image

Շնորհիվ հայ երաժշտի՝ «British Airways»-ի օդանավերում Կոմիտաս է հնչում

Շնորհիվ հայ երաժշտի՝ «British Airways»-ի օդանավերում Կոմիտաս է հնչում

1990-ականներին, երբ Հայաստանի առաջ ծառացած էին սոցիալ-տնտեսական եւ քաղաքական լրջագույն խնդիրներ, արտագաղթի մեծ ալիք սկսվեց: Սակայն դրան զուգահեռ եղան մարդիկ, ովքեր, անտեսելով դժվարին պայմանները, որոշեցին հաստատվել հայրենիքում, ապրել ու արարել մայր հողի վրա: Այդ փոքրաթիվ հայորդիներից էր լիբանանահայ Լեւոն Էսկենյանը, որ 1996թ., երբ դեռ 18-ամյա պատանի էր, ժամանեց Հայաստան: Ինչպես «Արեւելք»-ի հետ զրույցում նշում է երաժիշտը, դժվարությունները չխանգարեցին հայրենիքում ամուր հիմքերի վրա կառուցել իր ապագան եւ հետամուտ լինել մեծագույն նպատակի իրագործմանը: Իսկ նպատակը հայկական ավանդական մաքրամաքուր երաժշտության ուսումնասիրությունն էր:

«Երբ նպատակ ունես լեռ մագլցել, հասնել գագաթին, դու չես տեսնում, չես զգում ժամերով մագլցելը, դժվարությունները, որովհետեւ ուզում ես գագաթին հասնել: Ինչքան բարձր է  այդ բարձունքը, որին ձգտում ես, այդքանին էլ պատրաստ ես հոգեպես: Դժվարություններն արդեն առօրյայի, ապրելակերպի մասն են դառնում, եւ դու դրանք դադարում ես դիտարկել որպես դժվարություն: Պետք է հասկանալ՝ ինչի ես ձգտում, եւ ըստ այդմ՝ կարող ես դիմանալ կամ չդիմանալ»,- ասում է Լ. Էսկենյանը:

Հաղթահարելով դժվարությունները եւ փայլուն կրթություն ստանալով հայրենիքում՝ երաժիշտը 2008 թ.-ին հիմնեց «Գյուրջիեւ» համույթը, որի ամենաառանցքային նպատակն է հայկական անաղարտ երաժշտության պահպանումն ու տարածումը՝ հայազգի հանճարեղ մտավորական, կոմպոզիտոր Գ. Գյուրջիեւի եւ Կոմիտասի ստեղծագործությունների       հիման վրա: Համույթի կազմում ընդգրկված են 11 երաժիշտներ, որոնք մեր այսօրվա երաժշտական աշխարհում լավագույններից են համարվում:  «Գյուրջիեւ»-ի համար թիրախ է հանդիսանում հիմնականում օտար լսարանը՝ հայկական երգարվեստը օտարազգի ունկնդրին ճանաչելի դարձնելու նկատառումով:

Համույթի համար բեկումնային էր 2015 թ., երբ աշխարհահռչակ ընկերություններից մեկի՝ գերմանական «ECMrecords»-ի նախաձեռնությամբ լույս տեսավ «Կոմիտաս» ձայնասկավառակը՝ Լևոն Էսկենյանի գործիքավորմամբ: Այն կարճ ժամանակահատվածում լայն ճանաչում գտավ եւ 2015 թ.-ին «Songlines Award»-ի կողմից ընդգրկվեց 10 լավագույն ձայնասկավառակների շարքում: Ձայնասկավառակի մեջ զետեղված ստեղծագործություններն արդեն մեկ տարի է՝ հնչում են «British Airways» բրիտանական ավիաընկերության ինքնաթիռներում:

Ձայնասկավառակի լույս ընծայվելուց կարճ ժամանակ անց, համույթը բազմաթիվ հրավերներ ստացավ աշխարհի տարբեր ծայրերից՝ մասնակցելու միջազգային հեղինակավոր փառատոնների:

Ապրիլի կեսերին «Գյուրջիեւ» համույթը համերգային շրջագայության է մեկնելու եվրոպական 3 երկրներ՝ Ավստրիա, Հունաստան եւ Դանիա՝ ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: Առաջին համերգը կայանալու է ապրիլի 14-ին, Ավստրիայի Կրեմս քաղաքում, որտեղ կատարվելու են Գ. Գյուրջիեւի եւ Կոմիտասի ստեղծագործությունները: Հաջորդ կանգառը լինելու է Հունաստանը, որտեղ խումբը ելույթ է ունենալու «Պառնասոս» համերգասրահում, ապրիլի 19-ին: Աթենքում կայանալիք համերգը, որի ժամանակ հնչելու են բացառապես Կոմիտասի ստեղծագործությունները, նվիրված է լինելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Համույթն Աթենքից վերադառնալու է Ավստրիա՝ Զալցբուրգ քաղաք, որտեղ ապրիլի 22-ին կայանալիք համերգին կրկին հնչելու է Կոմիտաս: Վերջին համերգը կայանալու է ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի օրը, Կոպենհագենում՝ Դանիայում ՀՀ դեսպանության եւ «Global Music»-ի կազմակերպմամբ: Համերգը նվիրված է լինելու դանիացի միսիոներ Մարիա Յակոբսոնի եւ Ցեղասպանության զոհերի հիշատակին:

 

 

«Մարիա Յակոբսոնը Հայոց ցեղասպանության ականատեսներից է եղել: Մեծապես ազդվելով եւ այդ ահասարսուռ դեպքերի ականատեսը լինելով՝ նա իր հետագա կյանքը նվիրել է հայ որբերի խնամքին՝ այդ նպատակով Լիբանանում  հիմնելով «Թռչնոց բույն» մանկատունը: Ես տեսել  եմ այդ մանկատունը...

Այս համերգը ինձ համար առանձնակի նշանակություն ունի, որովհետեւ  դանիացի ժողովուրդին շնորհակալություն հայտնելու առիթ է լինելու»,- հավելում է երաժիշտը:

Նշենք, որ խումբը համերգային ծրագրերով հանդես է եկել 18 երկրներում՝  Լիբանանում, Գերմանիայում, Բրազիլիայում, Արգենտինայում, Իտալիայում, Ռուսաստանում, Շվեյցարիայում, Բելգիայում, Պորտուգալիայում, Հոլանդիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Ավստրալիայում, Հայաստանում եւ այլուր:

Գործում է «Գուրջիև» համույթի՝ gurdjieffensemble.com պաշտոնական կայքը, ինչպես նաեւ՝ Յութուբյան ալիքը:

https://www.youtube.com/watch?v=pk0iPmFsSM8

https://www.youtube.com/watch?v=_mozsDaWzL0

 

Տաթեւիկ Մուրադյան