image

Ըստ Օսկանեանին լուրջ ճանապարահներու հարցով լուրջ այլընտրանք կայ

Ըստ Օսկանեանին լուրջ ճանապարահներու հարցով լուրջ այլընտրանք կայ

ՀՀ արտաքին գործոց նախկին նախարար Վարդան Օսկանեան դիմատետրեան իր էջին անդրադարձած է Փաշինեանի յայտարարութիւններուն, որոնք կը վերաբերին Արցախի կարգավիճակին։

Օսկանեան գրած է․ «Նիկոլ Փաշինեանի երէկուայ ասուլիսից վերջնականապէս պարզ դարձաւ, որ նա Ղարաբաղը յանձնում է Ադրբեջանին։ Պարզ դարձաւ նաեւ, որ 2020-ի պատերազմից յետոյ Հայաստանի ինքնիշխան տարածքից կորսուած հատուածներից բացի՝ «անկլավների» քողի տակ նա յանձնում է լրացուցիչ տարածքներ, որոնք միանշանակ վնասելու են մեր բարեկամ երկու երկրների՝ Իրանի եւ Վրաստանի հետ ռազմավարական հաղորդակցութիւնները, ինչը բնականաբար առաջացնելու է անվտանգային լրջագոյն խնդիրներ։ Կասկած չունեմ՝ շուտով նաեւ կը լսենք, որ Ադրբեջանին տրւում է միջանցք «ոչ միջանցքային տրամանաբնութեամբ»։

Այս բոլորը բացատրւում եւ արդարացւում է պարզունակ հիմնաւորմամբ, թէ Արցախի եւ Հայաստանի շուրջ ստեղծուած իրավիճակում եւ աշխարհաքաղաքական առկայ փոփոխութիւնների պայմաններում պարզապէս այլընտրանք չկայ։

Նախ արձանագրենք, որ Հայաստանում եւ Արցախում ստեղծուած այսօրուայ իրավիճակի հիմնական պատճառը բացառապէս Փաշինեանի սխալ եւ անհեռատես ռազմաքաղաքական ու դիւանագիտական ձախողումներն են։

Երկրորդ՝ աշխարհաքաղաքական այսօրուայ յեղյեղուկ վիճակը մեզ ստիպում է ոչ թէ արագ հասնել մեզ համար բացարձակապէս անընդունելի հանգուցալուծման, այլ ճիշդ հակառակը՝ առաւել լայն հնարաւորութիւններ է ստեղծում հարցի՝ մեզ համար բարենպաստ լուծումների հասնելու համար։

Առանց մտնելու վերլուծութիւնների, պատմական անդրադարձերի եւ այլ քննարկումների մէջ՝ ուզում եմ ամենայն վստահութեամբ եւ պատասխանատւութեամբ ասել, որ լրջագոյն այլընտրանք կայ այն ամէնին, ինչ արւում է այսօր։ Եւ որ շատ կարճ ժամանակում հնարաւոր է կտրուկ փոփոխութիւն մտցնել այս հարցում հետաքրքրութիւն ցուցաբերող եւ միջնորդական առաքելութիւն իրականացնող երկրների տեսակէտներում եւ մօտեցումներում։ Նոյն ժամանակահատուածում հնարաւոր է հասնել մի այնպիսի բանակցային փուլի, որի օրակարգային հարցերի համադրումը հնարաւորութիւն կը ստեղծի հասնել Արցախեան հարցի՝ կողմերի համար ընկալելի լուծման, որը եւ կարող է լինել միակ երաշխիքը այս տարածաշրջանում կայուն եւ երկարատեւ խաղաղութեան։

Միջազգային հանրութիւնը եւ Ադրբեջանը պէտք է գիտակցեն, որ խնդրի փաշինեանական լուծումը խաղաղութիւն չի բերելու երկու ժողովուրդների միջեւ։

Ի հարկէ, այն, ինչ արւում է, անընդունելի է եւ դատապարտելի։ Համոզուած եմ՝ Փաշինեանին չի յաջողուելու հարցին նման լուծում տալ։ Եթէ անգամ նա նման փաստաթուղթ ստորագրի, դա կը լինի ժամանակաւոր շեղում պատմութեան բնականոն ընթացքից»։