«Ժողովուրդ» օրաթերթը կը գրէ․ «2022 թուականը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն աւարտեց պաշտօնանկութիւններով եւ իրենց պաշտօններին հրաժեշտ տուեցին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսեանն ու ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանեանը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ պաշտօնանկութիւններն այդքանով չեն սահմանափակուելու եւ թիրախում նաեւ ՀՀ առողջապահութեան նախարար Անահիտ Աւանեսեանն է: Սակայն մենք տեղեկացանք, որ այժմ էլ կառավարութեան ղեկավարը դժգոհ է ՀՀ էկոնոմիկայի (տնտեսութեան) նախարար Վահան Քերոբեանի աշխատանքից, որը նաեւ իր յայտարարութիւնների պատճառով յաճախ է զաւեշտալի իրավիճակում յայտնւում: Եւ ահա, մեր տեղեկութիւններով, նա եւս առաջիկայում հնարաւոր է հրաժեշտ տայ իր պաշտօնին, սակայն փոխարինող դեռ չեն կարողանում գտնել:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ էկոնոմիկայի (տնտեսութեան) նախարար Վահան Քերոբեանից ճշդել՝ նա իր աշխատանքից դժգոհութիւն ստացել է, թէ ոչ: Նախարարը սկզբում հետաքրքրուեց` կատակում ենք, թէ ոչ, ապա երբ կրկնեցինք հարցը, նա այդպէս էլ որեւէ պատասխան չտուեց՝ յորդորելով դիմել նախարարութեան լրատուական բաժին»:
Առաւել մանրամասն՝ թերթի այսօրուան թիւին մէջ: