Ստամբուլում կատարվել է Թուրքիայի հայոց պատրիարք Սահակ արք․ Մաշալյանի հոր՝ Հակոբջան Մաշալըի հուղարկավորության արարողությունը։
Տիրահայրը մահացել էր հոկտեմբերի 12-ին, 93 տարեկանում։
Եկեղեցական կարգը կատարվել է Պոլսո Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում, իսկ հանգուցյալի մարմինն ամփոփվել է Մաշալը ընտանիքի ընտանեկան դամբարանում՝ Պոլսի Բալըքլըի հայկական հնագույն գերեզմանատանը։

Ինչպես տեղեկացանք Ստամբուլից՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը եւ Թուրքիայի Կրոնների Տեսուչ, պրոֆեսոր Սաֆի Արփակուշը ցավակցել են հայոց պատրիարքին։ Հուղարկավորության արարողությանը Պոլսո պատրիարքարանի հոգեւորական դասից բացի մասնակցել են նաեւ Թուրքիայի մյուս քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչները, ազգային փոքրամասնությունների կրոնական ներկայացուցիչները, իսկ աշխարհիկ դասից ներկա են եղել Ստամբուլի փոխկուսակալ Մուսթաֆա Քայան եւ Ստամբուլի ավագ քաղաքապետի փոխանորդ Նուրի Ասլանը։
Հանգուցյալի ընտանիքի ցանկությամբ, ծաղկեպսակների փոխարեն նվիրատվություններ են կատարվել եկեղեցիների աղքատախնամ մարմիններին։