Թեւանեան նոր շարժում պիտի ստեղծէ. Նպատակը՝ Փաշինեանի հեռացումն է

Թեւանեան նոր շարժում պիտի ստեղծէ. Նպատակը՝ Փաշինեանի հեռացումն է

Մեր նախաձեռնած շարժումն իր ձեւով ու բովանդակութեամբ վերկուսակցական է: Այս մասին NEWS.am-ի հետ զրոյցին նշած է ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Անդրանիկ Թեւանեան՝ անդրադառնալով մամուլով տարածուած տեղեկութիւններուն, թէ ինքը համախոհներու հետ ժողովրդական շարժում  պիտի ստեղծէ:

Այն հարցին թէ ի՞նչ շարժման մասին է խօսքը, ի՞նչ խնդիրներ դրած է իր առջեւ, Թեւանեան պատասխանած է.-« Ես առիթ ունեցել եմ խօսելու այն մասին, որ մեզ անհրաժեշտ է հանրային լայն կոնսոլիդացիա (միաւորում) եւ հասարակական-քաղաքացիական ժողովրդական շարժում, որպէսզի կարողանանք մեր երկրում քաղաքական փոփոխութիւններ իրականացնել եւ կանխել Արցախի, Հայաստանի գահավիժումը: Նիկոլ Փաշինեանը Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս ու սակարկման առարկայ է դարձրել Հայաստանի տարածքները՝ Ալիեւից 29.800 քառակուսի քիլոմեթր մուրալով: Ալիեւին Փաշինեանի դիրքորոշումը թեւեր է տուել ու նա արդէն ամբողջ Հայաստանն է համարում «Արեւմտեան Ադրբեջան»:

2022թ. հոկտեմբերի 6-ին Փաշինեանը ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում, ինչն էլ հնարաւորութիւն տուեց Ալիեւին փակել Լաչինի միջանցքը: Հիմա արդէն Հայաստանի ճակատագիրն է դրուած զոհասեղանին: Մենք կարծում ենք, որ այս կործանարար ընթացքը կասեցնելու համար պէտք է ժողովրդական մոբիլիզացիայի (շարժում) միջոցով հասնել իշխանափոխութեան:

Մեր նախաձեռնած շարժումն իր ձեւով ու բովանդակութեամբ վերկուսակցական է: Շարժման մէջ ներգրաւուած են հանրութեան տարբեր շերտերի ներկայացուցիչներ՝ քաղաքագէտներ, սոցիոլոգներ (ընկերաբան), յայտնի մտաւորականներ, իրաւաբաններ, բժիշկներ, ուսուցիչներ, տեղեկատուական տեխնոլոգիաների մասնագէտներ, լրագրողներ, բլոգերներ, փոքր ու միջին բիզնեսի (ձեռնարկատիրութիւն) ներկայացուցիչներ, որոնք անտարբեր չեն մեր երկրի շուրջ ու մեր հաշուին տեղի ունեցողի հանդէպ: Մենք գտնում ենք, որ լայն մոբիլիզացիայի անհրաժեշտութիւն կայ եւ ձգտելու ենք նպաստել դրան: Հաւատում ենք մեր նախաձեռնութեան յաջողութեանը, քանզի գիտենք, որ այլընտրանք չունենք, պէտք է պայքարենք սեփական պետութեան մէջ ապրելու համար:

Արցախի ու Հայաստանի անվտանգային համակարգերը շաղկապուած են: Կեղծ ու վտանգաւոր է այն թէզը, թէ, իբր, Արցախը յանձնելու գնով կարելի է փրկել Հայաստանը: Դա առնուազն մոլորութիւն է, իսկ իրականում՝ պետական յանցագործութիւն: Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս՝ Փաշինեանն իրեն դրել է հակապետական ու հակասահմանադրական դաշտում: Մեր խնդիրն է խաղաղ ու հնարաւորինս շուտ նրան վարչապետի պաշտօնից հեռացնելը:»

Իսկ թէ ե՞րբ պիտի հանրայնացուի շարժման գործունէութեան մասին, Թեւանեան ըսած է.-«Ահագին տնային աշխատանք ենք կատարել: Շփուել ենք տարբեր շերտերի հետ: Մօտ օրերս արդէն հանրութեանը կը ներկայացնենք շարժման նախաձեռնող խմբին, շարժման հռչակագիրը, որի մէջ կը ներկայացուի նաեւ ճանապարհային քարտէզը, թէ ինչպէս ենք տեսնում քաղաքական փոփոխութիւնների սխեման (նախագիծ) եւ ինչպէս ենք պատկերացնում հետագայ զարգացումները: Մէկ բան յստակ է՝ իւրաքանչիւր քաղաքացի պէտք է հասկանայ, որ իրենից ու միայն իրենից է կախուած մեր երկրի փրկութիւնը: Եկել է անհատական պատասխանատւութեան ժամանակը: Մենք մեր որոշումը կայացրել ենք ու գնալու ենք այդ որոշումը կեանքի կոչելու ուղղութեամբ: Այլ տարբերակ չկայ:»