image

«Թեման բաց է, առաջարկում եմ ընդդիմութեանը ապահովել անհրաժեշտ 6 ձայնը». Նիկոլ Փաշինեան

«Թեման բաց է, առաջարկում եմ ընդդիմութեանը ապահովել անհրաժեշտ 6 ձայնը». Նիկոլ Փաշինեան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը կրկնած է ընդդիմութեանն ըրած առաջարկը։

«Ես առաջարկում եմ, որ ընդդիմութիւնն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, եւ մենք գնանք նոր Սահմանադրութեան ընդունման հանրաքուէի։

Ասում եմ պաշտօնապէս՝ եթէ ժողովուրդը դէմ քուէարկի հանրաքուէին, դէմ կը քուէարկի նոր Սահմանադրութեանը, ես հրաժարական եմ տալիս հանրաքուէի պաշտօնական արդիւնքների հրապարակումից յետոյ՝ մէկ շաբաթուայ ընթացքում։

Եթէ կողմ է քուէարկում, ընտրութիւններին՝ հերթական կը լինեն, թէ արտահերթ, ես չեմ առաջադրւում վարչապետի թեկնածու»,-ըսած է վարչապետը՝ տարակուսանք յայտնելով, թէ ինչու ընդդիմութիւնը չընդունիր իր առաջարկը։

«Ես բաց եմ պահում։ Այնպէս չէ, այն ժանրը չէ, երբ ինչ-որ մէկն ասաց՝ «ոչ», մենք էլ ասում ենք՝ «թեման փակ է»։ Սա բաց առաջարկ է»։

Փաշինեանը նաեւ անդրադարձած է ընդդիմութեան պնդումներուն, թէ 2026-ի ընտրութիւնները կեղծուած են. «Շատ լաւ, բա սրանից էլ լաւ առի՞թ»։

Ան պատասխանած է ընդդիմութեան յայտարարութիւններուն, թէ իշխանութիւնը բռնապետական է. «Որտե՞ղ էք տեսել, որ բռնապետութիւնը գայ, ընդդիմութեանը ընտրութիւններից մի քանի ամիս յետոյ առաջարկի գնալ հանրաքուէի՝ ըստ էութեան վարչապետի հրաժարականի գնով։ Որտե՞ղ էք այսպիսի բան տեսել։ Էլ չեմ ասում, որ եթէ բռնապետութիւն լինէր, ինչո՞ւ էինք ձեզ դիմում»։

«Չէ՞ք ուզում հեռացնել»,- հարցուցած է Նիկոլ Փաշինեանը՝ աւելցնելով, որ իրենք հրապարակային ծրագիր կ՚առաջարկեն, իսկ ընդդիմութիւնը կ՚առաջնորդուէ «բացառապէս գաղնի պլանով»։

«Ես ասում եմ՝ իմ քաղաքական վստահելիութիւնը դնում եմ այս հարցի մէջ, ընդդիմութիւնը ասում է՝ «չունէք դուք քաղաքական վստահելիութիւն»։ Շատ լաւ։ Բա եթէ չունենք քաղաքական վստահելիութիւն, դա ապացուցելու ամենակարճ ձեւը ո՞րն է։ Ես ասում եմ՝ տալիս եմ ինձ հեռացնելու հնարաւորութիւն, ասում են՝ «երբե՜ք»։ Ասում են «երբե՜ք», ու թողնում, դահլիճից խռովում, գնում»։