթացքում Սեւծովեան շրջանում ու շրջակայ վիլայեթներում հայերը փոքրամասնութիւն են կազմել: Տարբեր ժամանակաշրջաններում Արեւելեան Անատոլիայից ստիպուած են եղել գաղթել ու բնակութիւն հաստատել այս շրջանում: Միջնադարեան հայ պատմիչներից Ղեւոնդն ու Յովհան Մամիկոնեանը նշում են, որ հայերն առաջին անգամ այս շրջան ոտք են դրել մ.թ. 788-790թթ.՝ Հայաստանի վրայ արաբական արշաւանքներից յետոյ, հայ թագաժառանգ Շապուհ Ամատունու որդի Համամը՝ իր 20 հազար զինուորներով ու իրենց ընտանիքներով, գաղթել է Բիւզանդական կայսրութեան Խալդիա շրջան (Խաղտիք-«Ակունք»ի Խմբ.): Յովհան Մամիկոնեանն էլ նշում է, որ նա տեղափոխուել է Տաբուր անունով մի քաղաք, սակայն Վրաստանի թագաւոր Վաշդէանը, ով նաեւ նրա հօրեղբայրն էր, դաշնակցում է արաբների հետ ու այդ քաղաքն աւերում, Համամի ձեռքերն էլ՝ կտրում: Դրանից յետոյ Համամը  քանդուած քաղաքի պատուին մի նոր քաղաք է կառուցում՝ Համամաշէն անունով: Յայտնի է, որ սելջուկեան արշաւանքների պատճառով Անի քաղաքից փախչող հայերն էլ 1064թ. ու դրանից յետոյ տեղափոխուել են Սեւծովեան շրջաններ: Բացի այդ, նշւում է նաեւ, որ 1400ականթթ. Սուասից փախած հայերը գալիս են այդ շրջան, նոյնիսկ 1414թ. 80 հայ ընտանիք Կրետէ գնալու համար

վենետիկցիներից թոյլտուութիւն է խնդրել, յայտնի է նաեւ, որ 1414, 1421-1423, 1429 եւ 1431 թթ. հայ քրիստոնեաների համար եկեղեցիներ են յատկացնում: Հայ պատմիչները վկայում են նաեւ Համշէնի շրջանում՝ Տրապիզոնի կայսրութեանը մասամբ կից հայկական մի թագաւորութեան գոյութեան մասին ու տալիս Առաքել 1401-1406 թթ., Դաւիթ Առաջին 1425-1440 թթ., Վարդ՝ 1440թ. եւ Վեքէ՝ 1460թ., Դաւիթ Երկրորդ՝ 1480թ. թագաւորների անունները:

Տրապիզոնի գրաւումից յետոյ՝ 1486թ. անցկացուած մարդահամարի տուեալների համաձայն, քաղաքում բնակուող քրիստոնեաները կազմում էին բնակչութեան 15,46 տոկոսը, որից 132 տունը ուղղափառ հայեր էին: Այդ թիւը յետագայում գնալով նուազել է. այն 1520թ. դարձել է 151 տուն (15.80 տոկոս), 1554թ.՝ 109 տուն (9.07 տոկոս), 1583 թ.՝ 123 տուն (5.59 տոկոս): 19րդ դարում Տրապիզոնում հայերն առաւելապէս զբաղւում էին կօշկակարութեամբ, թիթեղագործութեամբ, եղել են դերձակ ու նման այլ արհեստներով զբաղուել, երբեմն՝ հաշուապահ, գանձապահ, քարտուղար, խանութպան: 1871թ. Ա. Ս. Քիւնինգհայմը յայտնում է, որ հայերը մեծ խանութներ ունէին Տրապիզոնի շուկայում: Հայերն էլ, յոյների նման, թարգմանութիւն էին անում կամ խորհրդատու հանդիսանում օսմանեան համայնքի հետ դիւանագիտական, ռազմակական կամ առեւտրական կապեր հաստատել փորձող Արեւմուտքի ներկայացուցիչների համար, դրա միջոցով նաեւ մշակութային ու առեւտրական կապեր հաստատում եւրոպացիների հետ: 1884թ. Տրապիզոնում գործող 14 առեւտրական գործակալութիւններից երեքը պատկանում էին ազգութեամբ իրանցիների, մէկը՝ շուէյցարացու, մնացածը՝ յոյներին ու հայերին, նմանապէս քաղաքի 32 մեծ առեւտրականներից 29ը ու 14 ապահովագրական գործակալութիւններից 10ը յունական ու հայկական էին, ինչն էլ ցոյց է տալիս, որ ազգային փոքրամասնութիւններն սկսել էին առաջատար լինել առեւտրի ոլորտում: Հայ կանայք էլ տղամարդկանցից յետ չէին մնում. նրանք եւս, յոյների նման, բուժքոյրեր, բանկի աշխատակիցներ կամ ուսուցիչներ ու նման այլ մասնագէտներ էին, ոմանք էլ առեւտրով էին զբաղւում:

Համշէնի շրջանի իսլամացման ընթացքում մեծ թուով հայեր են գաղթել դէպի Տրապիզոն եւ Արեւմուտք: Այն հայերը, ովքեր գանցել են Չարշամբա, կարողացել են պահպանել քրիստոնէութիւնը: Արաքլը Քարադերէ գնացածների մեծ մասն իսլամ է ընդունել: Հայ լեզուաբան Հ. Աճառեանը իր աշխատութեան մէջ տուեալներ է հաղորդում Առաջին Համաշխարհային պատերազմից առաջ Սեւծովեան շրջանում բնակուող քրիստոնեայ հայերի թուի վերաբերեալ, որոնք եթէ անգամ  հաւաստի չլինեն, միակն են ու դրանով իսկ՝ արժէքաւոր: Ըստ այդ տուեալների, Տրապիզոն քաղաքի կենտրոնում եղել է  800 տուն հայ, Դէյիրմենդերէի եւ Եանբոլուի միջեւ գտնուող Քաւաթայում ու Եոմրայում՝ Զեֆանոս, Սամարուքսա, Կուխլա, Շանա (Ծինքիլակ Քուշանա), Ջօշարա, Կալաֆկա, Ուզ, Աֆիոն, Կրոմիլայ գիւղերում ընդհանուր առմամբ 2340 հայ էր ապրում:  Սիւրմենէում՝ Փերուանա, Գաթրա, Էլեմոնաս, Վահանցիկ, Մակթելա, Կուտունց, Կսցոց, Սարես, Ալշակդերէ, Ժուժք, Պիրկի եւ Մանդրալ անունով բնակավայրերում 100 տուն, Ակչաաբաթի կենտրոնում, Սաթարիա, Մալա, Անիֆա, Վերանա, Էլէու, Ֆոշ, Գալինոս, գիւղերում 4000 հոգի, Տիրեբոլույում 40 տուն, Գիրեսունում (Կերասուն-«Ակունք»ի Խմբ.)՝ քաղաքի կենտրոնում 400 հոգի, բացի այդ՝ Մուսագըրըկ, Քելթերէ, Հոչօղլու, Սոլլար, Հոշգելիր, Պագարսու,

Գուշչի, Օրեն, Ալաչաթամ, Սայաչա, Գիրմա, Բուլթան, Գաթըր, Չաթար, Ֆոթանա, Թեփեքէօյ գիւղերում, Սամսունի կենտրոնում բնակուողները եկել էին Անատոլիայի ներքին շրջաններից, ընդհանուր առմամբ հայերը կազմում էին 2 հազար տուն: 1906թ. Օսմանեան կայսրութեան մարդահամարի տուեալներով՝ Տրապիզոնի վիլայեթում ընդհանուր բնակչութեան թիւը 1,387,164 էր, որից 46,789ը հայեր էին: Դա կազմում էր տեղի ընդհանուր բնակչութեան 3.3 տոկոսը: Հայ Յեղափոխական Դաշնակցութեան՝ 1911թ. տուեալներով՝ Տրապիզոնի վիլայեթում ապրում էր 64,966 հայ: Ինչպէս երեւում է ստորեւ բերուած աղիւսակում, բնակավայրերի բնակչութեան թիւը գնալով նուազում է, ուշագրաւ է, որ  տրուած տուեալները լիովին հակասում են միմեանց:

Ըստ պրոֆեսոր Սոթերեադիսի տուեալների՝ 1912թ. Տրապիզոնի վիլայեթի Տրապիզոն սանջակում ապրում էին  26,321 հայեր (4.4 տոկոս), Ջանիկ սանջակում՝ 22,585 (5.7 տոկոս), Գիւմուշհանէ սանջակում՝ 1718 (1.1 տոկոս), ընդամէնը՝ 50,624 հայ, ինչը ցոյց է տալիս, որ 1906թ. օսմանեան տուեալներն աւելի ճիշդ են («Ակունք»ի խմբագրութիւնն այս հարցում համամիտ չէ հեղինակի հետ–«Ակունք»ի Խմբ.): 1915թ. աղէտից (Հայոց Ցեղասպանութիւնից-«Ակունք»ի Խմբ.) յետոյ վերջ տրուեց հայերի գոյութեանը Սեւծովեան շրջանում:

 

ԹՐԱԿԻԱՅԻ ՀԱՅԵՐԸ

 

Բիւզանդական ու Օսմանեան կայսրութիւնների ժամանակաշրջանում Թրակիայում 1912թ.  24,060 հայ էր ապրում, որը կազմում էր տեղի ընդհանուր բնակչութեան 2.34 տոկոսը: Հայերը փոքրամասնութիւն էին՝ թուրքերից, յոյներից ու բուլղարներից յետոյ չորրորդ էթնիկ խումբը: Նրանք հիմնականում բնակւում էին Էդիրնէ (Ադրիանապոլիս-«Ակունք»ի Խմբ.) վիլայեթի Ռոդոսթօ (13 հազ), Չորլու (1600), Մալքարա (3200), Էդիրնէ (3500), Դիմոթիքա (1250), Լուլեբուրգաս (50), Գելիբոլու (1250), Մադիթոս (30), Դեդէաղաչ (350), Սուֆլի (30), Գիւմուլջինէ (800), Խանթի (100)  բնակավայրերում: Նոյն թուականին Ստամբուլում բնակուող հայերի թիւը 159,193 էր, որը կազմում էր տեղի ընդհանուր բնակչութեան 13.5 տոկոսը: Այսպիսով, այնտեղ հայերը երրորդ խոշոր էթնիկ խումբն էին՝ թուրքերից ու յոյներից յետոյ:

 

ՊԱՓԼԱԳՈՆԻԱՅԻ ՀԱՅԵՐԸ

 

1912թ. Կաստամոնու վիլայեթում՝ Կաստամոնու (1424), Քիւրէ (960) եւ Սինոպ (314) սանջակներում էլ էին շատ հայեր ապրում:

 

Օզհան Օզթիւրք

Թարգմանեց՝ ԱՆԻ ՄԵԼՔՈՆԵԱՆ

 

«ԱԿՈՒՆՔ»

Akunq.net