Որդիս,
Էլ նորից քեզ ի՞նչ պատմեմ,
Քեզ ի՞նչ պատմեմ որ ապրես
Սրբութիւնը քո խաչի,
Եւ կամ՝ սրտումըդ պահես
Հաւատամքն եռագոյնի։
Այսօր, որպէս քեզ զարթօնք՝
Թող փոխանցեմ կեանքն անխոնջ,
Զոր պահանջում է սաստիկ
Պայքարել մտքին քո զուսպ,
Որ վանդակից փախչիս տուն...
Որդիս,
Ժամանակն է որ պատմեմ,
Վշտաբեկ երկրիդ մասին,
Որ կ'ապրէր սէր օրհներգող
Պատուական մի բուռ հողից...
Այժըմ, շնչում է հազի՜ւ
Համբերատար խոց սրտով,
Որի բաժակը արդէն
Յորդելու է սկսել,
Շնորհիւ՝ քո հասակի
Չափով մեռած մտքերից։
Որդիս,
Ես պատմեմ, դու լա՛ւ լսիր,
Իմացի՛ր, որ պանդուխտ ես,
Պանդուխտ՝ նաեւ քո երկրում,
Երբ դու պաշտես լեզուներ
Օտար շրթերի սիրոյն՝
Քո մայրենի՛դ նոյնիսկ խորթ
Կը թըւի քեզ, երբ հեռուից՝
Դիտես քո հօր Մասիսին,
Ու երգես կեանքըդ հանուր՝
Ուրախ ժպիտովըդ՝ լուռ...
Որդիս, գիտե՞ս,
Որ դու խունկ ես քաղցրահոտ,
Դու խունկն ես հայոց սրտի,
Արարատի խո՜ւնկ յոյսի...
Չե՛մ թողնելու որ հալուես
Նման ձիւներին գերի
Մի դար թուրքի պատրանքից,
Որ չլինես դու արցունք
Օտար կեանքումըդ ոսկի...
Բայց, կը սաստե՛մ, որ հալուես
Յանուն ազգի պայքարիդ,
Հարիւրամեայ Հա՛յ Դատիդ,
Որ բուրես հոտըդ անուշ
Քո մայր երկրում ցանկալի՝
Որ դառնաս մա՛րդ արժանի։
Կայլակ
«Ոսկէ Օրէնքը» գիրքէն