image

«Մեր թերթի կարեվորագույն գիծը հայրենասիրությունն է». Անի Եփրեմյան Սարաֆյան

«Մեր թերթի կարեվորագույն գիծը հայրենասիրությունն է». Անի Եփրեմյան Սարաֆյան

Հայ մամուլի գոյությունը Սփյուռքում գրավականն է նաև հայերենի պահպանման, գաղութի համախմբման, միշտ ազգային կյանքի զարկերակի վրա գտնվելուն:  Այս սկզբունքով է ավելի քան 8 տասնամյակ հարատևել նաև Բեյրութի «Արարատ»-ը, պարբերական, որը թեև համարվում է ՍԴՀԿ պաշտոնաթերթ, սակայն գաղափարական գիծը պահպանելով՝ ապահովում է բազմակարծություն, հավաստիացնում է թերթի երակարամյա տնօրեն Անի Եփրեմյանը:

 

«Ես լայնախոհ եմ, ուզում եմ բոլոր տեսակետները դնել թերթում, որովհետև թերթի հարստությունը բազմազանությունն է: Ճիշտ այդ նպատակով անշուշտ ուղեգծի մեջ մնալով՝ փորձում ենք յուրաքանչյուր հոդվածագրի տեսակետը փոխանցել ընթերցողներին: Անաչառությունը պահպանվում է՝ ճերմակին ճերմակ ասելով, սևին էլ սև»,-«Արևելք»-ի հետ զրույցում ասում է Եփրեմյանը:

 

Անդրադառնալով պարբերականի նշանակությանը՝ հավաստիացնում է, որ այն ունեցել է իր կարևոր դերակատարումը համայնքի կյանքում, ավելին, լիբանանահայերն անհամբերությամբ են սպասում յուրաքանչյուր նոր համարի, օրինակ է բերում. «Ամեն մարդու տուն է հասնում թերթը, առավոտյան  ժամը 5-ին արդեն տան առջև է թերթը, և եթե պատահի, որ ուշացավ այդ օրը, հեռախոսը չի դադարում զանգել, ««Արարատ»-ը ո՞ւր է», ««Արարատ»-ը ինչո՞ւ չեկավ» հարցերով, այս մեկն ինձ թե՛ ուրախացնում է, որ թերթը փնտրում են, թե՛ վշտացնում է, որ չի ինչ-ինչ պատճառներով կարող է չհասնել»:

 

Մեկ այլ օրինակ է բերում, որը վկայում է «Արարատ»-ի պահանջված լինելու մասին՝ պատմելով. «Հոդվածագիրներ ունենք աշխարհի չորս կողմերից, վերլուծական հոդվածներ ենք հրատարակում թերթում, որոնք արձագանքներ են ունենում: Թերթը, ի վերջո, վերլուծական մտքեր արտահայտելու լավագույն հարթակներից է:  Այս մեկն ինձ շատ է ուրախացնում, որ թերթի շուրջ հետաքրքություն կա, ընթերցողները փնտրում են թերթը»:

 

Պարբերականի էջերում ընթերցողները գտնում են ազգային, միջազգային, կարևոր զարգացումների մասին հրապարակումներ, անդրադարձեր բոլոր ոլորտներին, իսկ վերջերս նաև՝ հոգևոր կյանքին: «Աշխարհում ընթերցանության տագնապ կա, տեխնիկական զարգացումներին զուգահեռ ընթերցողների թիվը նվազում է: Ես չափից ավելի հավատացյալ եմ եւ մի օր մտածեցի, որ մեր ժողովուրդը հնարավոր է՝ նույնիսկ  «Աստվածաշունչ» էլ չի կարդում: Այդ նպատակով ցանկացա մեր թերթում հոգևոր անկյուն հրապարակել, Աստվածաշնչից տողեր մեջբերել վերլուծություններով ու բացատրություններով»,-կարևորում է խմբագիրը:

 

Որպես կուսակցական մամուլ՝ անդրադառնում են նաև կուսակցության ձեռնարկներին, իսկ դրանք ևս, հավաստիացնում է, քիչ չեն, ու մեծ արձագանք են գտնում ընթերցողների շրջանում, հատուկ ամանորյա թողարկում ունեն, որը ևս պահանջարկ ունի: Այս ամենին հասել են տարիների աշխատանքով, իսկ անցած ճանապարհը խմբագրի համար իսկապես հպարտանալու առիթ է: Ասում է.

«Այստեղ՝ Լիբանանում, մամուլի հիմնադրության օրերից շատ թերթեր են եղել, որոնց կյանքը կարճ է տևել, ուրիշները տասնամյակներ են ապրել, սակայն ուրախ ենք, որ կան թերթեր, որ հատել են 80 տարվա սահմանագիծ, որոնց մեջ իր ուրույն տեղն ունի «Արարատ» օրաթերթը: Մենք անցյալ տարի նշեցինք 80-ամյակը»:

Իսկ թերթի կարևորագույն գիծը հայրենասիրությունն է, միևնույն ժամանակ հյուրընկալ երկրի հանդեպ երախտիքի զգացումով են կատարում իրենց աշխատանքը, որը թեև հաճելի, սակայն լի է խնդիրներով: Տարիների ընթացքում դրանք փոխվում են: Այսօր երկու կարևոր խնդրի առջև է կանգնած թերթը՝ ֆինանսական և հայերենի իմացությամբ աշխատակիցներ ունենալու:

«Հիմնադրության օրից, երբ տպագրվում էր, այդքան մարդկանց հասանելի չէր, ավելի բաժանորդ կար, հիմա բաժանորդները նվազել են, բայց թերթը հասանելի է բոլորին կայքէջի շնորհիվ: Հայ լեզուն նահանջի մեջ է, դժվարություններ կան հայերեն գրողի, հայ խմբագրի, հայ ուսուցչի, մենք միասնաբար երեք օրաթերթերով խորհրդակցում ենք այս մասին, և վերջերս «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանն այստեղ էր, նստեցինք, զրուցեցինք, մեր դժվարությունները փոխանցեցինք, և մեզ Հայաստանից գոնե այս՝ մարդուժի կողմից օգտակար դառնալու որոշ ծրագրեր դրեցինք, թե ինչպես պիտի լինի փոխադարձ գործակցությունը, որ կարողանանք մարդուժն ապահովել»,-ասում է գլխավոր խմբագիրը:

 

Առաջիկայում  հարցը քննարկելու նպատակով Լիբանանում նախատեսում են նաև համագումար անցկացնել, իսկ տնտեսական հարցերը գաղութի յուրաքանչյուր պարբերական կարողանում է հոգալ ոչ միայն մասնավոր միջոցներով, ինչպիսիք են՝ բաժանորդները, բարերարները կամ ծանուցումները, այլև կուսակցության օգնությամբ:  Անկախ միջոցներից, խմբագիրը կարևորում է տպագիր մամուլի գոյությունը, նույնիսկ այսօր՝ էլեկտրոնային դարաշրջանում տպագիր մամուլն իր տեղն ունի:

 

«Երբ որ շոշափում ես թերթը, բռնում ես ձեռքդ, ինքնաբերաբար խորագրերը կարդում ես: Շատ մարդիկ գիտեմ, որ ասում են՝ սուրճը դնում ենք, թերթն առնում ենք ձեռքերս  ու առաջինից մինչև վերջին էջը մեծ գոհունակությամբ կարդում ենք և ամեն ինչից տեղեկանում ենք: Կարծում եմ, որ տպագիր մամուլը դեռ երկար կյանք պիտի ունենա»,-հպարտությամբ է ասում «Արարատ»-ի խմբագիրը:

 

Նա վստահեցնում է, որ անկախ դժվարություններից, գոնե Լիբանանում թերթի գործունեությունը դեռ երկար կշարունակվի: «Մենք մեր բոլոր հնարավորությունները պետք է անենք, որ շարունակենք հարատևել, այս խնդիրը միայն մամուլին չի վերաբերում: Եթե մամուլը փակվի լեզվի պատճառով, շատ բաներ կարող են փակվել, բայց մենք չպետք է այդտեղ հասնենք, յուրաքանչյուրս մեր հերթին պետք է փորձենք առավելագույնս կանգուն պահել»,-նշում է նա: