image

Հիմա Թուրքիայում հայերէն երգելու վախ չկա.Մտահոգություն պատճառողները հաճախ ազգայնականներն են. Թրքահայ

Հիմա Թուրքիայում հայերէն երգելու վախ չկա.Մտահոգություն պատճառողները հաճախ ազգայնականներն են. Թրքահայ

«Արեւելք»-ի զրուցակիցն է թրքահայ երաժիշտ, ուդ նվագող Ուդի Լևոնը:

 

Իմ հիմնած երգչախումբիս միջոցով ցույց պիտի տանք, որ հայ ազգը չի մեռնելու Թուրքիայում, և պիտի ձգտենք ցույց տալ, որ «դեռ կանք ու պիտի լինենք...»

 

Լևոն Թորոսյանը կամ,ինչպես ինքն է իրեն կոչել, Ուդի Լևոնը, ով ապրում ու ստեղծագործում է Թուրքիայում, որոշել է բացի թրքական երգերից նաև հայկական երգերի կատարումներով հանդես գալ, տեսանյութեր հրապարակել՝ տարածելով նաև հայկական երաժշտությունը:

 

Երիտասարդը, ապրելով ու մեծանալով Թուրքիայում, հաճախել է կոնսերվատորիա, ուսանել թրքական երաժշտություն, սակայն հայկական երգն ու երաժշտությունը նույնքան հոգեհարազատ ու սիրելի են Լևոնի համար: Նա ուդ երաժշտական գործիքի կատարմանը զուգահեռ երգում է թրքական ճաշարանում, Պոլսում երկու տարի առաջ հիմնել է հայ երգիչ-երաժիշտներից կազմված խմբակ, որն ամենշաբաթյա ելույթներ է ունենում պոլսահայ համայնքի համար, իսկ վերջերս առավել ակտիվորեն որոշել է նվիրվել նաև հայկական երաժշտությանը:

 

Իսկ ինչպե՞ս ու ինչո՞ւ որոշեց հենց ուդ նվագել, պատմում է. «Ուդի Հրանտ Քենքուլյան կա, մահացել է տարիներ առաջ, նրա կատարումներից հաճույք ստացա, շատ հավանեցի, դրա համար նվագեցի: Եկեղեցիների մեջ շատ էի երգում, թրքական երաժշտությանը մտերմություն զգացի»:

 

Այս նմանությունը արդարացում է այն նվիրվածության, որ ունի թրքական երաժշտության հանդեպ, իսկ իրականում, ինչպես Թուրքիայում ապրող ցանկացած հայ, Լևոնը ևս սահմանափակ իրավունքներ է ունեցել իր ինքնության արտահայտման հարցում: Միջավայրը նրան թույլ չի տվել՝ որպես հայ, առավել պրոպագանդել հայկականը,երբեմն  ստիպված է եղել զսպել նվագելու ձգտումները, այսօր էլ մտավախությունները չեն նվազել, բայց որոշել է նվագել:

 

«Պրոբլեմ չունեմ, որովհետև թրքերեն եմ երգում: Երբ հայերեն երգեմ, մի քիչ խնդիր կլինի, որովհետև ռասիստները ժամանակ առ ժամանակ ոտքի են ելնում, հիմա խնդիր չկա, չեմ վախենում, հայ ազգի շարունակականության, մշակույթի շարունակականության համար սովորում եմ հայերեն երգեր, միայն մեր էջում եմ դնում հայերեն վիդեոները, ջանում եմ ամեն օր մի նոր հայերեն երգ սովորել: Հայերեն երգերով պիտի շարունակեմ իմ կյանքը, այսպես եմ ցանկանում, որովհետև թրքական երգեր շատ գիտեմ, հայերեն երգելը ավելի հոճույք է պատճառում ինձ, ավելի եմ սիրում»,-ասում է թրքահայ երիտասարդը:

 

Ոչ միայն «Ուդի Լևոն» անունով կոչված իր էջում տեղադրելն է հայերեն երգեր սովորելու շարժառիթ: Լևոնը նաև համերգներ է ունենում տարբեր երկրների հայկական գաղութների առջև, որոնք սահմանափակված չեն նախասիրություններով, ուստի Լևոնը առիթ ունենում է նաև այլ երկրներում դրսևորել իր հայեցիությունը:

 

«Ժամանակ առ ժամանակ հայերեն եմ երգում, երկու ամիս առաջ Լոս Անջելեսում էի, համերգ տվի, մարտ ամսին Նյու Յսրք եմ գնալու նորից համերգի՝ կես թրքերեն, կես հայերեն երգերով, ամեն օր աշխատում եմ»,-պատմում է նա:

 

Արտասահմանյան այս այցելությունները մի որոշման ևս հանգեցրել են Լևոնին. Որոշել է ոչ միայն հայերեն երգել, այլև արևելահայերեն սովորել, քանի որ սփյուռքում ամենուր հայաստանցիներ են, որոնց հետ շփման հարցում դժվարանում է, այնինչ արևմտահայերենին լավ է տիրապետում:

 

Հայերեն երգելը նաև ուդի կատարողներից մեկին՝ իր սիրելի երաժիշտին նմանվելու ճանապարհն է, ասում է. «Մանուել Մենենկիչյանի նման եմ ուզում լինել, նրա երգերն եմ ամեն օր սովորում, աշխատում եմ, նվագում»:

 

Բացի դրանից, երաժիշտը ժամանակ է գտնում ամեն շաբաթ մեկնել Պոլիս, որտեղ իր հիմնած երգչախումբն է գործում, այս երգչախմբի ստեղծումն էլ կարևոր նպատակ ուներ, հետևաբար այն պետք է երկար կյանք ունենա. «Վարիչն եմ հայ երգչախումբի, հայ արվեստագետների երգերի վրա ենք աշխատում: Բոլոր անդամները ծնվել են Թուրքիայում, բայց հայեր են: Այս երգչախմբի միջոցով պիտի ցույց տանք , որ հայ ազգը չպիտի մեռնի Թուրքիայում, պահելով այս երգչախումբը՝ ձգտում ենք ցույց տալ, որ  դեռ կանք ու պիտի լինենք»,-ասում է Լևոն Թորոսյանը: