image

Հայերին ժամանակ են տվել դուրս գալու Քուեյթի` իբրեւ հայկական եկեղեցի ծառայող շենքից

Հայերին ժամանակ են տվել դուրս գալու Քուեյթի` իբրեւ հայկական եկեղեցի ծառայող շենքից

Քուեյթի ազգային առաջնորդարանին մոտ կանգնած աղբյուրները «Արեւելքին» հայտնեցին, որ Քուեյթի հայկական համայնքը տագնապի առջեւ է. հայերին ժամանակ են տվել ազատել այն շենքը, որը տասնամյակներ շարունակ ծառայել է իբրեւ հայկական եկեղեցի: Շենքը քուեյթցի արաբի պատկանող մի  առանձնատուն է, որը տարիներով վարձով է տրվել հայերին, ուր նրանք ամեն ուրբաթ օր կատարում են եկեղեցական արարողությունները (Քուեյթում հանգստյան օր է համարվում ուրբաթը):  Շենքի  հարեւանությամբ է գտնվում նաեւ Քուեյթի ազգային  առաջնորդարանը:  Մեր աղբյուրը նաեւ տեղեկացրեց, որ համայնքում դրամահավաք է սկսվել, սակայն հայերը մտահոգված են, թե ինչպես կարող են անշարժ գույքի գների` օրեցօր բարձրացող պայմաններում նոր շենք վարձակալել: Իբրեւ եկեղեցի ծառայող ներկա շենքը հայերին էր տրվել ավելի նպաստավոր վարձակալական պայմաններով, իսկ նոր շենք վարձելու համար հսկայական գումարներ են անհրաժեշտ: Շենքի սեփականատերը հայերին երեք ամիս ժամանակ է տվել` առաջնորդարանն ու եկեղեցական ծառայություններն  իր սեփականությունից այլ վայր տեղափոխելու:  

Մեր աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ սեփականատերը ցանկանում է քանդել իր առանձնատունը,  ժամանակակից պայմաններով նոր շենք կառուցել  եւ այն ավելի թանկ գնով հանձնել վարձակալության, քանի որ առանձնատան հարեւանությամբ  հարուստ առեւտրական գոտի է գոյացել:

Չնայած իբրեւ  Քուեյթի հայկական եկեղեցի ծառայող   շենքը հեռու է հայկական ճարտարապետական կառույց լինելուց  (երկրի օրենքներով առաջնորդվելով` գմբեթ եւ զանգակատուն չունի), բայց   այն 1960-ականներից ծառայում  է իբրեւ համայնքի հոգեւոր կենտրոն, ուր գործում է նաեւ հայկական կիրակնօրյա վարժարանը: 

Քուեյթի ազգային առաջնորդարանը գտնվում  է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ենթակայության ներքո: